Նորություններ

«Հանրային աշխատանք» պատժատեսակը ՀՀ օրենսդրության մեջ

02.05.2016

2003թ.-ի օգոստոսի 1-ից գործողության մեջ մտավ ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որով փոփոխության ենթարկվեց նաև պատժի համակարգը և պատժի համակարգում նախատեսվեց ազատազրկման այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքները:

Համաձայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի՝ «Հանրային աշխատանքները» դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում իրականացվող, չվարձատրվող, հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է դատապարտյալի կողմից։

Հանրային աշխատանքները, անկախ տարբեր երկրների օրենսդրական կարգավորումների առանձնահատկություններից, հետապնդում են հետևյալ միասնական նպատակները.

• հասնել անձի ուղղմանը՝ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու միջոցով,

• հասնել կրկնահանցագործությունների թվի նվազմանը՝ առանց անձին իր ընտանիքից և շրջապատից մեկուսացնելու և հետագայում հասարակություն վերաինտեգրվելու խնդիր առաջացնելու,

• վերականգնել հասարակությանը պատճառված վնասը,

• լուծել բանտերի բեռնվածության խնդիրը,

• խնայել պետության ֆինանսական և մարդկային ռեսուրսները։

Ո՞ր դեպքերում և ո՞ւմ նկատմամբ է նշանակվում, ինչպե՞ս է հաշվարկվում

Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, ինչպես նաև՝ տուգանքը վճարելու անհնարինության դեպքում։ Դատարանը չի կարող հանրային աշխատանքներ նշանակել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, դատավճռի կայացման պահին տասնվեց տարին չլրացած, կենսաթոշակային տարիք ունեցող անձանց, հղի կանանց և ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի որևէ հոդվածի սանկցիայում «հանրային աշխատանքներ» պատժատեսակը նախատեսված չէ: Օրենսդրության վերլուծությունը հանգեցնում է նրան, որ հանրային աշխատանքներ պատժատեսակը կարող է նշանակվել հետևյալ երկու դեպքում՝

• որպես այլընտրանք որոշակի ժամկետով ազատազրկում պատժատեսակի նշանակման դեպքում,

• տուգանք պատժատեսակը վճարելու անհնարինության դեպքում:

Հանրային աշխատանքը որպես որոշակի ժամկետով ազատազրկում պատժատեսակի այլընտրանք նշանակվում է այն դեպքում, երբ դատապարտյալն այդ մասին գրավոր դիմում է ներկայացնում իրավասու մարմնին (դատարանին) ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում: Ընդ որում, եթե մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը անձը պահվել է կալանքի տակ, ապա կալանքի տակ եղած յուրաքանչյուր օրվա համար հանրային աշխատանքների տևողությունից հանվում է 3 ժամ:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի՝ տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը, այսինքն՝ 1.000 ՀՀ դրամը հանրային աշխատանքների հինգ ժամի դիմաց հաշվարկով: Ընդ որում, հանրային աշխատանքներ կարող են նշանակվել նվազագույնը 270-ից մինչև առավելագույնը 2200 ժամ տևողությամբ:

Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում հանրային աշխատանքների տևողությունը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ, իսկ եթե կազմում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ: Այսինքն, վերջին դեպքում դատապարտված անձի նկատմամբ նշանակված պատժատեսակը խստանում է:

ՀՀ սահմանադրական դատարանը՝ 23.04.2013թ. ՍԴՈ-1082 որոշմամբ օրենքի այն դրույթը, համաձայն որի, եթե հաշվարկի արդյունքում հանրային աշխատանքների տևողությունը կազմում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, ճանաչվել է հակասահմանադրական և անվավեր:

Հանրային աշխատանքների կատարման կարգն ու պայմանները

Հանրային աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանված են ՀՀ քրեակատարողական օրենսգրքով: Դատապարտյալի կողմից աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը՝ Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը (ԱՊԿԲ):

Հանրային աշխատանքների կատարումն ապահովում է ԱՊԿԲ համապատասխան/տարածքային ստորաբաժանումը՝ իր որոշած վայրերում: Դատապարտյալի համար որոշված աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով ԱՊԿԲ ստորաբաժանումը վարում է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտ, որը լրացնում, ստորագրում և կնքում է տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

Դատապարտյալը պարտավոր է աշխատանքի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին աշխատանքային կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, բարեխիղճ վերաբերմունք դրսևորել աշխատանքին, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը:

Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում դատապարտյալը նախազգուշացվում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին: Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափող դատապարտյալի վերաբերյալ ԱՊԿԲ ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հանրային աշխատանքների չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին:

Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով՝

• մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ՝ առանց հարգելի պատճառի,

• հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները,

• ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում:

Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:

Աղբյուրը՝ www.hra.am