Նորություններ

Կմշակվի նոր Քրեական օրենսգիրք. կառավարությունը հավանություն է տվել հայեցակարգին

04.06.2015

Հայաստանի կառավարությունը հունիսի 4-ի նիստում հավանություն է տվել նոր Քրեական օրենսգրքի հայեցակարգին, որի հիման վրա նոր օրենսգիրք կմշակվի:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ներկայացնելով խնդիրը, քննադատել է գործող Քրեական օրենսգիրքը, որտեղ առկա են բազմաթիվ հակասություններ։ Կատարված 100-ից ավելի փոփոխություններն ու լրացումները ոչ թե շտկել են իրավիճակը, այլ ավելի վատթարացրել։

Նախարարի խոսքերով՝ նոր Քրեական օրենսգրքի ընդունմամբ կբարձրանա մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության մակարդակը, կկիրառվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով սահմանված՝ մարդու իրավունքների չափանիշները, կբացառվեն հանցագործությունների որակման կանոնների սահմանման և հանցակազմերի հստակ ձևակերպման միջոցով քրեաիրավական նորմերի սխալ կիրառումը, դատական սխալները, կբարձրանա պատժի նշանակման կանոնների սահմանմամբ` պատժի արդյունավետության մակարդակը:

«Միաժամանակ, այլընտրանքային պատժատեսակների ցանկի ընդլայնմամբ` ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների նշանակման ծավալներն էականորեն կնվազեն, կկատարելագործվեն քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու ինստիտուտները, կստեղծվեն հանցանք կատարած անձի ուղղման և վերասոցիալականացման նպատակի իրագործման արդյունավետության նախադրյալներ»,– panorama.am-ի փոխանցմամբ, ասել է Հովհաննես Մանուկյանը։

Աղբյուրը՝ www.hra.am