Նորություններ

Այսօրվանից ուժի մեջ մտավ «Պրոբացիայի մասին» օրենքը

06.06.2016

Այսօր՝ հունիսի 6-ին ուժի մեջ մտավ անցած ամիս ընդունված «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը:

Սա կարևոր քայլ է Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխման և հումանիստականացման ճանապարհին: Պատժի համակարգի սկզբունքները գրեթե անփոփոխ են մնացել անցած 25 տարիների ընթացքում և դրանց կիրառման մեթոդներն ու հետևանքները քննադատվել են թե՛ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների, թե՛ ազգային հասարակական գործիչների կողմից: Հայաստանում խիստ անհրաժեշտ են գործող քրեական արդարադատության մշակույթի այլընտրանքներ, որոնք կնպաստեն հանցագործություն կատարած անձանց վերաինտեգրմանը և տուժած անձանց շահերի ավելի արդյունավետ պաշտպանությանը:

Հայաստանում Պրոբացիայի պետական նոր ծառայության հիմնադրումը շատերի կողմից ընկալվում է որպես այլընտրանք: Այն ուղղված է տուժածների/զոհերի իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը և յուրաքանչյուր իրավախախտին անհատական վերաբերմունք ցուցաբերելուն՝ վերականգնման ծրագրերի և գործերին անհատական մոտեցման միջոցով:

Բացի հանցագործություն կատարած անձին հասարակություն վերաինտեգրելու նպատակին ուղղված գործիքներին, օրենքը ներառում է տուժող-իրավախախտ հարաբերությունների հաշտեցման՝ միջնորդության (մեդիացիա) դրույթներ, որն, անշուշտ, վերականգնողական արդարադատության հայեցակարգի հիմնաքարերից է: Միջազգային վերականգնողական արդարադատության զարգացումը և հատկապես տուժող-իրավախախտ հաշտեցման ծրագրերի ներդրումը Կանադայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում նպաստեցին, որ Հայաստանում նույնպես այդ ուղղությամբ քայեր ձեռնարկվեն:

Պրոբացիայի ծառայության մասին օրենքի առաջին նախագիծը չէր նախատեսում հաշտարարության ինստիտուտը, այլ միայն հպանցիկ անդրադառնում էր տուժողի և իրավախախտի միջև հաշտեցման կարևորությանը: Այնուամենայնիվ, նախագծի վերջնական տարբերակում օրենսդիրները ստանձնեցին հաշտարարության սխեմաների ներդրման ռիսկը: Դա արվեց չնայած որ Հայաստանում չկան համապատասխան ենթակառուցվածքներ և փորձառու հաշտարարներ։ Ցավոք, մինչ օրենքի ընդունումը տուժող-իրավախախտ հաշտարարության ծրագրերի փորձնական իրականացում և գնահատում չի արվել: Մտահոգիչ կարող է լինել նաև այն, որ, ըստ Պրոբացիայի մասին օրենքի, հաշտարարության (մեդիացիայի) ծառայությունները չեն տրամադրվելու մասնավոր կամ հանրային անկախ ծառայության կողմից, այլ տրամադրվելու են Պրոբացիայի ծառայության ղեկավարի կողմից նշանակված՝ ծառայության աշխատակազմի ներկայացուցչի կողմից:

Միևնույն ժամանակ, ի պաշտպանություն նոր օրենքի, հարկ է նշել, որ Հայաստանում քրեական արդարադատության համակարգը խստորեն կարգավորվում է օրենքներով և օժտված չէ ճկունությամբ և օրենքով չնախատեսված նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն չի տալիս։ Ինչ վերաբերում է հաշտարարության անկախ ծառայություններին՝ Հայաստանում առայժմ գործում են միայն մի քանի առանձին մարմիններ, որոնք տրամադրում են մասնագիտացված հաշտարարական ծառայություններ և վեճերի այլընտրանքային լուծման այլ ծառայություններ: Որքանով տեղյակ ենք, նրանցից ոչ մեկը մասնագիտացած չէ քրեական հարցերով, որոնք միջանձնային հարաբերությունների առավել զգայուն հարցերից են:

Այդուամենայնիվ, դեռևս շուտ է կարծիք կազմելու համար, թե արդյո՞ք լավագույն միջազգային փորձից հայկական իրականություն ներմուծված այս ինստիտուտը կընդունվի թե կմերժվի: Սակայն, որպեսզի մեդիացիայի ինստիտուտը իսկապես ներմուծվի համակարգի մեջ և ընդունվի հասարակության կողմից, պետք է լինի իրական քաղաքական կամք և լուրջ ջանքեր պիտի ներդրվեն՝ առաջ տանելու այն գաղափարը, որ նոր զարգացումների միջոցով կարելի է հասնել արդար և անաչառ համակարգի: Երբ հարկ է լինում ապացուցել, որ «արդարությունը հաստատված է», պետք է ուսումնասիրել յուրաքանչյուր հնարավորություն, և քրեական արդարադատության գործընթացում ներգրավված յուրաքանչյուր ոք պետք է ձգտի գտնել հաշտարարության մեջ կարևորագույն հարցի պատասխանը՝ «ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ճիշտ լինի»:

Հուսանք, որ նոր գործիքը կհամապատասխանի այն մարդկանց առաջնահերթ և հրատապ կարիքներին, որոնք քրեական օրենսդրությամբ կարգավորվող իրավիճակի զոհ են դարձել, որովհետև նույնիսկ ամենալավ նախաձեռնությունը կյանք չի ունենա, քանի դեռ զոհերը համոզված չեն, որ իրենց ձայնը լսելի է և հաշվի է առնվում:

Աղբյուրը՝ www.hra.am