Նորություններ

Պրոբացիայի ծառայության կայացման համար կարևոր է շահագրգիռ կողմերի համագործակցությունը

22.11.2016

Նոյեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցավ «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության հետ համատեղ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Պրոբացիայի պետական ծառայության պետ Լևոն Ավետիսյանը, դեսպաններ, պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի հիմնական նպատակն էր ներկայացնել նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայությունը, կառուցվածքը, գործառույթները, ակնկալիքները ծառայությունից և հնարավոր մարտահրավերները՝ նպաստելով իրազեկվածության բարձրացմանը, շահագրգիռ պետական կառույցների և կազմակերպությունների համախմբմանը՝ Ծառայության հետ արդյունավետ համագործակցության ձևավորման նպատակով:

2016թ. մայիսի 17-ին Ազգային ժողովն ընդունեց «Պրոբացիայի մասին» օրենքը, իսկ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ Արդարադատության նախարարության կազմում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման մասին ՀՀ Կառավարության որոշումը, որով տրվեց Ծառայության աշխատանքների մեկնարկը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջույնի խոսում նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը վերականգնողական արդարադատության մի բաղադրիչ է, և փորձը ցույց է տալիս, որ պատժի նպատակներին կարելի է հասնել նաև անձին ազատությունից չզրկելով:

«Ի տարբերություն նախկին՝ այլընտրանքային պատիժների կատարման համակարգի, Պրոբացիայի ծառայությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում դատապարտյալների վերասոցիալականացմանը և վերաինտեգրացմանը, որի վերջական նպատակն է նվազեցնել կրկնահանցագործությունը»,- ընդգծեց նախարարի տեղակալը:

Նա նաև հավելեց, որ նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված՝ նոր այլընտրանքային պատիժների և խափանման միջոցների իրականացումը նույնպես ապահովելու է Պրոբացիայի ծառայությունը: Ակնկալվում է, որ այդպիսով էապես կկրճատվի ազատազրկման վայրերում գտնվող անձանց թիվը:

Պրոբացիայի պետական ծառայության պետ Լևոն Ավետիսյանի խոսքերով՝ ներկայումս ծառայությունում հաշվառված է 2798 շահառու, ովքեր հիմնականում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարած անձինք են: Նրանց հետ պետք է տարվի անհատական աշխատանք, և Ծառայությանն անհրաժեշտ են աշխատանքային գործիքներ և համագործակցության մեխանիզմներ՝ իր գործառույթները կատարելու համար:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը նույնպես ընդգծեց արդյունավետ համագործակցության կարևորությունը Պրոբացիայի ծառայության կայացման գործում:

«Ծառայության առջև օրենքով բավականին շատ խնդիրներ են դրվել: Սակայն դրանց իրականացման համար անհրաժեշտ են գործիքներ և մեխանիզմներ, համագործակցություն տարբեր շահագրգիռ մարմինների հետ: Այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան, և մենք, որպես հասարակական կազմակերպություն, փորձում ենք հնարավորինս աջակցել»,- ասաց նա:

Միջոցառման ժամանակ ներկայացվեց նաև պրոբացիայի շահառուի ռիսկերի և կարիքների բացահայտման և գնահատման գործիքը, որը մշակվել է ՔՀԻ ՀԿ կողմից ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի և դրա հենքի վրա ստեղծված Պրոբացիայի պետական ծառայության հետ սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում։

«Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը Պրոբացիայի ծառայության ամենակարևոր գործիքն է, որը ցույց է տալու, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացնել ծառայության շահառուների հետ»,- իր խոսքում նշեց Պրոբացիայի ծառայության պետ Լևոն Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ գործիքը փորձարկումից հետո կկիրառվի և կնպաստի Ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը և Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը ներկայացրեցին պրոբացիայի շահառուների զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության հարցում առկա հնարավորությունները և հնարավոր համագործակցությունը պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:

Կլոր սեղանը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի (ԵԱՀԿ) աջակցությամբ:

Աղբյուրը՝ www.hra.am