Նորություններ

Պրոբացիայի ծառայության ֆինանսավորումը

27.06.2016

Պրոբացիայի ծառայությանը վերապահված գործառույթների իրականացումը տեսականորեն և պրակտիկայում անհնարին կլինի, եթե ծառայությունը չունենա պլանավորված բյուջե և ֆինանսական միջոցներ:

Տարբեր երկրներում պրոբացիոն ծառայությունները ֆինանսավորվում են տարբեր աղբյուրներից: Եվրոպական որոշ երկրներում ֆինանսավորման հիմնական աղբյուրը արդարադատության նախարարությունն է: Օրինակ՝ Ավստրիայում, որտեղ պրոբացիոն ծառայությունը հանդիսանում է անկախ մարմին, ֆինանսավորման 87%-ը ստացվում է արդարադատության նախարարությունից, 3,2%-ը՝ շրջաններից, իսկ մնացած մասը՝ տեղական իշխանություններից և հանրային ծառայություններից:

Շոտլանդիայում պրոբացիոն ծառայության ֆինանսավորումը ապահովում է գործադիր իշխանությունը, իսկ ահա Շվեյցարիայում գոյություն ունեն տարատեսակ կազմակերպություններ, որոնք կատարում են ծառայությունների ֆինանսավորումը:

Հատկանշական է, որ բազմաթիվ եվրոպական պետություններում, ինչպիսիք են Ավստրիան, Բուլղարիան, Չեխիան, Ռումինիան, Անգլիան, Հունգարիան և այլն, օգտագործում են Եվրամիության տրամադրած ֆինանսական միջոցները:

Որոշ պետություններում պրոբացիոն ծառայությունները կարող են ֆինանսավորում ստանալ ոչ միայն դատական իշխանությունից կամ պետական մարմիններից, այլ նաև այլ աղբյուրներից, օրինակ՝ Հոլանդիայում պրոբացիոն ծառայությունը կարող է ֆինանսավորում ստանալ մասնավոր կազմակերպություններից:

Մյուս հետաքրքիր օրինակը վերաբերում է Բուլղարիային և Ռումինիային, որտեղ պրոբացիոն ծառայությունը չունի առանձնացված բյուջե և միացված է դատարանի կամ բանտային համակարգի բյուջեներին:

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ Պրոբացիայի ծառայության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Աղբյուրը՝ www.hra.am