Հարցազրույց

Շատերը չեն հասկանում, որ իրենց հետ կատարվողը բռնություն է

27.03.2012

Աննա Նիկողոսյան

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականին, իր առջև դնելով կանանց իրավունքների պաշտպանության խնդիրը Հայաստանում՝ ձգտելով հաստատել գենդերային հավասարություն բոլոր ոլորտներում: Կազմակերպությունը կրթական և իրազեկման ծրագրեր է իրականացնում հիմնականում մարզերում և գյուղերում (Գեղարքունիք, Սյունիք, Շիրակ, Լոռի, Տավուշ):

Հարցազրույց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանի հետ

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Հայաստանում չկա գենդերային հավասարություն:

Պատճառը մեր մտածելակերպն է, մեր ավանդույթներն են: Մեր երկրում տարիներ շարունակ կինը եղել է երկրորդ պլանում բոլոր ոլորտներում: Տանը կինը, այսպես ասած, «սպասավորի» դեր է կատարում, խոսքի իրավունք չունի, տան գլուխը տղամարդն է և ինչպես որոշի, այնպես էլ անում է: Շատ քիչ կանայք կան, ովքեր կարողանում են ինքնադրսևորվել, որովհետև կնոջն ասում են՝ դու պիտի երեխաներ ունենաս, նրանց խնամես, դաստիարակես և տնային գործերով զբաղվես: Քիչ կանայք կան, ովքեր կարողանում են իրենց ռեալիզացնել տարբեր ոլորտներում:

Իսկ այն, որ կինը չի կարողանում ինքնադրսևորվել և կայանալ, ի՞նչ հետևանքների է հանգեցնում:

Դա կարող է հանգեցնել ամենատարբեր հետևանքների, օրինակ՝ բռնությունների: Եթե ընտանիքում տղամարդն է իշխող դերում, ամեն բան, ինչը տղամարդուն դուր չի գալիս, կարող է ծնել բռնություններ: Կարող է ճաշը պատրաստ չլինի տվյալ ժամին, և դա պատճառ հանդիսանա, որպեսզի ամուսինը կնոջը ծեծի: Հատկապես մարզերում դա շատ տարածված է:

Հետևանքներից է այն, որ թեկուզ քաղաքականության մեջ շատ քիչ են այնպիսի կին գործիչները, ովքեր կլինեն օրինակ երիտասարդ աղջիկների համար և նրանք կձգտեն նմանվել այդ գործիչներին: Այսինքն՝ այդ սահմանափակումները, որ դրվում են ընտանիքում դեռ վաղ հասակից, հանգեցնում են նրան, որ մենք քիչ ունենք կին լիդերներ: Բոլոր ոլորտներում գերիշխողը տղամարդիկ են:

Իսկ հայ կինը պատրա՞ստ է ավանդական հայ կնոջ կերպարից դուրս գալ և դառնալ լիդեր, զբաղվել ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ, մտնել քաղաքական թոհուբոհի մեջ:

Կարծում եմ, որ ոչ մի բան միանգամից տեղի չի ունենում: Եթե նույնիսկ հիմա ասեն, որ քաղաքականության մեջ կանայք և տղամարդիկ պետք է լինեն 50-50 հարաբերակցությամբ, մենք չունենք կանայք, ովքեր այդ 50 տոկոսը կլրացնեն: Դա ունի իր պատճառը: Ես արդեն ասացի, որ դեռ ընտանիքից դաստիարակում են, որ կինը կարիերայով այդքան էլ չպիտի զբաղվի, որովհետև պետք է երեխաներին դաստիարակի և այլն։

Դրա համար մենք աշխատում ենք կանանց հետ, և դա սկսում ենք անել վաղ տարիքից, որպեսզի երիտասարդ աղջիկները հասկանան, որ իրենք հասարակության լիաժեք անդամ են և իրենք նույնպես ասելիք ունեն: Մենք նրանց քաջալերում ենք, համապատասխան հմտություններ ենք տալիս, որ հետագայում որոշեն, եթե ուզում են իրենց ինքնադրսևորել որևէ ոլորտում, պետք է իրենց վրա աշխատեն, որ կարողանան:

Մենք այսօր քիչ կին լիդերներ ունենք, բայց ուրախալի է, որ կին ակտիվիստները գնալով ավելի են շատանում՝ գուցեև մեզ նման կազմակերպությունների շնորհիվ:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին օրենքով պարտադրվեց, որ համամասնական ցուցակներում ամեն 6-րդ թեկնածուն կին լինի: Կանանց ստիպողաբար ԱԺ ուղարկելը, ձեր կարծիքով, որևէ արդյունք կտա՞, թե զուտ ձևական ներկայություն են ապահովելու օրենսդիր մարմնում:

Ես կարծում եմ, որ դա մի քիչ արհեստական բնույթ է կրում: Բայց պետք է ասեմ, որ կան որոշ կուսակցություններ և որոշ կին լիդերներ քաղաքական ոլորտում, որոնց ես շատ հարգում եմ և կարծում եմ, որ նրանք իրենց գործունեությամբ արդեն որոշակի ներդրում ունեցել են հասարակության մեջ: Բայց դրանք առանձին դեպքեր են, մեծամասնության դեպքում կանանց ներկայությունը ձևական բնույթ է կրում:

Ես կարծում եմ, որ դա երկարատև գործընթաց է, և չենք կարող մեկ օրենքով և որոշումով ամեն ինչ փոխել: Պետք է կանայք հասկանան, որ իրենք կարող են փոխել ինչ-որ բան և իրենց վրա աշխատեն: Եթե այդպես լինի, մենք տարիներ հետո կունենանք կին լիդերներ և, ինչու չէ, միգուցե մի օր էլ ունենանք կին նախագահ:

Ի՞նչ եք դուք հասկանում բռնություն ասելով, և ինչպե՞ս են ձեր շահառու կանայք ընկալում բռնությունը:

Ես ինքնս բռնություն համարում եմ ցանկացած մի արարք, որն իմ կամքին հակառակ է: Եվ ասեմ, որ իմ ընկալումը և մեր կանանց պատկերացումները բռնության մասին ծայրահեղ տարբեր են: Մանավանդ մարզերում, գյուղերում, երբ մենք հարցնում ենք՝ ի՞նչ են հասկանում՝ ասելով «բռնություն», իրենք բռնություն են համարում միայն ֆիզիկական բռնությունը: Կարող է մի փոքր հատված նշի նաև հոգեբանական բռնությունը՝ չխորանալով և չհասկանալով՝ ի՞նչ է դա: Սեռական բռնության մասին ընդհանրապես չեն խոսում, իսկ տնտեսական բռնության մասին, ընդհանրապես, առաջին անգամ են լսում: Այսինքն՝ բռնությունը որպես երևույթ ճիշտ չի ընկալվում, մտածում են, որ դա ծեծ է, ապտակ, հրմշտոց, բայց կնոջը նվաստացնելը, կնոջ խոսքը չհարգելը, կնոջ ինքնագնահատականն անընդհատ ցածրացնելը, նրան աշխատել չթողելը մեր հասարակության մեջ բռնություն չի համարվում, այլ սովորական երևույթ: Եվ մենք հենց այդպիսի մտածելակերպի փոփոխման համար ենք աշխատում, որպեսզի առաջին հերթին մարդկանց գիտակցությունը փոխվի:

Բռնության ո՞ր տեսակներն են մեզ մոտ ավելի տարածված:

Ես կարծում եմ, որ մեզ մոտ ավելի շատ տարածված է հոգեբանական բռնությունը՝ գոռալը, կնոջը նվաստացնելը, թերագնահատելը, երբ ամուսինը անընդհատ ասում է՝ «դու կին ես, սա չես կարող անել, նա չես կարող անել, նստիր տեղդ»:

Տնտեսական բռնությունն է տարածված, երբ չեն թողնում կնոջն աշխատել և ֆինանսական կախվածության մեջ են դնում տղամարդուց: Մարզերում տարածված երևույթ է, երբ թույլ չեն տալիս կնոջը 4 պատից դուրս գալ, կրթություն ստանալ, մասնագիտություն ձեռքբերել:

Իսկ կինը գիտակցո՞ւմ է, որ այդ ամենը բռնություն է և գիտի՞, թե ինչպես պետք է պաշտպանվի:

Ցավոք, շատ շատերը չեն հասկանում, որ այն ամենը, ինչ իրենց հետ կատարվում է, բռնություն է: Որովհետև երբ գանգատվում են ծնողի մոտ, նա ասում է՝ «բա քո ամուսինն է, մի հատ էլ կարող է խփել, հայոհել»: Նրանք թևափափ են լինում կամ մտածում են՝ երևի նորմալ երևույթ է, սկսում են հարմարվել: Հետո, երբ դանակը հասնում է ոսկորին, տեսնում է այլևս չի կարողանում դիմանալ, առաջ է գալիս մեկ այլ խնդիր՝ նա չգիտի ո՞ւմ դիմի օգնության համար:

Իսկ ոստիկանությանը դիմո՞ւմ են:

Շատ քչերն են, որ դիմում են ոստիկանություն: Եթե նույնիսկ դիմում են, շատ հաճախ ոստիկանի վերաբերմունքը լինում է նույնը, ինչ ծնողներինը՝ «բա քո ամուսինն է, կարող է մի հատ էլ ծեծի, գնացեք, փորձեք խոսել, բարիշել, իրար հասկանալ»: Կինը հայտնվում է միայնակ, անօգնական վիճակում և չի իմանում՝ ինչ անել: Մենք մեր թրեյնինգների ժամանակ սովորեցնում ենք՝ ի՞նչ անել բռնության դեպքում, ո՞ւմ դիմել, թեժ գծի համար ենք տալիս: Սակայն նրանք թերահավատությամբ են մոտենում, որ ինչ-որ մեկը կարող է օգնել, մտածում են, որ դա իրենց ճակատագիրն է և «ընկել են, պիտի քաշեն», լռում են, համակերպվում:

Իսկ իրավապահ մարմինների դերն ինչպիսի՞ն պետք է լինի ընտանեկան բռնությունների կանխարգելման գործում:

Մենք շատ անելիքներ ունենք այդ հարցում: Ոստիկանություն-ընտանիք կապն ստեղծելու ուղղությամբ մեր և մեզ նման կազմակերպությունների ջանքերն արդյունք չեն տալիս, ցավոք: Առաջին հերթին պետք է ոստիկանության նկատմամբ վստահություն լինի, որ բռնության ենթարկված կինը համոզված լինի, որ եթե դիմեց ոստիկանություն, ապահով ձեռքերում է լինելու, իրեն պաշտպանելու են:

Վստահություն չկա, որովհետև ոստիկանությունն ադեկվատ չի արձագանքում, որովհետև ոստիկանները նույն ավանդական, կարծրացած մտածելակերպի մարդիկ են: Եթե նա նույն մտածողությունն ունի, ինչ բռնարար տղամարդը, ինչպե՞ս կարող է օգնել կնոջը:

Մեզ մոտ կինը գնում է ոստիկանություն, դիմում է գրում, տուն է գալիս, ավելի դաժան բռնությունների է ենթարկվում, որ բողոք է գրել: Ստիպված է լինում բողոքը հետ վերցնել, որովհետև ամուսինը ճնշումներ է գործադրում: Իսկ դիմումը վերցնելուց հետո իրավապահները չեն հետաքրքրվում այդ կնոջ ճակատագրով:

Ոստիկանը դեռ կրթություն ստանալիս պետք է սովորի՝ ինչպե՞ս վարվել բռնության ենթարկված կնոջ հետ, ինչպե՞ս օգնել նրան, որպեսզի իրեն դիմած կնոջը, ով բռնության զոհ է դարձել, չհարցնի՝ «դու ի՞նչ ես արել, որ ամուսինդ քեզ ծեծել է»:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am