Նորություններ

Մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը

02.06.2015

Photo my www.moj.am

Հունիսի 2-ին մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որի նպատակն է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բարձրացնել բուժօգնության որակը։ Ծրագիրն իրականացվելու է Եվրոպայի Խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ։

ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ծրագրի բացման միջոցառման ժամանակ նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների որակի բարձրացման խնդիրը նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների թիրախում է։

«Առողջության պահպանման իրավունքը ֆունդամենտալ իրավունք է, և մարդը, լինելով թե՛ ազատության, թե՛ անազատության մեջ, պետք է ստանա որակյալ բուժօգնություն: Վերջին մեկ տարվա ընթացքում այս ուղղությամբ բավական աշխատանք է տարվել, սակայն դեռ կան խնդիրներ, որոնք այս ծրագրի օգնությամբ կկարողանանք լուծել»,– news.am -ի փոխանցմամբ, ասել է նա:

Նախարարի խոսքով` ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՔԿՀ-ների բուժմասերի անձնակազմի վերապատրաստում, բուժմասերի զինում անհրաժեշտ նյութատեխնիկական պարագաներով։

Նա նշել է նաև, որ ցածր վարձատրության պատճառով ՔԿՀ-ների բուժմասերում մասնագետների ներգրավման խնդիր կա։ Հովհաննես Մանուկյանը խնդրի լուծման երկու ճանապարհ է տեսնում. «Կա՛մ բարձրացնել աշխատավարձերը, ինչը հակասական իրավիճակների կարող է հանգեցնել, քանի որ նույն ՔԿՀ-ում աշխատավարձերի դիսբալանսը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, կա՛մ պետք է բուժծառայության մատուցման ձևը վերանայել. ՔԿՀ-ներ ընդունել քաղաքացիական բժիշկներ, որոնք չեն լինի համակարգի ծառայող և կաշխատեն այլ հիմունքներով»:

Սկզբնաղբյուր՝ news.am

Աղբյուրը՝ www.hra.am