Նորություններ

Կանանց նկատմամբ խտրականության խնդիրը Հայաստանում. այլընտրանքային զեկույց

07.10.2016

ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 65-րդ նստաշրջանին «Մեմորիալ» հակախտրականության կենտրոնը ներկայացրեց երկու այլընտրանքային զեկույց Հայաստանի և Բելառուսի վերաբերյալ: «Խոցելի խմբերի կանանց նկատմամբ խտրականությունը Հայաստանում» վերնագրով զեկույցը պատրաստվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

«Մեմորիալ» հակախտրականության կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Հայաստանում և Բելառուսում կանանց դրությունը շարունակում է մնալ բարդ մի շարք պատճառներով. տարածված են հայրիշխանական կարծրատիպերը, զբաղվածության ոլորտում ակնհայտ գենդերային խտրականությունը վատթարացնում է կանանց դժվարին տնտեսական վիճակը, աղքատությունն ու գործազրկությունը:

Ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Բելառուսում չի ընդունվել խտրականությունն արգելող օրենք, չկա գենդերային խտրականության եզրույթի հստակ սահմանում, ինչպես նաև չկան կանանց և տղամարդկանց հավասարության սահմանադրական նորմի կիրարկման հաջողված օրինակներ դատարանների կողմից:

Թե՛ Հայաստանում, թե՛Բելառուսում առկա է մասնագիտությունների և գործունեության ոլորտների ցանկ, որը «վտանգավոր» է կանանց համար և արգելված վերարտադրողական տարիքի կանանց համար: Սա խտրականության ուղղակի դրսևորում է և զրկում է կնոջը աշխատանքի իրավունքն ազատորեն իրացնելու իրավունքից: Ակնհայտ է, որ անգամ աշխատանքի վտանգավոր պայմաններում հենց կինը (ոչ թե պետությունը) պետք է որոշի, թե ինչ է ուզում՝ աշխատե՞լ թե խնայել իրեն ապագա հնարավոր հղիության համար:

ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն կանանց համար արգելված մասնագիտությունների ցանկը հռչակել է խտրականության դրսևորում, իսկ Ռուսաստանի Դաշնությանը հանձնարարական է տրվել չեղարկել կանանց աշխատանքային իրավունքների սահմանափակման պրակտիկան:

Մի շարք ԲՈՒՀ-եր սահմանափակում են աղջիկների ընդունելությունը որոշ ֆակուլտետներում (հիմնականում ռազմական մասնագիտությունների գծով)՝ ստեղծելով անհավասար պայմաններ իգական և արական սեռի ներկայացուցիչների համար:

Կանայք գրեթե երբեք չեն կարողանում դատական ատյաններում իրենց իրավունքները պաշտպանել. դատավորները իրազեկ չեն գենդերային խտրականության, գենդերային բռնության, սեռական ոտնձգության հասկացություններին: Իրավիճակն ավելի ծանր է խոցելի խմբերի կանանց համար, ովքեր բախվում են բազմակի խտրականությանը, և կին միգրանտների համար: Սեռական փոքրամասնություն հանդիսացող կանայք բախվում են ատելության և բռնության դրսևորումների:

Իրավապաշտպանները պնդում են, որ կանանց նկատմամբ խտրականության վերացման համար անհրաժեշտ է ընդունել համապարփակ օրենքներ ընդդեմ խտրականության՝ հաշվի առնելով խտրականության դրսևորման բոլոր ձևերն ու հիմքերը, այդ թվում՝ կանանց, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով պայմանավորված խտրականությունը:

Աշխատանքային իրավունքի լիարժեք իրացման համար պետք է ուժը կորցրած ճանաչել կանանց համար արգելված մասնագիտությունների ցանկը և երաշխավորել ԲՈՒՀ ընդունվելու (ներառյալ ռազմական մասնագիտությունների գծով) և սովորելու կանանց հավասար հնարավորությունները:

Մայրության պաշտպանությունը չպետք է լրացուցիչ խոցելիություն առաջացնի կանանց համար աշխատանքի ընդունվելիս, մասնագիտություն ընտրելիս կամ աշխատանքային կարիերայում առաջ շարժվելիս: Կանայք պետք է բոլոր հարցերում հավասար հնարավորություններ ունենան տղամարդկանց հետ»:

«Խոցելի խմբերի կանանց նկատմամբ խտրականությունը Հայաստանում» այլընտրանքային զեկույցը հասանելի է ռուսերենով և անգլերենով:

Дискриминация женщин из уязвимых групп в Армении

Discrimination against Women from Vulnerable Groups in Armenia

Աղբյուրը՝ www.hra.am