Նորություններ

Պրոբացիայի պետական ծառայության գործունեությունը նեկայացնող հերթական հանդիպումները Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

29.09.2017

Սեպտեմբերի 18-ին Իջևանում և սեպտեմբերի 27-ին Գավառում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն անցկացրեց «Պրոբացիայի պետական ծառայություն. ակնկալիքներ և համագործակցության հեռանկարներ» թեմայով աշխատանքային հանդիպումների շարքի հերթական հանդիպումները համապատասխանաբար Տավուշի և Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունների և Պրոբացիայի պետական ծառայության մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Պրոբացիայի պետական ծառայություն. ակնկալիքներ և համագործակցության հեռանկարներ» թեմայով աշխատանքային հանդիպումները միտված են հասարակական ոլորտի ներկայացուցիչներին ծանոթացնել նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայության գործառույթներին և նրա առջև դրված խնդիրներին, խթանել շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների միջև երկխոսության և հետագա համագործակցության ձևավորումը, ինչի արդյունքում հասարակական կազմակերպությունները կաջակցեն Ծառայության գործառույթների իրականացմանը, կմշակեն և կիրականացնեն այդ գործառույթներից բխող ծրագրեր ու կնպաստեն իրավախախտների վերականգնմանը:

Չնայած որոշ հասարակական կազմակերպություններ արդեն իսկ ակտիվորեն համագործակցում էին Պրոբացիայի ծառայության շահառուների հետ, այնուամենայնիվ, հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ հասարակական կազմակերպությունների զգալի մասը դեռևս չի պատկերացնում իրենց դերակատարությունը այս ոլորտում և թե ֆինանսական դժվարություների, թե կարծրատիպային մտածելակեպի պատճառով պատրաստ չէ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Ինչևէ, հասարակական կազմակերպությունների մի մասը, որոնց համար պրոբացիան նոր հասկացություն էր, հավաստիացրին, որ ապագայում կաշխատեն ծրագրեր իրականացնել նաև այս ուղղությամբ:

Գաղտնիք չէ, որ ՔԿՀ-ները ամենևին չեն նպաստում իրավախախտների վերականգնմանը և հասարակությունում լիարժեք վերաինտեգրմանը, դեռ ավելին՝ հանգեցնում են իրավախախտի մոտ հանցավոր ենթամշակույթի արմատավորմանը: Մինչդեռ, Պրոբացիայի ծառայությունը թույլ է տալիս իրավախախտին վերադարձնել հասարակություն շատ ավելի հեշտ և հենց հասարակության օգնությամբ:

Պրոբացիայի ծառայությունն այն հաստատությունն է, որի կայացման հարցում թե՛ հասարակական կազմակերպությունների և թե՛ պետական կառույցների շահերն ու նպատակները քիչ թե շատ համընկնում են և արդյունավետ համագործակցության հարթակ ձևավորում:

Աշխատանքային հանդիպումները կազմակերպվել էին ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ www.hra.am