Հարցազրույց

Ավելի քան 12 տարիների ընթացքում նույնիսկ «խոշտանգում» եզրույթը չի համապատասխանեցվել ՄԱԿ–ի կոնվենցիային

21.05.2012

2012թ. մայիսի 10–ին և 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նիստի շրջանակներում դիտարկվեց Հայաստանի Հանրապետության երրորդ պարբերական զեկույցը՝ ՀՀ կողմից 1993 թ. վավերացված ՄԱԿ-ի խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայի իրականացման վերաբերյալ։

Հարցազրույց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի (ՔՀԻ) իրավաբան Տաթևիկ Ղարիբյանի հետ, ով ներկա է գտնվել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նիստին։

Որքանո՞վ էր այդ նիստը կարևոր ՄԱԿ-ի, Հայաստանի իշխանության ու բնակչության, զեկույցներ ներկայացրած հասարակական կազմակերպությունների համար:

Սա հերթական՝ երրորդ հաշվետվությունն էր, որն ըստ էության ուշ ներկայացվեց, բայց կոմիտեի անդամները նշեցին, որ շնորհակալ են, որ գոնե ուշացումով ներկայացվեց: Վերջին հաշվետվությունը ներկայացվել էր 1999թ.-ին: Ընդհանրապես հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ՄԱԿ-ի կողմից բարձր գնահատվեց, քանի որ նրանք են լրացուցիչ տեղեկություններ տրամադրողները, որի հիման վրա երկրի պատկերն ավելի ամփոփ է ներկայացվում և նրանց միջամտությամբ կան հարցեր ու խնդիրներ, որոնց անդրադարձ է կատարվում՝ լուծումներ գտնելու ակնկալիքով: ՔՀԻ-ն ակտիվորեն հետևում է խոշտանգումների հարցերին, որոնց և նվիրված էր մեր զեկույցը, որը պատրաստել էինք Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) հետ:

Կոնկրետ ո՞ր գործերին եք անդրադարձել ձեր զեկույցում ու ի՞նչ արձագանք եք ստացել նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում բարձրաձայնվեց մի շարք գործերի մասին: Դրանց թվում էին նաև մեր կողմից ներկայացված Լևոն Գուլյանի, Վահան Խալաֆյանի, բանակում կատարված սպանությունների գործերից՝ Տիգրան Օհանջանյանի, Արտակ Նազարյանի և այլ գործեր: Լևոն Գուլյանի գործով հարց բարձրացվեց, թե հատուկ քննչական ծառայությունն արդյունավե՞տ է աշխատում, թե՞ ոչ: Պետության կողմից պատասխան հնչեց, որ դատարանները որոշում են կայացրել, որ նորից պետք է փորձաքննություն կատարվի, և ներկայումս գործը գտնվում է քննության փուլում: Մենք անդրադարձել ենք նաև Ստեփան Հովակիմյանի գործին, ով արդեն 2 տարուց ավելի է կալանավորված է, գործը գտնվում է դատաքննության փուլում և մեղադրանքը հիմնված է իր կողմից տրված ինքնախոստովանական ցուցմունքների վրա, որն ինչպես ինքն է նշում և դեռևս նախաքննական փուլից հայտարարել է՝ ձեռք են բերվել ծեծի միջոցով:

Ի՞նչ խնդիրներ էր բարձրաձայնում Կոմիտեն, որքանո՞վ էին նրանք տեղեկացված Հայաստանի խնդիրներին:

Կոմիտեում բարձրացվեցին խոշտանգումների հաղորդումների քննությունների արդյունավետության, խոշտանգումներից տուժողներին փոխհատուցում տրամադրելու հարցերը, անպատժելիության խնդիրը: Չնայած Հայաստանում կա հատուկ քննչական ծառայություն, որքանո՞վ են նրանց կողմից անցկացվող քննություններն արդյունավետ անցկացվում: Հարցրեցին երաշխիքների՝ փաստաբան ներգրավելու, մերձավորներին տեղեկացնելու, բժշկի կողմից զննության ենթարկվելու վերաբերյալ: Հայտնի է, որ անձին առանց որևէ կարգավիճակի և առանց ծանուցագրի հրավիրում են ոստիկանություն բացատրություն վերցնելու նպատակով, և այդ ժամանակ անձը բավականին խոցելի վիճակում է գտնվում, չնայած առկա է Վճռաբեկ դատարանի որոշում, որ անձը պետք է օգտվի իր բոլոր երաշխիքներից իրեն ոստիկանություն բերման ենթարկելու փաստացի պահից, սակայն գործնականում այս դրույթները չեն պահպանվում:

ՄԱԿ—ի կոմիտեի անդամները բավականին լավ տեղեկացված էին ու բարձրացրեցին նաև անչափահասների արդարադատության հարցը, մասնավորապես այն, որ երեխաներին հատուկ հաստատություններ ուղղորդելու հարցն օրենսդրությամբ չի կարգավորվում: Հետաքրքրում էր նաև թրաֆիքինգի, փակ հաստատություններում գերբնակեցման հարցերը, ցմահ դատապարտյալներին պահելու հարցերը: Նաև մարտի մեկի սպանությունների քննության հարցը բարձրացվեց: Խալաֆյանի դեպքում հարցրեցին, թե արդյոք քննարկե՞լ են սպանության վարկածը, թե միայն ինքնասպանությունն են դիտարկել: Առանձին անդրադարձ կատարվեց արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության անվստահության խնդրին, որի պատճառով տուժողները հաճախ չեն հաղորդում խոշտանգումների դեպքերի մասին:

Պետությունը պատշա՞ճ կերպով էր պատասխանում հարցերին:

Պետությունը սկզբում ընդհանուր պատասխաններ էր տալիս, որից հետո Կոմիտեն նորից հարցադրումներ կատարեց՝ ակնկալելով ավելի կոնկրետ պատասխաններ: Համաներման կիրառման վերաբերյալ հարց տրվեց, որն ըստ Կոմիտեի առաջարկությունների՝ չպետք է կիրառվի խոշտանգումների դեպքում: Քանի որ խոշտանգումներից զերծ մնալը jus cogens նորմ է՝ բացարձակ իրավունք, սակայն օրինակ Խալաֆյանի գործով համաներում կիրառվեց մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ: Պետության ներկայացուցիչները նշեցին, որ սահմանման խնդիր կա, Խալաֆյանի գործով անձինք մեղավոր էին ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, այդ պատճառով նրանց նկատմամբ կիրառվել է համաներում:

Հայաստանում խոշտանգումներ եզրույթն իրավական տեսանկյունից ճիշտ չէ ձևակերպված: Ի՞նչ ասվեց ՀՀ օրենսդրությունում «խոշտանգում» սահմանման մասին:

Դեռ 2000 թվականից Կոմիտեի կողմից նշվում էր, որ ՀՀ քրեական օրենսգրքում պետք է ամրագրվի ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիային համապատասխանող «խոշտանգում» հանցակազմ պարունակող դրույթ: Միայն 12 տարի անց պետության կողմից մշակվել է նախագիծ, որ սահմանումը փոխվի, դա առաջին քայլն է, որը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, որ հաստատվի: Մեր պետությունը ՄԱԿ–ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայով ամրագրված պարտավորությունների կատարմանն ուղղված դեռ շատ անելիքներ ունի։

 Ի՞նչ է լինելու ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նիստից հետո։

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն բազմաթիվ նյութերի հիման վրա եզրակացություն է կազմելու ու պետությանն է ուղղելու իր դիտարկումներն ու առաջարկությունները: Դրանց մեջ հավանաբար կընդգրկվի խոշտանգումների հաղորդումների վերաբերյալ քննությունների իրականացման արդյունավետության հարցը:

Հարցազրույցը՝ Կարինե Իոնեսյանի

Աղբյուրը՝ www.hra.am