Նորություններ

Արմավիրի մարզում կայացավ Պրոբացիայի պետական ծառայության գործունեությունը նեկայացնող հերթական հանդիպումը

13.10.2017

Պրոբացիայի պետական ծառայության գործառույթները, գործունեությունն ու կարիքները ներկայացնելու համար «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն հոկտեմբերի 12-ին գտնվում էր Արմավիրում:

«Պրոբացիայի պետական ծառայություն. ակնկալիքներ և համագործակցության հեռանկարներ» վերնագիրը կրող աշխատանքային հանդիպումը միտված էր հասարակական ոլորտի ներկայացուցիչներին ծանոթացնել նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայության գործառույթներին և նրա առջև դրված խնդիրներին, խթանել շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների միջև երկխոսության և հետագա համագործակցության ձևավորումը, ինչի արդյունքում հասարակական կազմակերպությունները կաջակցեն Ծառայության գործառույթների իրականացմանը, կմշակեն և կիրականացնեն այդ գործառույթներից բխող ծրագրեր ու կնպաստեն իրավախախտների վերականգնմանը:

Չնայած Արմավիրի մարզում գործող հասարակական կազմակերպությունները փոքրաթիվ չեն, այնուամենայնիվ մասնակիցների թիվը թույլ էր տալիս եզրակացնել, որ Պրոբացիայի ծառայության մասին իրազեկվածությունը, ինչպես նաև հետաքրքրվածությունը այս ոլորտով ցածր մակարդակի վրա է գտնվում:

Ինչևէ, աշխատանքային հանդիպմանը մասնակցություն ունեցած ՀԿ-ների ներկայացուցիչները մեծ հետաքրքրություն դրսևորեցին Պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ և ցանկություն հայտնեցին համագործակցության եզրեր գտնել ու ապագայում միանձնյա կամ համատեղ՝ մի քանի կազմակերպությունների միավորմամբ, ծրագրեր իրականացնել Պրոբացիայի ծառայության զարգացման և Պրոբացիայի ծառայության շահառուներին աջակցելու համար:

Աշխատանքային հանդիպման ընթացքում նաև ցուցադրվեց Պրոբացիայի ծառայության մասին պատմող ֆիլմը, քննարկվեցին էլեկտրոնային հսկողության սարքերի կիրառման առանձնահատկությունները, հանրային աշխատանքների նշանակման կարգն ու վերասոցիալականացման խնդիրները:

Պրոբացիայի ծառայությունն այն հաստատությունն է, որի կայացման հարցում թե՛ հասարակական կազմակերպությունների և թե՛ պետական կառույցների շահերն ու նպատակները քիչ թե շատ համընկնում են և արդյունավետ համագործակցության հարթակ ձևավորում:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» համոզված է, որ Պրոբացիայի ծառայության գործունեությունը ներկայացնող հանդիպումները կնպաստեն, որ մոտ ապագայում ընդլայնվի Պրոբացիայի ծառայության հետ համագործակցող և համատեղ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շրջանակը:

Աշխատաժողովները կազմակերպվել էին ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ www.hra.am