Նորություններ

Հրապարակվել է ՀՀ Արդարադատության նախարարության գործունեության տարեկան հաշվետվությունը. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» աշխատանքը գնահատված է

02.10.2017

Սեպտեմբերի 28-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը հրապարակել է նախարարության գործունեության տարեկան հաշվետվությունը (2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի համար:) Արդարադատության նախարարության հաշվետվությունը արդարադատության համակարգին առնչվող այլ ուղղությունների կողքին անդրադառնում է նաև նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայության գործունեությանը և այս ոլորտում կատարված աշխատանքներին, ունեցած ձեռքբերումներին ու Ծառայության ծավալած արդյունավետ համագործակցությանը: Հաշվետվության մեջ հիշատակվում է նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ունեցած ներդրումը Պրոբացիայի ծառայության կայացման գործում՝ թվարկելով ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցության արդյունքում կյանքի կոչված ծրագրերը: Կատարած աշխատանքի գնահատումը կարևոր է սկսած արդյունավետ աշխատանքը շարունակելու և Պրոբացիայի ծառայության զարգացմանը հետագայում ևս աջակցելու համար:

Հաշվետվության՝ Պրոբացիայի պետական ծառայությանը վերաբերող հատվածում մասնավորապես նշվում է.

«2016-2017թթ. ընթացքում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ մշակվել և ներկայումս փորձարկում է անցնում դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, որը թույլ կտա վերհանել դատապարտյալի կարիքները, մշակել նրա հետ տարվելիք վերասոցիալականացման ծրագրերը և կազմել վերահսկողության պլանը: Գործիքի փորձարկումն անցկացվում է Երևանի երեք և Լոռու մարզային բաժիններում:

Պրոբացիայի շահառուի մասնագիտական վերապատրաստման համար 2017թ. ամռանից գործում է մեկ մասնագիտական սենյակ, որը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Մասնագիտական սենյակում կազմակերպվում են ձեռներեցության և թաղիքագործության մասնագիտացմամբ դասընթացներ: Դասընթացին մասնակցել են 5 շահառու, որոնցից 2-ը ստացել են համապատասխան վկայականներ:

Պրոբացիայի ծառայության շենքում ներկայումս տարվում են շինարարական աշխատանքներ, ստեղծվում են համակարգչային և լուսանկարչական դասընթացների և խմբային աշխատանքների համար նախատեսված սենյակներ: Աշխատանքները կավարտվեն 2017թ. նոյեմբերի սկզբին»:

Բացի համագործակցության՝ վերը թվարկված օրինակներից, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը Քրեակատարողական ծառայության հետ համագործակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպել է նաև կին դատապարտյալների համար նախատեսված վարսահարդարման դասընթացներ, որոնց երրորդ փուլը ավարտվեց ս.թ. մայիսին:

Պրոբացիայի ծառայության կայացումը և դրա հաջող աշխատանքը կարևոր է իրավախախտների վերականգնման, կրկնահանցագործության ռիսկերի նվազեցման, ինչպես նաև հասարակության անվտանգության ապահովման համար:

Գաղտնիք չէ, որ ՔԿՀ-ները ամենևին չեն նպաստում իրավախախտների վերականգնմանը և հասարակությունում լիարժեք վերաինտեգրմանը, դեռ ավելին՝ հանգեցնում են իրավախախտի մոտ հանցավոր ենթամշակույթի արմատավորմանը: Մինչդեռ, Պրոբացիայի ծառայությունը թույլ է տալիս իրավախախտին վերադարձնել հասարակություն շատ ավելի հեշտ և հենց հասարակության օգնությամբ:

Պրոբացիայի ծառայությունն այն հաստատությունն է, որի կայացման հարցում թե՛ հասարակական կազմակերպությունների և թե՛ պետական կառույցների շահերն ու նպատակները քիչ թե շատ համընկնում են և արդյունավետ համագործակցության հարթակ ձևավորում:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հույս ունի, որ ապագայում կավելանան պետական բյուջեի՝ Պրոբացիայի ծառայությանը ուղղված հատկացումները և կընդլայնվի Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների թիվը: Հենց այս համագործակցության ձևավորմանն են միտված «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվող աշխատանքային հանդիպումները, որոնց արդյունքում սկսված համագործակցության շնորհիվ հասարակական կազմակերպությունները կաջակցեն Ծառայության գործառույթների իրականացմանը, կմշակեն և կիրականացնեն այդ գործառույթներից բխող ծրագրեր ու կնպաստեն իրավախախտների վերականգնմանը:

Ամբողջական հաշվետվությունը՝ Արդարադատության նախարարության գործունեության տարեկան հաշվետվություն (2016 սեպտեմբեր -2017 սեպտեմբեր)

Հաշվետվությունում հիշատակված ծրագրերի մասին կարող եք կարդալ՝

ՔՀԻ-ն մշակել է իրավախախտի ռիսկերի և կարիքների գնահատման առաջին էլեկտրոնային գործիքը

Ավարտվեցին ՔՀԻ-ի կողմից կազմակերպված թաղիքագործության և ձեռներեցության դասընթացները

Վարսահարդարման դասընթացին մասնակցած կին դաապարտյալները ստացան վկայականներ

Աղբյուրը՝ www.hra.am