Նորություններ

Դիտորդական խումբն այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին

22.04.2015

2015թ. ապրիլի 14–ին, 16–ին և 21-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը (Դիտորդական խումբ) այցելություններ է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), որի ժամանակ Դիտորդական խմբի անդամները և փորձագետը հանդիպել են նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի հետ։ 

Արձանագրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկվածների պահման անբավարար պայմանները և ՔԿՀ-ի սահմանափակ հնարավորությունները (ներկայումս ՔԿՀ-ն գերբնակեցված է)՝ Դիտորդական խումբը կարևորում է և դրական է գնահատում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից կիրառված ջանքերը, որոնք արվում են Խմբի կողմից բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին Դիտորդական խմբի անդամները իրազեկվեցին Գ.Սաֆարյանի և ՔԿՀ ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ:

Մասնավորապես ապրիլի 14-ին՝ այցելության պահին 68 խցում, որտեղ պահվում էր Գ. Սաֆարյանը, առկա էր 8 մահճակալ և 1 բազմոց, իսկ խցում պահվում էր 15 անձ, այլ ոչ թե 27 անձ, որի մասին, ըստ մամուլում տեղ գտած նյութերի, հայտնել էր փաստաբաններից մեկը:

2015 թվականի ապրիլի 14-ին կատարած այցելության ընթացքում Դիտորդական խումբը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը հայտնել է իր մտահոգությունը Գ.Սաֆարյանի հնարավոր խնդիրների մասին` մասնավորապես խցակիցների հետ համատեղելիության հետ կապված:

Դիտորդական խումբը գտնում է, որ Գ.Սաֆարյանի պահման, մասնավորապես այլ կալանավորների հետ համատեղելիության վերաբերյալ խնդիրների լուծման ուղղությամբ գործադրված ջանքերը կլինեն արդյունավետ, եթե կկանխարգելվեն նրա նկատմամբ բոլոր հնարավոր ֆիզիկական և հոգեբանական ճնշումները՝ այլ ազատազրկված անձանց կողմից կիրառվող։ Այդ ճնշումները հատկապես կարող են պայմանավորված լինել նրա հասարակական և քաղաքական գործունեության և այդ անձանց դժգոհությունների հետ:

2015 թվականի ապրիլի 21-ին կատարված այցելության պահին Գ.Սաֆարյանը գտնվում էր հացադուլավորների խցում, քանի որ վերջինս 2015 թվականի ապրիլի 16-ից հայտարարել էր հացադուլ` իր դեմ հարուցված քրեական գործի հետ չհամաձայնվելու պատճառով։ Գ.Սաֆարյանը չնշեց, թե որքան ժամանակ է ցանականում մնալ հացադուլի մեջ: 

Հացադուլավորների խցում նա գտնվում էր 5 այլ կալանովորների հետ (խցում առկա էր 6 մահճակալ): Նա որևէ բողոք չներկայացրեց խցային պայմաններից: 

Այցելության ընթացքում Դիտորդական խմբի անդամները զրուցեցին նաև այլ հացադուլավորների հետ, որոնք գտնվում էին նույն խցում: Հիմնականում, բոլոր հացադալավորերի խնդիրները վերաբերվում էին իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերին:

Դիտորդական խումբը հետամուտ է քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը։

Դիտորդական խումբ

Աղբյուրը՝ www.hra.am