Նորություններ

Դիտորդական խմբի միջնորդությամբ հետաձգվեց դատապարտյալի պատժի կրումը

05.05.2015

2015թ. մայիսի 4-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի (Դիտորդական խմբի) միջնորդությունը` «Նուբարաշեն» ՔԿՀ դատապատյալ Տ.Գ.-ի նկատմամբ նշանակված պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ:

Տ.Գ.–ն 2013թ.–ի հունիսի 1-ին ավտոճանապարհային պատահարի արդյունքում անզգուշությամբ մահ է պատճառել երկու անձանց, իսկ ինքը և ևս մեկը մարմնական ծանր վնասվածքներ են ստացել։ Դատարանի վճռով 2014թ.–ին Տ.Գ.–ն դատապարվել է 6 տարվա ազատազրկման և պատիժը սկսել է կրել «Նուբարաշեն» ՔԿՀ–ի բաց ուղղիչ հիմնարկում։

Ավտովթարի հետևանքով Տ.Գ.–ն ստացել է բազմաթիվ վնասվածքներ, ունի հենաշարժողական խնդիր և չի կարողանում ինքնուրույն տեղափոխվել։ Նա մի քանի անգամ ստացել է ստացիոնար բուժում և ենթարկվել բարդ վիրահատական միջամտությունների, նրա բուժումը շարունակվում է մինչ օրս։

Հարկ է նշել, որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը օրենքի սահմաններում առավելագույնս աջակցել է դատապարտյալի բուժմանը՝ տրամադրելով կարճատև մեկնումներ։ Սակայն հաշվի առնելով Տ.Գ.–ի առողջական ծանր վիճակը, քրեակատարողական հիմնարկի ոչ հարմարեցված պայմանները և օրենքով տրամադրվող արձակուրդների սահմանափակ լինելը, Դիտորդական խումբը 2015թ. հունվարին դիմել է դատարան՝ միջնորդելով հետաձգել Տ.Գ.–ին նշանակված պատժի կատարումը մինչև նրա առողջանալը, ինչը բավարարվել է դատարանի կողմից։

Դատարանն արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ Տ.Գ.–ի մոտ առկա են այնպիսի ծանր հիվանդություններ որոնք նախատեսված չեն ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ սահմանված պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկով, սակայն վերջինս տառապում է այնպիսի ծանր հիվանդություններով, որոնք խոչընդոտում են նրա նկատմամբ նշանակված պատիժը կրելուն:

Հավելենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն իր «Արդարադատության դիմանկար» հաղորդաշարում անդրադարձել էր Տ.Գ.–ի գործին՝ վեր հանելով նաև ազատազրկումը որպես պատիժ կիրառելիս անհատական մոտեցման բացակայության խնդիրը ՀՀ օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում։

 

Աղբյուրը՝ www.hra.am