Նորություններ

ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ հավաքը դադարեցնելիս լրագրողների դեմ կիրառած բռնությունների փաստերով

03.07.2015

Հատուկ քննրական ծառայության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել հունիսի 23-ի վաղ առավոտյան Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ցույցը, ապա նստացույցը դադարեցնելու արդյունքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ կիրառված բռնությունների փաստերով:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով`բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

«Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված հաղորդումների, նյութերի և տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ցույցը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով 2015 թվականի հունիսի 23-ին իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաև հետագա օրերին, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ցույցի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ գործադրել են բռնություն, պատճառել մարմնական վնասվածքներ, վնասել կամ ոչնչացրել վերջիններիս տեսաձայնագրող սարքերը, որով խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը` անձանց, կազմակերպությունների իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս»,- գրված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ www.hra.am