Նորություններ

ՔՀԻ-ն մշակել է իրավախախտի ռիսկերի և կարիքների գնահատման առաջին էլեկտրոնային գործիքը

31.10.2016

«Պրոբացիայի մասին» օրենքը սահմանում է, որ ռիսկերի և պահանջմունքների գնահատումը (օրենքում «կարիքների» փոխարեն օգտագործվում է «պահանջմունքներ» եզրույթը) պրոբացիայի շահառուի կողմից կատարված կամ ենթադրյալ կատարված արարքի պատճառների վերհանումն է և այնպիսի միջոցների պլանավորումը, որոնք հնարավորություն կտան նվազեցնելու կատարված կամ ենթադրյալ կատարված հանցագործության կրկնության հավանականությունը:

Հայաստանի արդարադատության համակարգը երբևէ չի ունեցել աշխատանքային հատուկ գործիք, որով հնարավոր լինի օբյեկտիվորեն (նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը) չափել և որոշել իրավախախտում կամ հանցագործություն կատարած անձի ռիսկերն ու կարիքները: 

«Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն Պրոբացիայի պիլոտային գրասենյակների հետ համագործակցությամբ և տարբեր ոլորտի փորձագետների հետ խորհրդակցելով (հոգեբաններ, քրեագետներ, իրավաբաններ, վիճակագրական տվյալների մշակման մասնագետներ և այլն) մշակել է իրավախախտ անձանց ռիսկերի և կարիքների գնահատման առաջին հայկական գործիքը: Կազմակերպությունն իր առջև բավական բարդ խնդիր է դրել, քանի որ հայկական իրականությանը համապատասխան համալիր գործիք ստեղծելու համար անհրաժեշտ են Հայաստանին բնորոշ հատուկ գործոնները վեր հանող հետազոտոթյուններ և տվյալների բազա կամ վիճակագրություն, որոնք առկա չեն: 

Ինչ է ռիսկը և կարիքը

Ռիսկը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է իրավախախտում կատարած անձը հանրության համար: Այն կրկին անգամ հանցագործություն կատարելու և վնաս պատճառելու հավանականությունն է` հաշվի առնելով իրավախախտում կատարած անձի քրեական անցյալը (նախկինում կատարած հանցագործության մասին տվյալներ) և որոշակի կենսագրական փաստեր (տարիք, սեռ, կրթություն, ընտանեկան կարգավիճակ և այլն)։ Սրանք ստատիկ/անփոփոխ գործոններ են, որոնք կապված են կրկնահանցագործության հավանականության հետո, սակայն հնարավոր չէ դրանց վրա ազդել:

Կարիքները այն գործոններն են, որոնք նպաստում են կրկնահանցագործությանը («Պրոբացիայի մասին» օրենքում օգտագործվում է «պահանջմունքներ» եզրույթը): Ի տարբերություն ռիսկի, կարիքը ոչ ստատիկ/փոփոխական գործոն է, և անհրաժեշտ ու նպատակային միջամտության դեպքում կարող է չեզոքացվել։ Կարիքների գնահատումն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչպիսի աշխատանք պետք է տարվի անձի հետ նրա կողմից կրկնահանցագործության կատարման ընդհանուր ռիսկը նվազեցնելու նպատակով: Խոսքն այստեղ, առաջին հերթին, քրեածին կարիքների մասին է, այսինքն՝ այն գործոնների, որոնք կարող են նոր հանցագործության պատճառ դառնալ:

Կան յոթ հիմնական գործոններ, որոնք, միջազգային փորձի ուսումնասիրության համաձայն, կարող են ազդել կրկնահանցագործության կատարման հավանականության վրա: Դրանք են՝ զբաղվածությունը և ֆինանսական վիճակը, ընտանեկան հարաբերությունները, շրջապատը կամ միջավայրը, կախվածությունները՝ ալկոհոլից, թմրամիջոցներից կամ խաղամոլությունը, հոգեհուզական վիճակը, ընդհանուր դիրքորոշումը և արժեհամակարգը:

ՔՀԻ կողմից մշակված աշխատանքային գործիքը բաղկացած է երկու մեծ բաժիններից՝ ռիսկեր և կարիքներ, և գնահատում է վերը նշված բոլոր ստատիկ և ոչ ստատիկ գործոնները:

Նախատեսվում է, որ անձի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները պրոբացիայի ծառայողը կհավաքագրի նրա հետ ունեցած հարցազրույցից, դատավճիռներից, ոստիկանության տեղեկատվական կենտրոնից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կկատարի տնայց և կզրուցի ընտանիքի անդամների հետ։

Այն բանից հետո, երբ գործիքում էլեկտրոնային տարբերակով ներբեռնվում/լրացվում են պահանջվող բոլոր տվյալները, այն հաշվարկում է ռիսկի մակարդակը (ցածր, միջին, բարձր, շատ բարձր) և բացահայտում է այն գործոնները, որոնք պետք է թիրախավորվեն` նվազեցնելու կրկնահանցագործության ռիսկը:

Հաշվարկման մեթոդը ավտոմատացված է՝ հիմնվելով միջազգային պրակտիկայի, առկա վիճակագրական տվյալների և փորձագետների խորհրդատվության վրա:

Պրոբացիայի ծառայողը, գործիքի կանխատեսման, ինչպես նաև իր անձնական փորձագիտական կարծիքի հիման վրա, կմշակի պրոբացիայի տվյալ շահառուի պատժի կրման պլանը, այսինքն՝ կորոշի, թե ինչպիսի վերահսկողություն է անհրաժեշտ սահմանել և ինչպիսի միջամտության միջոցառումներ են պետք` հաշվի առնելով իրավախախտում կատարած տվյալ անձի հատուկ կարիքները:

Կարիքների և ռիսկերի գնահատման գործիքը հայկական իրականության մեջ առաջինն է և կարևոր է այն առումով, որ հեշտացնում է տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունը՝ ստեղծելով տվյալների բազա, որը հետագայում կարող է կիրառվել ռիսկերի և կարիքների գնահատման համար կիրառվող բանաձևը կատարելագործելու համար:

Աղբյուրը՝ www.hra.am