Նորություններ

ԱԺ-ն ընդունեց «Պրոբացիայի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով

18.05.2016

Մայիսի 18-ին Ազգային ժողովը միաձայն՝ 116 «կողմ» ձայնով երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պրոբացիայի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Այսպիսով, Պրոբացիայի պետական ծառայությունը պետք է ստեղծվի Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման հենքի վրա: Այն կատարելու է հետևյալ գործառույթները՝

  • ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կատարում,
  • այլընտրանքային խափանման միջոցների կատարում` գնահատելով պրոբացիայի ծառայության շահառուի ռիսկերը և կարիքները,
  • պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցների տրամադրում,
  • պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ պատժի կրումը հետաձգված կամ պատժի կրումից ազատված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացում:

Մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ պրոբացիայի պետական ծառայողները քրեակատարողական ծառայողներ չեն համարվելու և հատուկ համազգեստ չեն կրելու, այլ լինելու են քաղաքացիական ծառայողներ, որոնք աշխատելու են նոր մոտեցմամբ և գաղափարախոսությամբ:

Ծառայությունը, վերահսկողությունից բացի, իրականացնելու է իրավախախտում կատարած անձի վերասոցիալականացմանն ու վերաինտեգրմանն ուղղված աշխատանքներ: 

Պրոբացիայի ծառայության ստեղծմամբ ակնկալվում է, որ կկրճատվի կրկնահանցագործությունը, կբեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները, ինչը պետության և հասարակության համար շահավետ է ոչ միայն սոցիալական, այլև՝ ֆինանսական տեսանկյունից:

Հավելենք, որ պատգամավորների առաջարկով Պրոբացիայի ծառայությունը պետք է իրականացնի նաև հաշտարարի դեր՝ իրավախախտի և տուժողի միջև հաշտության համաձայնության ձեռքբերման նպատակով:

Աղբյուրը՝ www.hra.am