Նորություններ

Ինչպես ներդնել և վարել փոքր բիզնես. դասընթաց պրոբացիոն ծառայության շահառուների համար

22.12.2015

Դեկտեմբերի 22-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ հետ համագործակցությամբ այլընտրանքային պատիժ կրող 17 կին դատապարտյալի համար կազմակերպեց կեսօրյա դասընթաց փոքր բիզնեսի ներդրման և վարման առանձնահատկությունների վերաբերյալ:

Այն կազմակերպվեց Պրոբացիոն ծառայության պիլոտային գրասենյակների գործարկման շրջանակներում և նպատակ ուներ նպաստել ծառայության շահառուների վերասոցիալականացմանը՝ իրազեկելով զբաղվածության հնարավոր տարբերակների մասին:

Դասընթացը վարեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը, ով ոչ միայն հանդիսանում է Հայաստանում հաջողված բիզնես գաղափարների հիմնադիր, այլև զբաղվում է փոքր և միջին ձեռնարկատերերի շահերի պաշտպանությամբ և աջակցությամբ: Ավագյանը ներկայացրեց փոքր բիզնես հիմնելու փուլերը՝ սկսած մրցունակ բիզնես գաղափար ձևավորելուց, բիզնեսի համար ֆինանսավորում գտնելուց մինչև գործող հարկային դաշտում առկա խթանման ծրագրեր, ընտանեկան բիզնես, անհատ ձեռնարկատեր կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցելու գործընթացը, առավելություններն ու տարբերությունները:

Դասընթացն իրականացվեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից «Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform International) կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Այլընտրանքային պատիժների կիրառման խթանում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից: 

Աղբյուրը՝ www.hra.am