Նորություններ

ՔՀԻ-ն բաց նամակ է հղել պետական կառույցներին

14.03.2016

Մարտի 12-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բաց նամակով շահագրգիռ բոլոր կառույցներին է ուղարկել ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրն իրականացրած դիտորդական առաքելության հաշվետվության մեջ ներառված առաջարկությունները:

Առաջարկություններն ուղարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմին, Արդարադատության նախարարությանը, ՀՀ ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և համապատասխան հանձնաժողովների ղեկավարներին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին:

Նամակում պետական պաշտոնյաներին կոչ է արվում իրենց լիազորությունների սահմանում աջակցել ՔՀԻ առաջարկությունների ներառմանը ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկվող նախագծում՝ Հայաստանում արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացներում ներգրավված են կրթական հաստատությունները (որպես ընտրատեղամասեր) և կրթության ոլորտի աշխատակիցները (որպես հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք և այլն), առանձին բաց նամակ է ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:

Նամակում ՔՀԻ-ն առաջարկում է նախարարին համապետական բոլոր ընտրություններից առաջ շրջաբերականով հորդորել կրթության ոլորտի աշխատողներին զերծ մնալ բնակության վայրում կամ աշխատավայրում տեղակայված ընտրատեղամասերի աշխատանքներում ներգրավվելուց՝ շահերի բախումից խուսափելու համար:

Դիտորդական առաքելության հաշվետվության մեջ ներառված առաջարկությունները

ՔՀԻ դիտորդական զեկույցն ամբողջությամբ հայերեն և անգլերեն

Աղբյուրը՝ www.hra.am