Նորություններ

Մեղադրանք է առաջադրվել թիվ 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին

29.01.2016

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 1/05 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ թիվ 1/05 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված, նույն հասցեում հաշվառված Մարինե Վարդանյանի և Նաիրա Առուստամյանի փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։

Հիշեցնենք, որ միջադեպն արձանագրել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը, ինչի մասին տեղեկատվություն էր հրապարակվել կազմակերպության www.hra.am կայքում: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 12.12.2015թ.-ին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում էր կայացվել, որը բողոքարկվել էր ՔՀԻ կողմից:

Դեկտեմբերի 29-ին Երևան քաղաքի դատախազի կողմից քննիչի կայացրած որոշումը բեկանվել էր և կայացվել էր քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Աթայանը նույն տեղամասի ընտրողներ Մ.Վարդանյանի և Ն.Առուստամյանի տվյալների դիմաց գրառել է նույնականացման քարտերի մտացածին տվյալներ, մատյանում ստորագրել վերջիններիս փոխարեն, ապա երկու քվեաթերթիկ գցել քվեատուփը` այդ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Աթայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Աղբյուրը՝ www.hra.am