Նորություններ

«Եվրոպայի օրը հնարավորություն է՝ տեսնելու ԵՄ աջակցությամբ կատարված հսկայական աշխատանքը». Ա.Կիրակոսյան (լուսանկարներ)

25.05.2015

Եվրոպայի միության կողմից կազմակերպվող և արդեն ավանդական դարձած՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները ամփոփվեցին մայիսի 24-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված տեղեկատվական ցուցահանդեսով։ 26 տաղավարում ներկայացված էին ԵՄ աջակցությամբ իրականացված տարաբնույթ ծրագրեր։

Տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցում էր նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ–ն՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող «Վստահության կամուրջի կառուցում Հարավային Կովկասում» ծրագրով և ամիսներ առաջ ավարտված՝ «Խոշտանգումների և կորզված խոստովանական ցուցմունքի բացառումը՝ որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրով։ 

ՔՀԻ–ն ներկայացնում էր նշված ծրագրի շրջանակներում ստեղծված «Անցնենք բաժին» վիկտորինան, որի մասնակիցները պատասխանում են հատուկ մշակված տեստի 12 հարցերին և ստուգում, թե որքանով են իրազեկված իրենց իրավունքներին ոստիկանության հետ առնչվելիս։

«Խաղի նպատակն է ստուգել մարդկանց գիտելիքներն իրենց իրավունքների մասին։ Միևնույն ժամանակ, այն ունի նաև ուսուցողական նպատակ։ Այսինքն՝ հարցին պատասխանելուց հետո մատչելի լեզվով բացատրվում է տվյալ իրավունքը, իրազեկող գրքույկներ են բաժանվում։ Վիկտորինան մարդկանց մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց, տարբեր մասնագիտության և տարիքի մոտ 50 մարդ մասնակցեց։ Մեր տաղավարի մոտ մեծ հերթ էր գոյացել։ Հետաքրքիր է, որ նաև ոստիկաններ կային, որ ցանկություն հայտնեցին մասնակցել»,– մեզ հետ զրույցում նշեց ՔՀԻ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը։

Վիկտորինայի մասնակիցներից 18–ը, ճիշտ պատասխանելով առաջադրված 12 հարցից առնվազն 11-ին, շահեց մրցանակ շապիկներ, իսկ մյուսները ստացան խրախուսական նվերներ։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը կարևորում է նմանատիպ միջոցառումները և Եվրամիության աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։

«Եվրոպայի օրը հնարավորություն է տալիս տեսնելու այն հսկայական աշխատանքը, որ կատարվում է ԵՄ աջակցության շնորհիվ Հայաստանում։ Մենք նախընտրել ենք հենց այս ֆորմատով ներկայանալ, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու խնդիր կա։ Պաշտպանված լինելու համար յուրաքանչյուր ոք պիտի իմանա իր նվազագույն իրավունքները ոստիկանության հետ առնչվելիս»,– նշեց Կիրակոսյանը։

Ի դեպ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ստեղծել է նաև «Անցնենք բաժին» խաղի բջջային հավելվածը անդրոիդ համակարգով հեռախոսների համար և խաղի անգլերեն տարբերակը, որոնք կարելի է անվճար ներբեռնել PlayStore-ից։ Խաղը բաղկացած է թեստային 12 հարցից՝ պատասխանի երեք տարբերակով, որոնցից յուրաքանչյուրին պատասխանելուց հետո կա կարճ մեկանաբանություն, իսկ արդյունքները կարելի է տարածել տարբեր սոցիալական ցանցերում՝ այդպիսով իրազեկելով նաև ուրիշներին։

Հավելենք, որ Հայաստանում Եվրոպայի օրը նշվում է 2010 թվականից և այս միջոցառման նպատակն է տեղեկացնել Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի և նախաձեռնությունների մասին։

Photos by  www.csi.am

Աղբյուրը՝ www.hra.am