Նորություններ

Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները

19.01.2018

Նկարը՝ Արդարադատության նախարարություն

Ս.թ. հունվարի 18-ին Երևանի «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում տեղի ունեցավ «Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները» թեմայով քննարկում, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ի կողմից` ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համատեղ:

Մասնակիցների թվում էին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ:

2017 թվականը Պրոբացիայի ծառայության գործունեության առաջին լիարժեք օրացուցային տարին էր։ Հունվարի 18-ին տեղի ունեցած կոնֆերանսը նվիրված էր այդ տարում արձանագրված արդյունքների ամփոփմանը, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների, ինչպես նաև իրավախախտների վերականգնման գործում հասարակական հատվածի հնարավոր դերակատարության քննարկմանը։

Քննարկվեցին պրոբացիայի շահառուների մասնագիտական վերապատրաստման, այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ դասասենյակների կահավորման և պրոբացիայի շահառուների կարիքների և հնարավոր ռիսկերի չափման մեխանիզմները:

Կոնֆերանսի մասնակիցներն անդրադարձան նաև շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համախմբման անհրաժեշտության խնդրին՝ Ծառայության հետ արդյունավետ համագործակցության հաստատման նպատակով: Այս համատեքստում ՔՀԻ նախագահ Արտակ Կիրակոսյանը ներկայացրեց «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագիրը, դրա նպատակները, մինչ օրս կատարված աշխատանքները, և կոչ արվեց գործընկեր կազմակերպություններին միանալ ՔՀԻ-ին և ձևավորել մի հարթակ, որը հասարակական կազմակերպություններին թույլ կտա կապեր հաստատել Պրոբացիայի պետական ծառայության և ծառայության շահառուների հետ, աջակցել վերջինիս գործառույթների իրականացմանը, մշակել և իրականացնել Ծառայության գործառույթներից բխող բազմաբնույթ ծրագրեր:

Կոնֆերանսին զուգահեռ սրահում գործում էր նաև բարեգործական տոնավաճառ, որտեղ ներկայացված էին պրոբացիայի շահառուների` թաղիքից պատրաստված աշխատանքները` հողաթափեր, գլխարկներ, շալեր, զարդեր։

Աղբյուրը՝ www.hra.am