Հարցազրույց

Ուրանի հանքաքարի հետախուզում. հանրության կարծիքը դարձյալ հաշվի չեն առել

17.01.2012

Հարցազրույց Կապանում գործող «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Փարսադանյանի հետ

Կառավարության 2008 թ. մարտի 6-ի 234-Ն որոշումը, որին  դեմ եք հանդես գալիս, ի՞նչ է նախատեսում:

Դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման համատեղ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Արդեն 2008թ. մարտի 6-ին կառավարությունը որոշում է կայացրել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ ստեղծելու մասին, որի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է ռուսական «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիային, իսկ մյուս 50 տոկոսի բաժնետերը ՀՀ կառավարությունն է՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության:

Կառավարության որոշման համաձայն՝ մինչև 2014թ. ընկերությունը Հայաստանի հանրապետության ամբողջ տարածքով պետք է իրականացնի ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման աշխատանքներ: Քանի որ աշխատանքները սկսվել են Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղից' 2010թ. փետրվարից, դժգոհության ալիքն այնտեղ է առաջացել: Բայց վտանգի տակ է ամբողջ Հայաստանը, եթե մենք թույլ տանք, որ հետախուզական աշխատանքները շարունակվեն:

Որո՞նք են ռիսկերը, ի՞նչ բացասական հետևանքներ են նախատեսվում։

Հանքաքարի որոնման համար հորատումներ են կատարվում: Իսկ դուք գիտեք, որ ուրանը ռադիոակտիվ նյութ է, և, տեղաշարժելով հանքաքարը, մենք չենք կարող երաշխավորել, որ տարածաշրջանում ռադիոակտիվ ֆոնը չի փոխվի: Բայց մեր հիմնական մտահոգությունն այն է, որ եթե ուրանի հանքաքարի բավական պաշարներ հայտնաբերվեն և գտնեն, որ նպատակահարմար է շահագործել ուրանի հանքերը, մենք չունենք երաշխիք, որ ՀՀ իշխանությունները կարող են դիմադրել խոշոր պետության ցանկությանը և ասել՝ ոչ, մենք դեմ ենք:

Սյունիքի տարածաշրջանը համարվում է Հայաստանի հանքարդյունաբերության կենտրոնը: Մեզ մոտ անոմալ ծնունդները շատ են՝ 6 մատով երեխաներ են ծնվում, երկգլխանի հորթ է ծնվել, շատ-շատ են քաղցկեղով հիվանդները, գրեթե բոլոր կանայք քաղցկեղ ունեն: Պարզապես վիճակագրական տվյալներ չկան, որովհետև մեծ մասը դիմում է Երևանի հիվանդանոցներ:

Ինչպե՞ս տեղեկացաք կառավարության այդ որոշման մասին։  

Որոշման մասին մենք, որքան էլ զարմանալի է, տեղեկացել ենք 2010թ.-ին՝ համացանցից: Որից հետո մենք նախաձեռնեցինք ստորագրահավաք՝ մայիսից սկսած: Ստորագրահավաքն իրականացվել է Կապան քաղաքում և հարակից գյուղերում:

Մարդիկ, լսելով ուրան բառը, խուճապի մեջ են: Եվ, մեր կարծիքով, անընդունելի է, որ նման նուրբ հարցի վերաբերյալ կառավարությունը որոշում է կայացրել առանց քաղաքացիների կարծիքը լսելու:

Դրա համար մենք «Ազատամարտ» կոմիտեի հետ նախաձեռնել ենք հարցում-ստորագրահավաք, որին մասնակցել են 13.850 քաղաքացիներ:

Քաղաքացիներին հնարավորություն է տրվել հարցմանը պատասխանել՝ կողմ եմ, դեմ եմ կամ ձեռնպահ եմ, որպեսզի հետագայում իշխանությունները չշահարկեն այն հանգամանքը, որ ստորագրահավաքը կազմակերպվել է միայն բացասական դիրքորոշում ունեցող քաղաքացիների շրջանում:  

Հարցվածների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել Հայաստանում ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը:

Իսկ ինչպե՞ս է եղել, որ Կապանի «Օրհուս» կենտրոնում տեղի ունեցած քննարկումից հետո կազմված արձանագրության մեջ նշվել է, որ Լեռնաձորի բնակիչները կողմ են կառավարության նախաձեռնությանը՝ այն դեպքում, երբ գյուղացիները դեմ են:

Ճիշտն ասած, ես անձամբ քննարկմանը ներկա չեմ եղել, որովհետև այդ ժամանակ հարցը դեռ հասարակական նման հնչեղություն չէր ստացել: Դա, եթե չեմ սխալվում, 2010թ. սկզբին էր: Ես չգիտեմ՝ ինչպես էին լիազոր մարմնի ներկայացուցիչները կազմակերպել այդ հանրային լսումը: Ներկա են եղել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ և  հասարակական ոլորտի 2-3 ներկայացուցիչ: Արձանագրությունը, ըստ հասարակական կառույցների ներկայացուցիչների, կեղծել են, որովհետև արձանագրության մեջ նշվում է, որ Լեռնաձորի բնակիչները կողմ են այդ որոշմանը և գյուղապետը նույնպես ողջունել է: Բայց մենք համագործակցում ենք նաև գյուղապետի հետ և նրա դիրքորոշումը նույնն է, ինչ գյուղացիներինը՝ միանշանակ ոչ:

Ե՞րբ են մեկնարկել ուրանի հանքաքարի հետախուզական աշխատանքները Լեռնաձորում և ներկայումս ի՞նչ ընթացքի մեջ են:

«Հայ ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի պատվերով 2011թ. հոկտեմբերից «Աբվան» ՍՊԸ-ն Լեռնաձորի տարածքում վերսկսել է որոնողական-հետախուզական աշխատանքները: Այս պահի դրությամբ մենք պատրաստվում ենք վերսկսել մեր բողոքի ակցիաները:

Ի՞նչ եք նախաձեռնում:

Պատրաստում ենք պաստառներ՝ տարբեր կարգախոսերով, ՀԿ-ների հետ համատեղ բաց նամակով ՀՀ նախագահին ենք դեմելու: Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանում ցածր է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մակարդակը, մենք օգտագործում ենք նաև թռուցիկներ և պաստառներ, որպեսզի քաղաքացիներին իրազեկենք մեր գործողությունների մասին:

Դուք նամակ-դիմումներ էիք ուղղել նաև տարբեր պետական մարմինների: Ո՞րն էր ձեր պահանջը և ինչպիսի՞ արձագանքներ եք ստացել:

Մենք դիմել ենք ՀՀ նախագահին, վարչապետին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ազգային անվտանգության քարտուղարին, հանրային խորհրդին, բնապահպանության նախարարությանը, տարբեր հասարակական կառույցներին: Պետական գերատեսչություններից ստացված պատասխաններն ընդհանրապես առնչություն չունեն մեր մտահոգությունների հետ, քանի որ պատասխանում ներկայացվում են՝ ինչ աշխատանքներ են կատարվել, ինչ իրավական ակտի հիման վրա և ինչ է նախատեսվում իրականացվել: Իսկ մենք մեր նամակում ներկայացնում ենք, որ հանրությունը միանշանակ դեմ է կառավարության որոշմանը, և հանրության դիրքորոշման անտեսումը հարիր չէ ժողովրդավարական և իրավական պետությանը: Մենք պահանջում ենք չեղյալ համարել տվյալ ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը և դադարեցնել որոնողահետախուզական աշխատանքները: Դա ոչ միայն հասարակական կառույցների դիրքորոշումն է այլ նաև հանրության դիրքորոշումը, ինչպես ցույց տվեց ստորագրահավաքը:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am