Հարցազրույց

«Աչալուրջ և հետևողական ենք լինելու Թռչկանի հարցում»

05.12.2011

Հարցազրույց «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ապրես Զոհրաբյանի հետ

Այն հաղթանակը, որին հասաք Թռչկանի ջրվեժի փրկության համար պայքարում, հայաստանյան իրականությունում, կարելի է ասել՝ բացառիկ էր, որովհետև շատ պայքարներ անհետևանք և անարդյունք են մնում: Ո՞րն էր հաջողության հասնելու գրավականը:

Չեմ կարծում թե որևէ պայքար անհետևանք է մնում: Նույնիսկ եթե այն չի կարողանում լուծել իր առաջ քաշած խնդիրները, քաղաքացիական հասարակության կայացման, մոբիլիզացման և, հետևաբար, նաև հետագա խնդիրների լուծման մեջ այն իր դերը խաղում է:

Գալով Թռչկանի ջրվեժի համար տարված պայքարին՝ ասեմ, որ հաջողության պատճառներից մեկն այն էր, որ տեղին և ժամանակին կիրառվեցին բարոյական և իրավական ճնշման տարբեր մեթոդներ՝ ցույցեր, նստացույց, ստորագրահավաք, հարցազրույցներ, նյութերի տարածում սոցիալական ցանցերով, իրավաբանորեն ճիշտ ձևակերպված հարցումներ և տեղեկացումներ պատկան մարմիններին: Հաջողվեց նաև խնդրի շուրջ մոբիլիզացնել ակտիվ և բնապահպանական հարցերով մտահոգ երիտասարդությանը, ինչը պայքարին առանձնահատուկ հզոր էներգետիկա հաղորդեց:

Ինչպե՞ս սկսվեց «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» պայքարը։

Պայքարը սկսվեց իրենց երկրի «տերը և ծառան» զգացող մոտ տասնյակ քաղաքացիներից, ովքեր, իմանալով բնության դեմ կատարվող հանցագործության մասին, որոշեցին ոչ թե ձեռքերը թափ տալով ասել՝ «երկիրը երկիր չի», այլ գործել հանցագործության կանխման ուղղությամբ՝ ցույց տալով, որ երկիրը երկիր է դառնում յուրաքանչյուրիս գործուն մասնակցությամբ:

Ի՞նչ էիք ակնկալում պայքարի սկզբում, և արդյունքը որքանո՞վ է ձեզ գոհացնում:

Պայքարի ընթացքում կարող են լինել կամ չլինել լավատեսական ակնկալիքներ, բայց կարևորը ոչ թե ակնկալիքներն են, այլ եռանդը, որը ամենավատատեսական ակնկալիքների դեպքում իսկ, չպետք է նվազեցնես: Այս պահին Թռչկանի շուրջ ընթացող պրոցեսները գոհացնում են, բայց պետք է, անշուշտ, աչալրջությունը չկորցնել:

Ինչո՞վ է զբաղվելու Թռչկանի պայքարի շուրջ հավաքված երիտասարդությունը. ի՞նչ պլաններ ունեք և ի՞նչ խնդիրների ուղղությամբ եք աշխատելու:

Դեռ ապագայի պլաններ չունենք կազմած, հետագա անելիքների շուրջ խմորումները շարունակվում են: Բայց մի բան հաստատ է, նախևառաջ աչալուրջ և հետևողական ենք լինելու Թռչկանի հարցում՝ հետընթաց կամ վտանգավոր զարգացում թույլ չտալու գործում:

Հանքարդյունաբերության ոլորտում կատարվող խախտումների վերաբերյալ ինչ-որ ծրագրեր ունե՞ք:

Հավաքական ծրագիր կլինի, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամներից շատերը անհատական մակարդակով ներգրավված են Հայաստանի բնապահպանական շարժումներում, այդ թվում՝ նաև հանքարդյունաբերությանն առնչվող խնդիրներում:

Ձեր կարծիքով, ի՞նչը նպաստեց, որ վերջին շրջանում բնապահպանները, բնապահպանական շարժումներն ու ՀԿ-ներն այսքան ակտիվացան:

Դրան նպաստեց ՀՀ բնապահպանական խնդիրների ավելացումը և այդ բնագավառում տիրող բարձիթողի վիճակը: Մյուս կողմից, դա կապված է նաև, ընդհանրապես, Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվացման և կայացման գործընթացների հետ:

Դուք անձամբ ընդգրկվա՞ծ եք այլ բնապահպանական շարժումներում:

Այս պահին ընդգրկված եմ միայն «Թռչկան» նախաձեռնության մեջ, որը Թռչկանի ջրվեժի շուրջ ծավալված շարժումից ձևավորված նոր էկոնախաձեռնություն է: Նախաձեռնության հետաքրքրության շրջանակը լինելու է Հայաստանի բնապահպանական խնդիրները և, մասնավորապես, հանքարդյունաբերությունից բխող խնդիրները:

Բնապահպանական ոլորտի ո՞ր խնդիրն եք ամենաառաջնայինը համարում, որն այսօրվա դրությամբ անհապաղ լուծման կարիք ունի:

Իմ կարծիքով՝ ամենահրատապը Սևանա լճի ջրհավաք ավազանի մաքրության խնդիրն է: Սոտքի ոսկու հանքում վերամշակող սարքավորումների տեղադրումը լուրջ սպառնալիք է Սևանա լճի համար:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am