Հարցազրույց

Վճռաբեկ դատարանը վտանգավոր նախադեպ է ստեղծել

09.02.2012

Հարցազրույց փաստաբան Կարեն Մեջլումյանի հետ

ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 26-ի թիվ 848 որոշմամբ Տաթև վանական համալիրը և հարակից գյուղերի տարածքը պետք է դառնա «Տաթև» զբոսաշրջության կենտրոն, ինչի հետևանքով մի շարք հողատարածքներ պետք է օտարվեն: Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի 12 բնակիչ-սեփականատերեր հրաժարվել են օտարման պայմանագրեր կնքել և փորձում են իրենց իրավունքները պաշտպանել դատարանների միջոցով: Նրանց շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Մեժլումյանի պնդմամբ՝ ինչպես որոշման ընդունման, այնպես էլ տարածքի օտարման գործընթացում եղել են բազմաթիվ խախտումներ:

Ձեր կարծիքով՝ ի՞նչ խախտումներ են եղել Կառավարության 828 որոշման ընդունման գործընթացում:

Ըստ իս և ըստ իմ վստահորդների՝ թերություններ և խախտումներ եղել են: Իմ վստահորդները «Տաթև» զբոսաշրջության կենտրոն ստեղծելու ծրագիրը շատ դրական են գնահատում, բայց կա մի «բայց»: Այս մարդկանց հողամասերը շատ չնչին գներով վերցրեցին իրենցից, 1 քմ գնահատեցին 80 դրամ, որը մեկուկես ձվի արժեքից պակաս գումար է: Այսինքն՝ իրենց ողջ ունեցվածքը վերցրեցին՝ ամեն սեփականատիրոջն առաջարկելով 200 հազար դրամից պակաս գումար: Ավելին՝ նրանք որևէ գումար չեն վերցրել, բայց մինչև այդ իրացնողն ապօրինաբար մտել է իրենց տարածք և սկսել աշխատանքներ կատարել:

Սահմանադրությունը երաշխավորում է շուկայական գնին համարժեք և նախնական փոխհատուցում, այսինքն՝ պետք է սկզբից փոխհատուցումը լինի, նոր մտնեն, տարածքը վերցնեն: Այս մասին անգամ Սահմանադրական դատարանի  (ՍԴ) որոշում կա, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էր ՍԴ դիմել: Մի խոսքով՝ առանց փոխհատուցման, առանց  որևէ առաջարկի մտել են տարածք և սկսել են տիրապետել, այս մարդկանց թույլ չտալով իրենց աշնանացանն անել:

Այն ժամանակ դիմել եք նաև մարդու իրավունքների պաշտպանին, ի՞նչ ընթացք ունեցավ այդ դիմումը:

Սկզբում դիմումն ընդունվեց, այնուհետև պաշտպանը որոշեց դադարեցնել հարցի քննարկումը հետևյալ պատճառաբանությամբ՝ քանի որ իրացման գոտի է, տրվել է նրանց: Բայց փոխհատուցում չկար, և ինքը հենց այդ հարցով դիմել էր ՍԴ: Փաստորեն նա ՍԴ որոշմանը ճիշտ հակառակ ոստիկանական պատասխան գրեց: Ինչո՞ւ եմ ասում ոստիկանական, որովհետև հենց նույն պատասխանը ստացել էինք ոստիկանությունից: Սեփականատերերը գրել էին, որ ինչ-որ մեկը եկել է, մեր սեփականությունը ցանկապատել է, մտել է մեջը, մեզ էլ թույլ չի տալիս մտնել, ինչ-որ իտալերեն բաներ են ասում, սպառնում են ոստիկան կանչել: Ոստիկանությունը նույն պատասխանն էր տվել՝ դա իրացման գոտի է, կառավարության որոշումով իրենց է տրվել, մենք այդտեղ անելիք չունենք:

Բացի փոխհատուցման գումարի չափից, էլ ի՞նչ դժգոհություն ունեն հալիձորցիները:

Գլխավորը փոխհատուցման չափն է: Այդ մարդիկ ասում են, որ գյուղացու միակ ապրուստը հողն է, այլ աշխատատեղեր չկան իրենց մոտ: Միակ աշխատանքը հող մշակելն է, անասուն պահելը, այդ հողից ստացած բերքը վաճառելը կամ ուտելը և ապրելը: Ուրիշ եկամուտ չունեն: Եթե գյուղացուց հողը վերցրեցին, վերջ, նա զրկվեց ապրուստի միջոցից: Այնքան գումար չեն տալիս, որ ինչ-որ գործ սկսեն, այդ մի քանի հայուր հազար դրամը ոչ մի հարց չի լուծի: Գոնե պետք է այնքան գումար տային՝ շուկայական գնին համարժեք, որ այդ մարդիկ կարողանային ինչ-որ մի բան անեին: Նպատակը լավն է, ծրագիրը լավն է, բայց երբ նայում ես այդ ծրագրի արժեքին և այդ մարդկանց առաջարկվող փոխհատուցմանը...։

Դուք պնդում եք, որ Կառավարության որոշումն անվավեր պիտի համարվի, ինչո՞ւ, ի՞նչ խախտումներ են եղել:   

Օրենքն ասում է, եթե իրացման գոտի սահմանելուց հետո 2 ամսվա ընթացքում այդ իրացման գոտու սեձականատերերին առաջարկները չեն արվում, ուրեմն Կառավարության որոշումը և ամեն ինչը համարվում է անվավեր: Առաջարկներ չէին արել: Երբ որ մենք դիմեցինք դատարան, ինչ-որ առաջարկներ հայտնվեցին, իբրև թե սեփականատերերին առաջարկ է եղել 1քմ՝ 80 դրամով: 12 հոգուց ընդամենը մի քանիսին ուղարկել էին առաջարկ՝ ինչ-որ գին գրած: Երբ մտանք դատարան, ասացինք, որ շուկայական գին պիտի լինի, պետք է գնահատում լինի. այս թիվը որտեղի՞ց եք ստացել: Բերեցին մի կազմակերպության գնահատում, որն արվել է 2010թ. փետրվարի 26-ին: Իսկ մի քանի սեփականատերերին առաջարկն ուղարկվել է 2009թ նոյեմբերին: Ստացվում է, որ շահույթ հետապնդող կազմակերպությունն իր ուզած թիվը գրել է՝ 80 դրամ, բայց քանի որ Կառավարության որոշմամբ պիտի գնահատում լիներ, պատվիրել են, որ այդ գնով էլ գնահատեն: Ես այդպես եմ մտածում, այդպիսի բան չի կարող լինել, որ առաջարկը և հետագայում արված գնահատումը լումա-լումա համընկնեն: Մի խախտումը սա էր:

Մեկ այլ խախտում Կառավարության կողմից։ Գյուղատնտեսական հողերի կարգավիճակը կառավարությունը փոխեց՝ դարձնելով քաղաքաշինական նշանակության հողեր: Քաղաքաշինական նշանակության հողերն ավելի բարձր արժեք ունեն, քան գյուղատնտեսականը: Այսինքն՝ հողերի արժեքն օբյեկտիվորեն բարձրացավ:  Բայց կառավարությունն իր որոշման մեջ գրեց՝ հողերի կարգավիճակը փոխել, երբ որ նոր սեփականատիրոջ իրավունքը գրանցվի, այսինքն՝ դա արվեց ակնհայտ նրան լրացուցիչ շահույթ ապահովելու համար, որպեսզի սեփականատերերին քիչ վճարի: Ստացվում է, որ Կառավարության որոշման նպատակը եղել է ընդամենն այդ կազմակերպությանը շահույթ ստանալու հնարավորություն տալը, այդ քաղաքաշինական ծրագրի օբյեկտիվ անհրաժեշտությունը չի եղել: Իսկ եթե այդ անհրաժեշտությունը եղել է, ուրեմն այս բնակիչների հողն իրականում ավելի թանկ է եղել, բայց կառավարությունն իր որոշմամբ նրանց զրկել է իրական շուկայական արժեքով փոխհատուցում ստանալու հնարավորությունից և հողերը գնահատվել են որպես գյուղատնտեսական նշանակության հողեր:

Այս խախտումների շղթան շարունակվում է:

Այդ բոլոր փաստերը ներկայացրեցիք դատարան, ի՞նչ որոշեց դատարանը:   

Գնացինք դատարան, դատարանն առանց հրապարակային դատաքննության հայցը մերժեց և մի աբսուրդ որոշում են կայացրել: Գերակա հանրային շահը Սահմանադրությամբ և օրենքներով այն է, որ պետք է լինի ինչ-որ մի ծրագիր, գերակա շահ ճանաչվում է այդ ծրագրի նկատմամբ և այդ հիմքով օտարվում են հողերը պետության կարիքների համար: Այստեղ Կառավարության որոշմամբ նշվում է հանրային գերակա շահ ճանաչել հողի նկատմամբ՝ գույքի: Գույքը չի կարող գերակա հանրային շահ ճանաչվել: Գույքը կարող է գերակա հանրային շահի նպատակով օտարվել. ինչ-որ նպատակ, ծրագիր գերակա շահ է ճանաչվում և այդ նպատակի համար օտարվում է: Այստեղ ընդհանրապես այդ փիլիսոփայությունն են խառնել, դատարանն առանց հրապարակային դատաքննության մեզ կանչեց դատական ակտի հրապարակմանը, ինչի ակնհայտորեն հակասում է մեր Սահմանադրությանը, որտեղ երաշխավորված է հրապարակային քննության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը մերժեց մեր բողոքը, գտավ, որ կարող էր ոչ հրապարակային դատաքննություն լինել: Կա հրապարակային և ոչ հրապարակային կամ դռնփակ ընթացակարգ, և կա բանավոր և գրավոր ընթացակարգ: Իրենք գրավոր ընթացակարգը շփոթում են ոչ հրապարակային դատաքննության հետ, բայց դրանք լրիվ տարբեր հասկացություններ են: Դատական համակարգում այդ շփոթը կա: Մենք այդ հարցով դիմել ենք ՍԴ, դրա հետ կապված ապրիլի 4-ին որոշում կլինի:

Առանձին հայցով դատարան էր դիմել նաև ձեռքբերող ընկերությունը՝ «Ինսթեյթ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն: Ի՞նչ էր պահանջում:

Ընկերությունը պահանջում էր պարտավորեցնել կնքել օտարման պայմանագրերը։ Պայմանագրեր, որոնք սեփականատերերը չեն ստացել: Երբ մենք դատարանում ասացինք, որ պայմանագրեր չեն ստացել և Կառավարության որոշումն էլ ուժի մեջ չէ, քանի որ ժամկետները չեն պահպանվել, Վերաքննիչ դատարանը մեկնաբանեց, որ Վճռաբեկ դատարանի մի նախադեպ կա, որ եթե սեփականատերերից մեկն անգամ գործարք կնքի, համարվում է (այդպիսի կանխավարկած է գործում), որ մյուս բոլոր համասեփականատերերը տեղյակ են և համաձայն են դրան: Եւ պարզվեց իսկապես Վճռաբեկ դատարանը նման նախադեպային որոշում ունի Քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ: Այդ հարցով էլ ենք դիմել ՍԴ և փետրվարի 14-ին այդ հարցով նիստ է լինելու:

Ի՞նչ վտանգ եք տեսնում այդ որոշման մեջ, որի սահմանադրականությունն եք վիճարկում:

Սա շատ լուրջ խնդիր է: Գույքի 10 սեփականատերերից մեկը մի հատ թղթի կտորով, որը նույնիսկ նոտարական վավերացում չունի, պայմանագիր է կնքել, ինչ-որ գումար է ստացել ու անհետացել է: Նա, ով թղթի կտորով գնել է գույքը, դիմել է դատարան, որպեսզի այդ պայմանագիրը վավեր ճանաչվի ու մնացած համասեփականատերերին վտարեն, ու դատարանը պահանջը բավարարել է։ Վճռաբեկ դատարանի մեկնաբանմամբ՝ գործում է մնացած 9 համասեփականատերերի իմացության և համաձայնության կանխավարկածը: Վճռաբեկ դատարանը նշել է, որ մի դեպքում կարող է այդ կանխավարկածը չգործել, եթե համասեփականատերերը նոտարում պայմանագիր են կնքել, որ այդ կանխավարկածը չի գործում և այդ պայամանագիրը գրանցված է կադաստրում:

Սա շատ լուրջ հարց է: Ցանկության դեպքում ցանկացած գույք  կարող են վերցնել: Գտնում են մի թույլ օղակի, թղթի վրա գրել են տալիս, որ վերցրել է այսքան գումար, որի դիմաց վաճառում է տունը: Տունը, ասենք, արժի 100 հազար դոլար, եթե վաճառեին 10 սեփականատերերից մեկին հասնում է ընդամենը 10 հազարը: Նրանցից մեկին կառաջարկեն 20 հազար դոլար՝ իր բաժնից կրկնակի անգամ ավել, և կստիպեն, որ ինչ-որ թղթի վրա վաճառքի համաձայնություն տա: Հետո այդ թղթի կտորով կմտնեն դատարան, բոլոր համասեփականատերերին վտարելու պահանջով:

Այսօր մեր Վճռաբեկ դատարանը նման նախադեպ է ստեղծել, որպեսզի ցանկացած մարդու գլխին ինչ ուզեն, սարքեն: Կարող են գտնել մի թույլ օղակ, ստորագրել տան ու վերջ: Չգիտեմ ինչո՞ւ են այդպես արել: Ես մի հոդված էլ եմ գրել դրա մասին, որ Հայաստանում սկսվում է ռեյդերություն կոչվածը, որը Ռուսաստանում է շատ գործում, երբ որ մարդկանցից տներ են խլում, գործարաններ, բիզնես են խլում: Այս որոշումը դրա համար մեծ հիմքեր է տալիս:

12 հալիձորցիների սեփականությունը հանդիսացող տարածքներն արդեն աբողջությամբ իրացվե՞լ են։

Այդ մարդիկ իրենց հողը չեն կարողանում օգտագործել, վերցրել են, ցանկապատել են, բայց մինչ օրս որևէ շինարարություն չեն արել: Մեր պետությունը պարտավոր է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով նարնց ապահովել անվճար իրավաբանական օգնություն, նրանք ի վիճակի չեն վճարել, բայց քաղաքացիական գործերով այս պահին դեռ չեն ապահովում պաշտպան: Ես այս գործը որպես իրավապաշտպան եմ վերցրել՝ որպես ստրատեգիական նշանակության գործ։  Այս պահին սպառել ենք դատական բոլոր ատյանները և սպասում ենք ՍԴ վճռի, որպեսզի նորից դիմենք դատարան։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքանյանի
Աղբյուրը՝ www.hra.am