Նորություններ

Խոշտանգումների վերաբերյալ ՀՔԾ-ում քննված գործերի վիճակագրությունը

22.02.2016

2015թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի (խոշտանգումը) վերաբերյալ նախապատրաստվել է 73 նյութ, որոնցից 61-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ 12-ով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի կամ հանցադեպի բացակայության պատճառով: Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կիրառվող խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ 2015-ին ՀՔԾ-ում քննվել է, ընդհանուր առմամբ, 114 քրեական գործ, որոնցից 1-ն ուղարկվել է դատարան՝ ըստ մեղադրանքի 1 անձի, ով եղել է ոստիկանության աշխատակից: 70 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 69-ը՝ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության պատճառով, իսկ 1-ը՝ քրեական պատասխանատվության ժամկետն անցնելու հիմքով: Մնացած գործերը միացվել են, ուղարկվել այլ մարմիններին կամ անավարտ են մնացել 01.01.2016թ. դրությամբ:

Հավելենք, որ 1993թ.-ին ՄԱԿ-ի խոշտանգումների կոնվենցիայի վավերացումից հետո միայն 2015թ.-ին ՀՀ քրեական օրենսգիրքում «խոշտանգում» եզրույթը համապատասխանցվեց կոնվենցիայի պահանջներին (ավելացվեց 309.1 հոդվածը (խոշտանգումը): Նախկինում պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնություն գործադրելու դեպքերը քննվում էին ՔՕ 309 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Աղբյուրը՝ www.hra.am