Նորություններ

Արտակ Կիրակոսյանը՝ FIDH միջազգային կազմակերպության փոխնախագահ

06.09.2016

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանն ընտրվել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ: Քվեարկությունը կայացել է օգոստոսի վերջին Յոհանեսբուրգում (Հարավային Աֆրիկա) կայացած FIDH-ի 39-րդ համագումարի ժամանակ, որտեղ միջազգային կազմակերպության անդամ` աշխարհի 120 երկրներից ներկայացված 178 կազմակերպությունները հավաքվել էին ընտրելու նոր Միջազգային խորհուրդ և նախանշելու առաջիկա երեք տարվա գործունեության հիմնական ուղղությունները:

Համագումարի ժամանակ ընդունվել է 26 հռչակագիր` ներառյալ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավապաշտպանների իրավիճակի մասին հրատապ հռչակագիրը, որում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ կա նաև իրադրությանը Լեռնային Ղարաբաղում:

Հռչակագրում մասնավորապես ասվում է, որ այնպիսի վիճելի սուբյեկտներում, ինչպիսիք են Ղրիմը, Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղը և Մերձդնեստրը, մարդու իրավունքների խախտման համար իրավական պաշտպանության միջազգային մեխանիզմներին հասանելիությունը լրջորեն դժվարացված է: 

«Նաև «սառեցված հակամարտություններ» կոչված այս սուբյեկտներից որոշները զինված մշտական ընդհարումների գոտի են, ինչպես Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլին: Չնայած իրադրությունը շարունակում է լարված մնալ մինչ օրս, գոյություն չունեն անկախ մեխանիզմներ մարդու իրավունքների, ներառյալ` իրավապաշտպանների իրավունքների խախտումների մշտադիտարկման համար: Բացի այդ, 2016թ. ապրիլին զինված ընդհարման էսկալացիայի ժամանակ տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները չեն հետաքննվել և դրանց համար պատասխանատու անձինք արդարադատության առջև չեն կանգնել»,- շեշտվում է Հռչակագրում:

FIDH-ի 39-րդ համագումարը կոչ է անում Եվրոպայի Խորհրդին վիճելի սուբյեկտներում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջազգային մեխանիզմներ ստեղծել և աջակցություն տրամադրել այս տարածքներում քաղաքացիական հասարակությանը և իրավապաշտպաններին:

Համագումարը նաև կոչ է անում Եվրոպական Միությանը և Միացյալ ազգերի կազմակերպությանը լիարժեք աջակցություն ցուցաբերել իրավապաշտպաններին և նպաստել սառեցված հակամարտության գոտիներում մարդու իրավունքների արդյունավետ խթանմանը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի անդամ է 2007 թվականից: ՔՀԻ ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը 2010-2013 թվականներին զբաղեցրել է FIDH-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Աղբյուրը՝ www.hra.am