Նորություններ

Պրոբացիայի պետական ծառայության մասին աշխատանքային հանդիպում Սյունիքի մարզի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

31.08.2017

Ս.թ. Օգոստոսի 23-25-ը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հետ Սյունիքի մարզում էր, որտեղ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հետ համատեղ և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ կազմակերպել էին հանդիպում Գորիսի և Կապանի հասարակական կազմակերպությունների և Պրոբացիայի պետական ծառայության տարածքային ներկայացուցիչների միջև: Բացի այդ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» նմանատիպ հանդիպում էր կազմակերպել նաև Սիսիանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Աշխատանքային հանդիպման հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայության գործառույթներին և նրա առջև դրված խնդիրներին: Հանդիպման նպատակներից էր նաև նպաստել շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համախմբմանը՝ ձևավորելով մի հարթակ, որը հնարավորություն կընձեռի արդյունավետ համագործակցություն հաստատել հասարակական կազմակերպությունների և Պրոբացիայի պետական ծառայության միջև, որի շրջանակներում հասարակական կազմակերպությունները կաջակցեն Ծաայության գործառույթների իրականացմանը, կմշակեն և կիրականացնեն այդ գործառույթներից բխող ծրագրեր:

Հանդիպումների ընթացքում ծավալված քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ թե՛Պրոբացիայի ծառայության տարածքային ներկայացուցչությունները, թե՛տեղական հասարակական կազմակերպությունները ունեն բազմաթիվ կարիքներ, տեխնիկական և ֆինանսական բնույթի խնդիրներ:

Բացի այդ, հասարակական կազմակերպությունները կարիք ունեն հասարակաության շրջանում աշխատանքներ տանելու՝ Պրոբացիայի ծառայության և դատապարտյալների վերասոցիալականացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով, քանի որ կարծրատիպային մտածելակերպը իր արտացոլումն է գտնում ինչպես հասարակության, այնպես էլ հենց իրենց՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում:

Չնայած հասարակական կազմակերպությունների ունեցած ֆինանսական դժվարությունների և տեխնիկական սահմանափակումների՝ hանդիպումների արդյունքում հնարավոր եղավ համագործակցության հիմքեր ստեղծել տեղական հասարակական կազմակերպությունների և Պրոբացիայի ծառայության միջև: Ներկա հասարակական կազմակերպությունները պատրաստակամություն հայտնեցին իրենց ուժերի ներածին չափով աջակցել Պրոբացիայի ծառայության կայացմանը և իրավախախտների վերասոցիալականացմանը, ինչը բավականաչափ դժվարին խնդիր է հատկապես մարզերի պայմաններում, որտեղ իրավախախտների պիտակավորումը և հասարակությունից մեկուսացումը առավել ակնհայտ է դրսևորվում: Հասարակական կազմակերպությունները մասնավորապես պատրաստ են տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, աշխատանքներ տանել անչափահասների հետ, իրենց հնարավորությունների սահմանում նպաստել իրավախախտների վերասոցիալականացմանը:

Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ www.hra.am