Նորություններ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ձերբակալելու որոշում է կայացվել

07.04.2015

Ձերբակալման որոշում է կայացվել «Հիմնադիր խորհրդարանի» և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգազսյանի և Արամ Հակոբյանի նկատմամբ։ Նրանք կասկածվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության մեջ։

Ապրիլի 7–ի վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը և ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացրել «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակներում և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամների բնակարաններում, առգրավել են համակարգիչներ, թռուցիկներ, բերման ենթարկել շարժման առաջնորդներին և ակտիվիստներին։

Խուզարկություն է կատարվել «Հիմնադիր խորհրդարանի»՝ Երևանի Սայաթ–Նովա փողոցում գտնվող գրասենյակում, 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանի, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի, ՀԽ անդամ Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի, ՀԽ Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանի, Վանաձորի գրասենյակի պատասխանատու Հովհաննես Ղազարյանի բնակարաններում, վերջիններս բերման են ենթարկվել բացատրություններ տալու համար։ Բերման է ենթարկվել նաև «Լիբանանի հայկական վերածննդի» ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը։ Այս մասին հայտնում է «Հիմնադիր խորհրդարանը»։

Բերման ենթարկված Կարո Եղնուկյանին ազատ են արձակել, իսկ Հովհաննես Ղազարյանին Վանաձորից տեղափոխում են Երևան որպես վկա հարցաքննելու համար։ Այս մասին հայտնում է «Հիմնադիր խորհրդարանը»։

ՀՀ քննչական կոմիտեն առավոտյան հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության կասկածանքով (Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մաս) այսօր ձերբակալվել է 4 անձ՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Ժիրայր Սեֆիլյանը, փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, ազատամարտիկ Պավել Մանուկյանը և ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանը։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է նաև, որ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում է անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը՝ առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, այդ թվում՝ մի շարք վայրերում այս պահին կատարվում են խուզարկություններ։

Աղբյուրը՝ www.hra.am