Նորություններ

«Բրիտանական հորիզոնները» աջակցում է ՀՀ-ում քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին

29.11.2015

Նոյեմբերի 23-ից 27-ը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) հրավերով Երևան այցելեց բրիտանացի փորձագետ Ֆիլիպ Թեյլորը, ով ավելի քան 35 տարի աշխատել է Մեծ Բրիտանիայի քրեակատարողական համակարգում և բանտերի կառավարման փորձագետ է: Փորձագիտական այցը ՔՀԻ-ն կազմակերպել էր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ՝ «Բրիտանական հորիզոններ» նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով աջակցել ՀՀ-ում բանտային բարեփոխումներին օրենսդրական և իրավակիրառ մակարդակում:

Այցի շրջանակներում պարոն Թեյլորը հանդիպեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) Քրեակատարողական վարչության (ՔԿՎ) տարբեր բաժինների աշխատակիցների, ինչպես նաև՝ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քրեակատարողական վարչությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ փորձագետը ներկայացրեց բանտերի կառավարման, բյուջետավորման, սննդի կազմակերպման, որոշ ծառայությունների պատվիրակման և բուժսպասարկման ապահովման ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձը, ինչպես նաև առկա խնդիրները: ՔԿՎ աշխատակիցները ներկայացրեցին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ներկայիս վիճակը և նախաձեռնված բարեփոխումները:

Տեղում իրավիճակին ծանոթանալու համար փորձագետ Թեյլորն այցելեց «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներ, ծանոթացավ շենքային և խցային պայմաններին, դիտարկեց սննդի պատրաստման և բաժանման գործընթացը, եղավ բժշկական մասում, ինչպես նաև տեղեկացավ ՔԿՀ-ների կառավարման եղանակին, պարտականությունների բաշխման և ծանրաբեռնվածության մասին, ինչպես նաև ստացավ սպառիչ պատասխաններ իրեն հուզող բոլոր հարցերին:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեց տարբեր երկրներում հասարակական վերահսկողություն իրականացնելու փորձը և մեխանիզմները: Բացի այդ, հանդիպման մասնակիցները խոսեցին ՀՀ քրեակատարողական համակարգում առկա խնդիրների մասին:

Այցի շրջանակներում փորձագետը հանդես եկավ «Մարդու իրավունքների գործոնն ազատազրկման վայրերում» թեմայով բաց դասախոսությամբ, որը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասախոսությանը ներկա էին ուսանողներ և ոլորտում աշխատող ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նրանք հնարավորություն ունեցան բազմաթիվ հարցերի միջոցով տեղեկանալ բրիտանական համակարգի առանձնահատկությունների մասին:

Պարոն Թեյլորը նաև հարցազրույց տվեց Բուն TV-ին՝ խոսելով Մեծ Բրիտանիայի բանտային համակարգում իրականացված բարեփոխումների և արձանագրված հաջողությունների մասին:

Նոյեմբերի 27-ին ՔՀԻ-ն, Երևանում Բրիտանիայի դեսպանատան և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության (Penal Reform International) աջակցությամբ կազմակերպեց «ՔԿՀ-ներում պատիժ կրող դատապարտյալների մեկուսացվածության աստիճանի փոփոխությունը և դրա ազդեցությունը պայմանական վաղաժամկետ ազատման վրա» թեմայով կլոր սեղան քննարկում:

Պարոն Թեյլորը ներկայացրեց դատապարտյալների՝ ըստ մեկուսացվածության աստիճանի դասակարգման և նրանց ազատման նախապատրաստման հետ կապված աշխատանքներ իրականացնելու բրիտանական փորձը: Փորձագետն ընդգծեց, որ ՔԿՀ-ի վարչակազմը, ազատազրկման ձևով պատիժը կատարելիս, ունի երկու հիմնական նպատակ՝ հիմնարկում դատապարտյալի կարգապահության և ներքին կանոնակարգի համաձայն վարքագծի ապահովում և հասարակության անվտանգության ապահովում: Նա նշեց, որ հասարակության անվտանգությունն ապահովելու համար ՔԿՀ-ի վարչակազմը պետք է գործուն քայլեր ձեռնարկի դատապարտյալի ուղղմանը և հասարակությունում վերաինտեգրմանը նպաստելու համար, որպեսզի նվազեցվի կրկնահանցագործության ռիսկը:

Այցի վերջին օրը պարոն Թեյլորը և ՔՀԻ տնօրեն Արման Դանիելյանը հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ: Թեյլորը ներկայացրեց իր դիտարկումները և նախնական առաջարկությունները ՀՀ քրեակատարողական համակարգի աշխատանքի, այդ թվում՝ համակարգի կառավարման, սննդի կազմակերպման, բուժսպասարկման և հիմնարկների գերբեռնվածության վերաբերյալ: Բացի այդ, փորձագետը պետք է մշակի զեկույց և ոլորտը բարեփոխելուն ուղղված ավելի մանրամասն առաջարկություններ, որոնք կտրամադրվեն շահագրգիռ մարմիններին:

«Փորձագետի այցը շատ արդիական է՝ հաշվի առնելով Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնված բարեփոխումները, մասնավորապես Քրեակատարողական նոր օրենսգրքի մշակումը: Այլ երկրների հաջողված և, ինչու ոչ, ձախողված փորձի մասին իմանալը կօգնի համապատասխան մարմիններին քայլեր ձեռնարկել՝ ապահովելու ՀՀ ՔԿՀ-ների համապատասխանությունը միջազգային չափանիշների: Մենք ակնկալում ենք, որ փորձագետը հանդես կգա լուրջ առաջարկություններով, թե ինչպես ՀՀ ՔԿՀ-ներում իրավիճակը բարեփոխել, որպեսզի համապատասխանեն մարդու իրավունքների պահանջներին»,- նշեց ՔՀԻ տնօրեն Արման Դանիելյանը:

Բաց դասախոսություն Հայաստանի ամերիկյան համալսարում

Հանդիպում ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունում

«ՔԿՀ-ներում պատիժ կրող դատապարտյալների մեկուսացվածության աստիճանի փոփոխությունը և դրա ազդեցությունը պայմանական վաղաժամկետ ազատման վրա» թեմայով կլոր սեղան քննարկում

Աղբյուրը՝ www.hra.am