Նորություններ

Դատավորները, դատախազները և փաստաբանները մասնակցեցին Պրոբացիայի ծառայության վերաբերյալ աշխատաժողովին

25.11.2016

Այսօր տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակաության ինստիտուտի (ՔՀԻ) կազմակերպած՝ «Պրոբացիայի պետական ծառայության գործունեության առանձնահատկությունները» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում էին դատական համակարգի ներկայացուցիչների, դատախազներ և փաստաբաններ:

Աշխատաժողովի ժամանակ ներկայացվեցին նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայության գործունեության առանձնահատկությունները, հիմնական գործառույթները և աշխատանքային գործիքները: Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը և Պրոբացիայի պետական ծառայության պետ Լևոն Ավետիսյանը ողջույնի խոսքում կարևորեցին Ծառայության աշխատանքը՝ որպես վերականգնողական արդարադատության կարևոր օղակ:

«Պրոբացիայի ծառայությունը միջին օղակ է, որը կապում և համակարգում է բոլոր այն մարմինների աշխատանքը, որոնք պետք է վերականգնողական արդարադատություն իրականացնեն՝ որպես հիմնական ուղենիշ ունենալով անձի վերասոցիալականացնումը և կրկնահանցագործությունների կանխարգելումը»,- իր խոսքում նշեց Լևոն Ավետիսյանը՝ կարևուրելով տարբեր իրավասու մարմինների համագործակցությունը և ջանքերը Ծառայության կայացման հարցում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբան Եվգենիա Իվոնովան ներկայացրեց իրավախախտ անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, որը մշակվել է ՔՀԻ կողմից Պրոբացիայի պիլոտային գրասենյակների հետ համագոծակցությամբ և տարբեր ոլորտի փորձագետների հետ խորհրդակցելով (հոգեբաններ, քրեագետնր, իրավաբաններ, վիճակագրական տվյալների մշակման մասնագետներ և այլն):

Այն Պրոբացիայի ծառայության հիմնական աշխատանքային գործիքներից է լինելու, որի օգնությամբ պետք է մշակվի պատժի կրման պլանը և միջամտության համապատասխան միջոցառումները՝ հաշվի առնելով պրոբացիայի տվյալ շահառուի անհատական կարիքները:

Պրոբացիայի պետական ծառայության աշխատակից Արամ Դարբինյանը ներկայացեց էլեկտրոնային հսկողության սարքերը, որոնք նախատեսվում է կիրառել 2018թ. հունվարից՝ Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո, երբ սկսեն կիրառվել տնային կալանքը և վարչական հսկողությունը։

Պրոբացիայի ծառայության գործառույթներից մեկն է լինելու տուժողի և իրավախախտի միջև հաշտարարությունը: Այս գործընթացը կարող է իրականացվել միմիայն երկու կողմերի համաձայնությամբ: Հաշտարարը Ծառայության համապատասխան վերապատրաստված աշխատակիցն է, որը հանդես էլ գալու որպես 3-րդ, չեզոք կողմ: Նա որոշում կայացնելու կամ պարտադրելու իրավասություն չունի, այլ պետք է օգնի կողմերին լսել, հասկանալ միմյանց և գտնել երկուստեք ընդունելի, փոխշահավետ լուծում, որը հաստատվում է համաձայնագրով։ Եթե կողմերը համաձայնության չեն գալիս կամ որոշում են չշարունակել գործընթացը, հաշտարարությունը չի կայանում:

Աշխատաժողովի մասնակիցները կարևորեցին նման աշխատաժողովի կազմակերպումը, որի շնորհիվ մանրամասն տեղեկացան Պրոբացիայի նորաստեղծ ծառայության գործառույթներին: Որպես ոլորտի պրակտիկ աշխատողներ, նրանք բարձրացրեցին մի շարք խնդիրներ և հնչեցրին առաջարկություններ, որոնք, իրենց կարծիքով, անհրաժեշտ է հաշվի առնել Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի մշակման ժամանակ:

Աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am