Հարցազրույց

«Այդքան հեշտ չի լինելու մեզնից Թեղուտ խլելը»

25.01.2012

2012թ. հունվարի 15-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը ճանաչողական արշավ-ակցիա կազմակերպեց դեպի Թեղուտ։ Մոտ 250 երիտասարդներ այցելեցին Թեղուտ և Շնող գյուղերի տարածք՝ վերացական պատկերացումները փոխարինելու իրական տեսարաններով։

Հարցազրույց Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Լենա Նազարյանի հետ

Ինչպե՞ս անցավ արշավը:

Հանքարդյունաբերող կազմակերպությունը, իմանալով մեր արշավի մասին, իր տարածքը սահմանազատել էր ցանկապատով, բաժանիչ գիծ էր անցակացրել և ցանկապատի այն կողմում կանգնեցրել էր գյուղացիների: Եթե այնտեղ կանգնած լինեին ոստիկաններ, ես ինչ-որ տեղ կհասկանայի, բայց շատ զարմացա՝ տեսնելով, գյուղացիների՝ ինչ-որ անհեթեթ պաստառներով: Իսկ հետագայում պարզվեց, որ այդ մարդկանց մեջ կային նաև մարդիկ, ովքեր Թեղուտ և Շնող գյուղերում չէին բնակվում, բայց այդ գյուղացիների անունից հայտարարություններ էին հնչեցնում և թյուրիմացության մեջ գցում մեզ և լրագրողներին:

Մեր նկարահանած տեսանյութերից մեկում երևում է կարմիր վերարկուով մի աղջիկ, ով գոռում էր՝ թե գնացեք ձեր Երևանի կեղտոտ օդի մասին մտածեք, մենք շատ լավ ենք ապրում այստեղ: Հետագայում պարզվեց, որ այդ աղջիկը հանքարդյունաբերող ընկերության բաժնետեր Վալերի Մեջլումյանի եղբոր աղջիկն է: Դա բացահայտվեց Ֆեյսբուքում: Ավելին, նա բոլորովին այլ տեղ է բնակվում: Այսինքն՝ այդ աղջիկը իրենց  ընտանեկան շահը պաշտպանելու համար գյուղացու անունից հայտարարություններ էր անում, թե իրենք Թեղուտում լավ են ապրում:

Մինչդեռ կային գյուղացիներ, ովքեր մեզ հետ զրույցում ասում էին, որ շատ քիչ են վարձատրվում: Մի տղա ասում էր, որ ինքը դիմել է հանքարդյունաբերող ընկերությանը աշխատանքի համար, բայց իրեն առաջարկել են 60 հազար դրամ աշխատավարձ, որի դիմաց ինքը պետք է չարքաշ աշխատանք աներ և չի համաձայնել: Նա դժգոհում էր, որ գերակա հանրային շահ ճանաչված իրենց հողատարածքները ընկերությունը գնել է 1 քմ-ը 38 դրամով, իսկ հիմա իրենց «աղքատավարձ» է առաջարկում:

Այսինքն՝ միանշանակ չէ, որ գյուղացիները գոհ են այդ ծրագրից, և ակնհայտ է, որ տեղի բնակիչների անունից խոսելով՝ մեզ փորձեցին թյուրիմացության մեջ գցել և  հետ ուղարկել Երևան:

Իսկ ի՞նչ տեսաք ձեր աչքերով, գյուղացիները ի՞նչ պայմաններում են ապրում:

Գյուղացիները հայտնվել են ծայրահեղ աղքատության վիճակում: ՀՀ կառավարությունը երկար տարիներ շարունակ ոչ մի ներդրում չի արել այդ տարածաշրջանում որևէ աշխատատեղ ստեղծելու համար, մարդիկ գաղթել են այդ տարածքից։ Հիմա այնպիսի վիճակ է ստեղծված, որ իրենք պարզապես կախված են այդ հանքից: Ես կարծում եմ, որ գուցե դիտավորյալ չի զարգացվել տարաշրջանը, որ մարդիկ այլընտրանք չունենան, ընտրության հնարավորություն չունենան:

Աղտոտված միջավայրում ապրելն արդեն իսկ աղքատության նշան է, դա աղքատության ցուցանիշ է: Աղքատության հաղթահարման համար պետք է ստեղծվի որակյալ կրթության հնարավորություն, առողջապահության մատչելիություն, մշակութային կյանքին մասնակցելու հնարավորություն, նյութական բարիքներ ձեռբերելու հնարավորություն: Այդ աշխատավարձով, որ տալիս է այդ ընկերությունը, նրանք չեն ունենա այդ ամենը, միայն կարող են ունենալ մի փոր կուշտ հաց:

Ի՞նչ տվեց արշավը:

Արշավից հետո մեծ արձագանք ունեցանք: Դրան հաջորդած 4 օրերի ընթացքում մոտ 1000 մարդ ավելացավ մեր ֆեյսբուքյան՝ "Save Teghut Forest!" խմբում, որտեղ մենք փորձում ենք անընդհատ իրազեկել խնդրի մասին: Որոշ մարդիկ ասում էին, որ իրենք նոր են իմանում խնդրի մասին, այսինքն՝ չի նշանակում, որ մարդիկ անտարբեր են, պարզապես չգիտեն խնդրի մասին և մեր խնդիրն է մարդկանց տեղեկացնել: 

Եթե Թեղուտի հանքավայրը շահագործվի, ի՞նչ սպառնալիքներ եք տեսնում:

Մասնագետների գնահատմամբ՝ հանքի շահագործման արդյունքում կառաջանա շուրջ 500 մլն տոննա պոչանք կամ պոչամբար և 600 մլն տոննա այլ տեսակի թափոն: Պոչանքը տեղադրելու են Խառատաձոր կոչվող կիրճում և դրա մակերեսը կազմելու է մոտ 214 հա: Մեր հաշվարկներով՝ դա մոտավորապես համարժեք է 1000 հատ Կարապի լճի:

Ընդ որում, պոչամբարում թափոններ կուտակելու համար պետությունը նրանցից գումար չի գանձում, նրանք կարող են տոննաներով թափոններ կուտակել, և այդ պոչամբարը մեզ «նվեր» է մնալու:

Մասնագետներն ասում են, որ այդ պոչամբարն է ամենաթունավորը, քանի որ իր մեջ պարունակում է բազմաթիվ մետաղներ և թունավոր նյութեր: Հանքավայրի շահագործման ժամանակ հանքաքարից նախատեսված է կորզել միայն պղինձ և մոլիբդեն, մինդեռ հանքավայրում կա 17 մլն տոննա ծծումբ, 14 մլն տոննա երկաթ: Այսինքն՝ ոչ միայն կորստի է մատնվելու միլիարդների արժեք ունեցող բնական պաշար, այլև դրանք դառնալու են թունավոր թափոն: Դա բնական ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործում է:     

Պոչամբարի վտանգներից մեկն էլ այն է, որ այն գտնվում է ավելի բարձրադիր գոտում, քան Թեղուտ գյուղն է: Դա նշանակում է, որ թունավոր հեղուկը գոլորշիանալու է և ամպերի տեսքով գալու է տեղումների միջոցով թափվի գյուղի վրա:

FIDH

Ջրային տնտեսության էկոլոգների կարծիքով՝ կվտանգվեն նաև ստորերկրյա ջրերը: Թափոնները և թունավոր նյութերը թափանցում են ստորգետնյա ջրային ավազան, որը հանդիսանում է խմելու ջրի աղբյուր: Իսկ թունավորված ջուրը աղտոտելու է շատ ավելի մեծ տարածք, քան պոչամբարի սահմանները:

Հանքարդյունաբերական ծրագրով նախատեսվում է հատել 357 հա տարածք, որից մոտ 74 հեկտարն արդեն հատվել է, և այս պահին էլ անտառը հատվում է: Մենք արշավի ժամանակ տեսանք հսկայական կոճղերի կույտեր, և մարդիկ ասում էին, որ ամեն օր նորերն են բերում:

Անտառում 200 բուսատեսակ կա, 55 տեսակ կաթնասուն, 86 տեսակ թռչուն, 10 տեսակի սողուն: Սրանցից շատերը հազվադեպ հանդիպող են և համարվում են վտանգված, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

Եթե ծառերը հատվեն, անտառի տարածքը կջրազրկվի և կվերածվի անապատի: Էլ չասեմ, որ Քաջարանի փորձը ցույց է տալիս, որ պոչամբարից 2 կմ հեռավորության վրա գտնվող հողերի բերրիությունը նույնպես ընկնում է, այսինքն՝ հողն իր մեջ ներծծում է թունավոր նյութերը և մուտացիայի ենթարկվում:

Մենք միշտ ասում ենք, որ մեր նպատակը միայն անտառի փրկությունը չէ, այլև՝ հողի, որովհետև եթե դու կորցնում ես անտառը, կորցնում ես ջուրը, եթե կորցնում ես ջուրը, ապա ընկնում է հողի բերրիությունը:

Թունավոր թափոնները ինչպե՞ս կարող են ազդել մարդու առողջության վրա:

Գիտությունն արդեն ապացուցել է, որ մոլիբդենն արգելակում է սաղմի ոսկորների ձևավորումը: Դրանից առաջանում են լյարդի, երիկամների, թոքերի, ատամների, սրտանոթային և նյարդային հիվանդություններ: Մկնդեղն առաջացնում է հյուսվածքային շնչառության խախտում, մաշկի քաղցկեղ, փսիխոզ, հիշողության ու խոսքի խանգարումներ:

Եվ ամենակարևորը՝ սա մեզ համար առաջին հերթին իրավունքների պայքար է: Գյուղացիները, փաստորեն, զրկված են արժանապատիվ աշխատանք ունենալու հնարավորությունից, պետությունը նրանց ստիպեց 1 քմ հողատարածը 4 տուփ լուցկու գնով վաճառել և այդ մարդիկ շարունակելու են նույն աղքատության մեջ ապրել և այդտեղից միայն հանքատերն է օգուտ ստանալու:

Այստեղ, իմ կարծիքով, արդարության խնդիր կա։ Բազմաթիվ մարդկանց իրավունքներ են խախտվել բիզնես շահերի համար, մի կողմից այն քաղաքացիների, ովքեր ուզում են, որ իրենց հողը մաքուր լինի, այլ ոչ թե թափոնավայրի վերածվի, մյուս կողմից՝ գյուղացիների, ովքեր ցանկանում են արժանապատիվ աշխատանք և կյանք ունենալ: Եվ այս կոնֆլիկտի մեղավորը ո՛չ հանքարդյունաբերող ընկերությունն է, ո՛չ էլ գյուղացին, այլ հենց կառավարությունը: Մեր դժգոհությունները բոլոր առումներով ուղղված են կառավարությանը և մենք կառավարությունից ենք պահանջելու մեր խախտված իրավունքների վերականգնումը:

Իսկ լրագրողներն ինչո՞վ կարող են ձեզ օգնել:

Ես ուզում եմ, որ լրագրողները, ովքեր հետաքրքրքված են այս հարցերով, ոչ թե ավելի շատ կենտրոնանան հանքարդյունաբերողի վրա, որը վաղը կարող է գնալ և նրա փոխարեն ուրիշը գա, այլ՝ կառավարության վրա: Հարցնեն կառավարության անդամներին՝ ի՞նչ գիտեն Թեղուտի ծրագրի բնապահպանական հետևանքների մասին, այնտեղ ապրող գյուղացիների վիճակի մասին՝ ինչպե՞ս են ապրում, ինչքան աշխատավարձ են ստանում, քանի՞սն են գաղթել և ինչո՞ւ:

Քո կարծիքով՝ կառավարության անդամներն այդ վտանգները չիմանալո՞վ են հավանություն տվել Թեղուտի ծրագրին, թե՞ ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ անտեսել են այդ վտանգները:

Ես չեմ բացառում, որ ունենալով բիզնես շահեր, նրանք կարող էին անտեսել այն վտանգները, որոնք առկա են այս ծրագրի իրականացման դեպքում: Չեմ կարծում, որ եթե նրանք շահեր չունենային, կարողանային իսկապես  անտեսել այս  ծրագրի վտանգները:

Ակնհայտ է, որ այլևս հնարավոր չէ թաքցնել, որ Թեղուտի հանքարդյունաբերության ծրագիրն ունի իրավական խախտումներ, որը հաստատել է Օրհուսի համապատասխանության կոմիտեն: Իսկ Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագծի մեջ կան թերություններ, սխալներ, կեղծիքներ:

Այսօր ի՞նչ նպատակներ և պահանջներ է իր առաջ դրել խումբը։

Մեր նպատակն է, որ ծրագիրը չիրականացվի, վերականգնվի արդարությունը և բնությանը հասցված վնասը: Մենք չենք ուզում ունենալ երկրորդ Քաջարանը, Արծվանիկը, չենք ուզում կորցնել մեր հողը: Հասունացել է այն պահը, որ արդեն քիչ է փրկել գետ, ծառ, ջրվեժ, սար, այգի... Հիմա պետք է փրկել հողը, որը ծածկվում է պոչամբարներով, թունավոր թափոններով, ծառահատվելով ջրազրկվում է և անապատացվում:

Մենք չենք կարող, ունենալով 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, այս մասշտաբներով զարգացնել հանքարդյունաբերությունը, և հնարավոր չէ դա համատեղել գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման հետ: Այսինքն՝ շատ լուրջ հակասություն կա: Իսկ Ընդերքօգտագործման նոր օրենսգիրքը ավելի է խթանում ընդերքօգտագործումը, չի սահմանում թափոնի համար տուրքեր, այսինքն՝ հանքարդյունաբերողների համար մեզ մոտ պարզապես դրախտ է, իրենք թափոնի համար ոչինչ  չեն վճարում, կա հարուստ հանքանյութ, ինքը պարզապես պետք է հողը փորի, դրանք հանի, 20 տոկոս հարկ վճարի պետությանը և տանի:

Սա շատ արագ և հեշտ հարստանալու միջոց է, բայց դա տնտեսության կայուն զարգացում չի ապահովում, որովհետև փոշիացվում է պետական հարստությունը, պետությունը դրանից չի շահում: Ես ինքս եղել եմ Սոտք գյուղում: Ահավոր է, երբ դու տեսնում ես, որ մի ամբողջ գյուղ նստած է ոսկու վրա և այնքան աղքատ է, որ չես հասկանում՝ ո՞ւր է գնում այդ հարստությունը, ինչո՞ւ ներդրումներ չեն արվում գյուղում:

Եվ վերջում մի քիչ հետ գնանք: Ե՞րբ  միացար Թեղուտի պաշտպանության խմբին և եթե համեմատելու լինես, ի՞նչ փոփոխություններ ես տեսնում:

Ես պայքարին միացել եմ 2010թ.-ից: Իսկ խումբն ավելի վաղ է ստեղծվել և իր գործունեության մեջ ակտիվության տարբեր փուլեր է ունեցել, կազմակերպել են տարբեր ակցիաներ: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է. երիտասարդներն ավելի են ակտիվացել, ավելի պահանջատեր են դարձել իրենց երկրի համար՝ այն ժամանակվա համեմատ, երբ նոր էր սկսվել շարժումը: Գուցե ժամանակ էր պետք հասունանալու համար կամ գուցե նոր տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին ավելի հեշտությամբ տեղեկացնել մարդկանց, մոբիլիզացնել:

Ես հիմա վստահ եմ, որ մենք բռնել ենք պոչը ու բաց չենք թողնելու և շատ մարդիկ միանալու են այս պայքարին, որովհետև սա արդարության խնդիր է, բազմաթիվ մարդիկ տուժում են՝ գյուղացիները, ՀՀ բոլոր քաղաքացիները, քանի որ Թեղուտը միայն թեղուտցիներինը չէ, այլ ամբողջ հայերինը և նրանց ժառանգներինը: Եվ կառավարությունը պետք է այս հարցին լուծում տա:

Ես հավատում եմ մեր հաղթանակին, և ուզում եմ, որ բոլորը հավատան, որովհետև ի վերջո սա իրենց երկիրն է, Թեղուտը իրենց հողն է, ինչո՞ւ նրանք պետք է հեշտութամբ հրաժարվեն Թեղուտից, այդքան հեշտ չի լինելու մեզնից Թեղուտ խլելը:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Նկարը՝  Թեղուտի պաշտպանության խմբի 
Աղբյուրը՝ www.hra.am