Նորություններ

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ–ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին

30.04.2015

ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը» կառավարության անդամների կողմից հավանության է արժանացել:

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրության և Կառավարության 2014թ. մայիսի 19-ի թիվ 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի պահանջներից: Հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է ստեղծել արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայություն:

Պրոբացիան ենթադրում է օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարում հասարակությունում։ Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն»:

Պրոբացիայի ծառայության ստեղծման հիմնական նպատակներից է կրկնահանցագործության կրճատումը և հասարակության անվտանգության ապահովումը՝ հանցագործություն կատարած անձի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոցով նրանց վերահսկելու (ներառյալ՝ հարկ եղած դեպքում հսկելու, վերասոցիալականացմանն ուղղված ծրագրեր մշակելու և իրականացնելու միջոցով), ուղղորդելու ու աջակցելու և նրանց բարեհաջող սոցիալական ներգրավումը խթանելու նպատակով:

Պրոբացիայի ծառայության հիմնական խնդիրներն են.

ա. կատարել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցները ու պատիժները,

բ. նպաստել քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը,

գ. նպաստել առավել տեղեկացված և անաչառ որոշումների կայացմանը խափանման միջոցի ընտրության և պատժի նշանակման գործընթացներում,

դ. նպաստել առավել տեղեկացված և անաչառ որոշումների կայացմանը դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման ներկայացման գործընթացներում,

ե. նպաստել հանցանք կատարած անձի ուղղմանը հասարակությունում,

զ. նպաստել սոցիալական արդարության վերականգնմանը,

է. հանցանք կատարած անձի վերասոցիալականացումը,

ը. հասարակության անվտանգության ապահովումը՝ հանցանք կատարած անձի կողմից նոր հանցագործությունների կատարման հավանականությունը նվազեցնելու միջոցով:

Չնայած լիազորությունների այդ տարբեր շրջանակներին, ներկայումս աշխարհի գրեթե բոլոր երկրներում պրոբացիայի ծառայության գործառույթներն իրականացվում են հետևյալ չորս փուլերով.

  1. ա. մինչդատական,
  2. բ. դատական,
  3. գ. պենիտենցիար,
  4. դ. հետպենիտենցիար:

Հայեցակարգով նախատեսված է, որ սկզբնական փուլում պրոբացիայի ծառայությունը կիրականացնի հետևյալ գործառույթները՝

ա) մինչդատական փուլում դատարանի կողմից նշանակված խափանման միջոցների իրականացում (նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունման դեպքում),

բ) դատական փուլում կիրականացնի մեդիացիա (նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունման դեպքում),

գ) ազատությունից զրկելու հետ չկապված պատժների՝ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու և հանրային աշխատանքների կատարում,

դ) պենիտենցիար և հետպենիտենցիար փուլերում՝ դատարանի կողմից պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողություն՝ համապատասխան վերաինտեգրման ծրագրերի իրականացմամբ, ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձի սոցիալական, հոգեբանական և իրավական օժանդակություն և աջակցություն, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի վարքագծի և ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան անձի վրա դրված որոշակի պարտականությունների կատարման նկատմամբ, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վարքագծի և դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համապատասխան անձի վրա դրված որոշակի պարտականությունների կատարման նկատմամբ բացառապես վերահսկողության իրականացում, և սոցիալական, հոգեբանական և իրավական օժանդակություն և աջակցություն, ինչպես նաև դաստիարակչական բնույթի և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում,

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող իրավական և դատական բարեփոխումների շրջանակներում նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը ևս հանգեցնում է պրոբացիայի ծառայության ստեղծման անհրաժեշտության: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախանշված մի շարք փոփոխությունների արդյունավետ իրականացումը մեծապես պայմանավորված է այս ծառայության ստեղծմամբ (մասնավորապես՝ նոր այլընտրանքային խափանման միջոցների ներմուծումը): Միևնույն ժամանակ ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգի նախագիծը նախատեսում է ընդլայնել այլընտրանքային պատիժների շրջանակը (տնային կալանք, հանրային իրավունքների սահմանափակում և այլն), որոնց կիրառումը ևս կարող է պրոբացիոն ծառայության գործառույթ հանդիսանալ:

Պրոբացիայի ծառայության ստեղծումը պետության և հասարակության համար շահավետ են նաև ֆինանսական տեսանկյունից:

Ներկայում ազատությունից զրկված անձանցից ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարած կամ դրա կատարման մեջ մեղադրվող` թվով մոտ 879 անձանց գրեթե երկու երրորդը` 586-ը, պոտենցիալ հնարավորություն ունեն լինելու պրոբացիայի ծառայության շահառու: Իսկ այս թվին եթե ավելացվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների կատարելագործման արդյունքում ազատազրկման դատապարտված անձանց հնարավոր «հոսքը» դեպի պրոբացիայի ծառայություն, ապա կարելի է նշել, որ այդ անձանց ընդհանուր թվաքանակը էականորեն կավելանա՝ մոտավորապես կկազմի 1200 - 1300 անձ:

Այս պարագայում, եթե համեմատենք մեկ անձի քրեակատարողական հիմնարկում պահվելու` օրինակ, 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսը (ընդհանուր՝ տարեկան՝ 1 786 100 դր. կամ օրական՝ 4893 դր.) պրոբացիայի ծառայության «վերահսկողության» ներքո գտնվող անձի վրա կատարվելիք ծախսի (տարեկան՝ 122 300 կամ օրական՝ 335 դր.) հետ, ապա տարբերությունը կկազմի տարեկան` 1300 * (1 786 100 – 122 300) = մոտ 2.162.940.000 դրամ (իսկ քրեակատարողական հիմնարկում պահվող մեկ անձի միայն սննդի, հագուստի և կենցաղի կազմակերպման համար կատարվելիք ոչ ընդհանուր ծախսը` տարեկան 307.300 կամ օրական մոտ 842 դրամի դեպքում` 1300 * (307.300 – 122.300) = մոտ 240.500.000 դրամ):

Հայեցակարգը բազմաթիվ անգամ քննարկվել էր շահագրգիռ պետական մարմինների հետ, ներկայացված առաջարկությունների գերակշիռ մասն ընդունվել էր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Աղբյուրը՝ www.hra.am