Նորություններ

Երևանում և Վանաձորում մեկնարկեց պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագիրը

17.06.2015

Photo by moj.am

Հունիսի 17-ին կայացած պաշտոնական միջոցառմամբ մեկնարկեց պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագիրը Երևանում և Վանաձորում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։

Ծառայությունը գործելու է ՀՀ արդարադարտության նախարարության Քրեակատարողական ծառայության Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների հենքի վրա։ Քրեակատարողական ծառայության 20 աշխատակից արդեն անցել է համապատասխան վերապատրաստում Եվրոպայի խորհրդի և Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում։

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր խոսքում նշել է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավախախտում կատարած անձի ազատազրկումը ոչ բոլոր դեպքերում է ծառայում արդարության վերականգնմանը, անձի ուղղմանը և կրկնահանցագործության կանխարգելմանը:

«Վերականգնողական արդարադատության գաղափարախոսության համաձայն՝ շատ դեպքերում պատժի նպատակներին կարելի է հասնել անձին չզրկելով ազատությունից, այլ նրա նկատմամբ նշանակված պատիժը կիրառել հասարակությունում՝ սահմանելով հսկողություն և իրականացնելով սոցիալական ու վերականգնողական ծրագրեր»,- ասել է նախարարը:

Միջոցառման ժամանակ ցուցադրվել է Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության կողմից պատրաստված և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ջանքերով հայերեն թարգմանված սոցիալական հոլովակը, որը լավագույն կերպով ցույց է տալիս ազատազրկման բացասական հետևանքները իրավախախտ անձի կյանքի վրա՝ շեշտադրելով այլընտրանքային պատժատեսակների կիրառման կարևորությունը։

Կառավարությունը վերջերս հավանություն է տվել պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգին, որի հիման վրա պետք է ստեղծվի ոլորտի օրենսդրական բազան։ Այս առումով արդարադատության նախարարը կարևորել է պրոբացիայի պիլոտային ծրագիրը, որը հնարավորություն կտա ոչ միայն աշխատակիցներին ադապտացնել նոր ծառայությանը, այլև՝ փորձաշրջանի ընթացքում արձանագրել առաջ եկած խնդիրները և դրանք հաշվի առնել օրենսդրությունը մշակելիս։

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ պիլոտային ծրագիրը ներառելու է պրոբացիայի ծառայության բոլոր չորս փուլերը՝ մինչդատական, դատական, պենիտենցիար և հետպենիտենցիար, որտեղ աշխատանքի ամենամեծ ծավալը բաժին է ընկնում պենիտենցիար փուլին:

Պրոբացիայի ծառայության պիլոտային փուլում կիրառվելու են էլեկտրոնային հսկողության միջոցներ և գործարկվելու է էլեկտրոնային մոնիթորինգի համակարգը:

Պրոբացիոն ծառայողների վերապատարստումները, ըստ նախարարության ներկայացուցիչների, լինելու են շարունակական, հատկապես սոցիալ–հոգեբանական աշխատանքներ իրականացնողների մասնագիտական հմտությունները զարգացնելու ուղղությամբ։

Նախատեսվում է, որ ՀՀ–ում պրոբացիոն ծառայությունը կգործարկվի 2016թ. հունվարից։

Աղբյուրը՝ www.hra.am