Հարցազրույց

«Էկոլոգիական իրավիճակը կյանքի որակի որոշիչն է». Հ.Սանասարյան

05.06.2012

Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է: Հայաստանում բնապահպանական խնդիրների մասին զրուցել ենք Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ:

Այսօր Հայաստանին սպառնացող ամենալուրջ բնապահպանական խնդիրները որո՞նք են:

Հայաստանին սպառնացող ամենալուրջ էկոլոգիական վտանգը Հայաստանի Հանրապետության օրենքներն են, քանի որ այդ օրենքներն անկախությունից հետո, գլխավորապես 1994-95 թվականներից հարմարվել են "Կայուն զարգացում" հայեցակարգի սահմանումներին, որը բերում է պետության դերի փաստացի ոչնչացմանը, պետական գույքի սեփականաշնորհմանը: Դա նշանակում է, որ ժողովրդի ունեցվածքը դառնում է ոչ թե համընդհանուր սեփականություն, այլ մի քանի մարդկանց սեփականություն: Այսինքն՝ այդ օրենքները հարմարեցված են շահադիտական աշխարհին և ուղղված են ժողովրդի ու պետության դեմ:

Կնշեք հատկապես ո՞ր օրենքներն են, Ձեր կարծիքով, մտահոգիչ:

Թույլ կտամ ինձ ասել, ամենակեղտոտ օրենքներից են Ջրային օրենսգիրքը, որն ընդունվեց 2002 թ. և Ընդերքի մասին օրենսգիրքը, որն ընդունվեց վերջերս:

Ջրային օրենսգրքում կատարվեց հեղաշրջում, որը բերեց և՛բնակչության աղքատացմանը, և՛ բնական համակարգերի քայքայմանը, անապատացած տարածքների ընդլայնմանը: Գյուղական բնակավայրերում մարդիկ չեն կարողանում իրենց հողատարածքները ջրել՝ ջրի հարկերի պատճառով: Ամբողջ բուսականությունը, օրինակ՝ հենց բուսաբանական այգին, որը մեծ դժվարությամբ է ստեղծվել, մեծ կորուստներ կրեց հենց նույն օրենքի պատճառով:

Բնապահպանական ո՞ր խնդիրներն են այսօր հայաստանցիների համար խիստ էական։

Բնապահպանական խնդիրներն անմիջականորեն կապված են մարդու կյանքի որակի հետ, նրա երկարակյացության, սերնդատվության և այլնի հետ: Երբ 1985թ. ստեղծվեց  Գոյապահպանություն բնապահպանական շարժումը, որը հետագայում` 1989 թվականին վերանվանվեց Հայաստանի Կանաչների միություն, հիմնական շեշտը դրված էր Շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդու առողջության վրա: Այս տվյալներն էին, որ արագորեն բերեցին էկոլոգիական շարժման ձևավորմանը:

 Այսօր երիտասարդ սերնդի մոտ մտահոգիչ չափերի է հասնում անպտղությունը, որն արդեն լուրջ սպառնալիք է մարդկության համար: Քիչ կանայք են կարողանում կրծքի կաթով կերակրել իրենց երեխային: Եվ այս ամենը շրջակա միջավայրի աղտոտվածության, վտանգավոր դեղերի ու սննդի  հետևանքներն են:

Բոլոր սպառնալիքները միանգամից լցվել են Հայաստանի վրա և մեր պետությունը դարձել է բաց թիրախ, որը տարբեր կողմերից հարվածներ է ստանում:

Իսկ այդ էկոլոգիական սպառնալիքները նախկինում չկա՞յին, հիմա մարդկանց ամենաթողությա՞ն հետևանքն են:

Իհարկե, Խորհրդային միության օրոք նույնպես մեծ էկոլոգիական խնդիրներ կային: Օրինակ՝ ԽՄ աղտոտված 7 քաղաքներից 5-ը միայն Հայաստանում էր: Սակայն այնտեղ կար հստակ վերաբերմունք, քաղաքականություն: Իհարկե, «էկոլոգիա» տերմինն օգտագործելը համարվում էր այլախոհություն, սակայն եթե մեծ խնդիրներ էին բարձրանում, պետությունն ուշադրություն էր դարձնում և մեծ պայքարի շնորհիվ հնարավոր էր լինում դրանք լուծել:

Խնդիրներն ահագնացան անմիջապես Հայաստանի անկախացումից հետո: Բայց դա նրանից չէր, որ կառավարությունը հակաէկոլոգիական էր կամ հակաժողովրդական. մենք չունեինք երկրի տնտեսական կառավարման բնագավառում փորձ ունեցող գործիչներ: Խորհրդային տարիներին ամեն ինչն արվում էր Կոմունիստական կուսակցության բյուրոյի և Մինիստրների խորհրդի փորձագետների ջանքերով, որոնք ստեղծում էին օրենքներ:

Իսկ անկախացումից հետո եկավ սովը, և բնակչությունը շրջվեց բնության վրա՝ սկսեց բնությունից պոկել այն ամենը, ինչ հնարավոր է: Ծառերը հատվեցին, և Հայաստանը զրկվեց շատ բուսատեսակներից և կենդանատեսակներից: Այն ժամանակ Հայաստանն ուներ համեմատաբար հարուստ կենսաբազմազանություն՝ բույսեր, կենդանիներ, և այդ ամեն ինչը մենք հիմնականում խժռեցինք:

Եվ պատկերացրեք՝ ինչ է կատարվում. մի կողմից գնում է բնական համակարգերի քայքայումը, խժռումը, մյուս կողմից՝ Հայաստանի նորանկախ պետությունը հանքարդյունաբերությունը համարում է գերակա ոլորտ և ասում է, որ Հայաստանում նոր հանքների հայտնաբերումը և շահագործումը խրախուսվում է: Իսկ հանքարդյունաբերության հետևանքները գիտեք՝ ամբողջ թունավոր թափոնները լցնում են գետերի հուները և բնության մեջ:

Խորհրդային միությունում կար Կարմիր գիրք, որտեղ նշված էին այն կենդանիները և բույսերը, որոնք անհետացման եզրին են կամ վտանգված: Ստեղծվում է նոր Կարմիր գիրք, որտեղից հանվում են շատ բուսատեսակներ: Ինչո՞ւ, որովհետև օրենքն արգելում է հանքարդյունաբերությամբ զբաղվել այն վայրերում, որտեղ կա Կարմիր գրքում գրանցված բույս կամ կենդանի: Ստացվում է, որ քաղաքականացված` շահադիտական աշխարհի շահերին հարմարեցված է նաև Կարմիր գիրքը:

 Հանքարդյունաբերության ոլորտում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

Մեկն այն է, որ հանքերը շահագործողներն իրենց արտադրած թափոնների համար հարկեր չեն վճարում: Օրինակ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը 2011թ. ընթացքում միայն պոչանքի համար, մոտավոր հաշվարկներով, պիտի վճարեր 2 միլիարդ դոլար հարկ, եթե պոչանքը հարկվեր: Բայց Հայաստանի կառավարությունը և ԱԺ-ն որոշել են, որ թափոնների համար պետք է վճարեն 0 դրամ: Եվ սա ամրագրված է Բնապահպանական վճարների դրույքաչափի մասին օրենքում: Ռադիակտիվ թափոնների և հանքարդյունաբերական թափոնների խնդիրը գիտակցաբար հանել են «Թափոնների մասին» օրենքից:

Որո՞նք են ձեր նշած խնդիրների լուծումները:

Միջուկային էներգետիկան պիտի զսպվի, հանքարդյունաբերությունը պետք է դառնա միայն պետության սեփականություն: Հանքարդյունաբերության ոլորտում հարկային քաղաքականությունը հասցրել է նրան, որ, օրինակ, Ամուլսարում մեկ տոննայում մոտավորապես 0,8 գրամ ոսկու պարունակության համար հանք են շահագործում: Ես հասկանում եմ, որ ոսկու գինը թանկացել է, բայց եթե հարկ վճարեին, ո՞ր հիմարը պետք է 20 միլիարդ դոլար ծախսեր 12 միլիարդ դոլար եկամուտ ստանալու համար, այսինքն՝ 8 միլիարդի վնաս կրելով: Դա ձեռնտու է միայն այն դեպքում, երբ քո արտադրած թափոնների դիմաց հարկ չես վճարում: Այսպիսի քաղաքականությունը ուղղակի հանցագործություն է բնության ու հայ ժողովրդի նկատմամբ: 

Հայաստանը կարելի է փրկել միայն հանքարդյունաբերության վրա խոշոր հարկեր սահմանելով: Պետությունը պետք է ունենա հստակ պետական քաղաքականություն:

Հանքարդյունաբերությունից բացի, ի՞նչ այլ մտահոգիչ խնդիրներ կան Հայաստանում:

Մյուս բախտորոշ խնդիրն էներգետիկ ոլորտում տարվող քաղաքականությունն է: Այսօր, արհամարհելով մարդկանց ապագան, գործող ատոմակայանի ռեակտորի կողքին որոշել են  նոր՝ ավելի հզոր հզոր (1060 մեգավատ) ռեակտոր տեղադրել , որպեսզի էներգիա արտադրեն և վաճառեն: Նրանց համար կարևորը փողն է: Իսկ եթե մենք տեսականորեն բացառենք ատոմակայանի վթարը, ռադիոակտիվ թափոնները, որոնք առաջանում են ատոմակայանի շահագործման արդյունքում, դրանց մեկուսացման համար միլիարդավոր դոլարներ են պետք և պահպանության հարյուր հազարավոր տարիների ընթացքում:

Մյուս խնդիրը գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) օգտագործումն է, օրինակ, սննդի մեջ: Խորհրդային տարիներին դա համարվում էր արգելված և նույնիսկ լաբորատորիաներում գիտնականներն իրավունք չունեին այդ խնդրով զբաղվելու: Իսկ հիմա տեսնում եք՝ ինչ է կատարվում: Ըստ գիտնականների՝ գենետիկորեն մոդիֆիկացված սնունդն առաջին հերթին ազդում է գիտակցության վրա, խաթարում է սեփական նախաձեռնություն դրսևորելու կարողությունը և այլ հիվանդություններ:

Ջրային խնդիրն է շատ լուրջ, որի մասին խոսեցի: Ջուրը բնության գրկում դարձավ ապրանք, որը ո՛չ ստրկատիրական համակարգում է եղել, ոչ էլ ամենադաժան կապիտալիզմի: Ջուրը ապրանք դարձնելը հակամարդկային է, և դա հակասում է նաև ՄԱԿ-ի կոնվենցիային: Մարդուն կյանքից զրկելուց առաջ անգամ դու իրավունք չունես մարդուն զրկել ջրից, իսկ հիմա մարդկանց իրենց բնակավայրում զրկում են ջրից օգտվելու իրավունքից:

Սևանա լճի խնդիրն է շատ սուր և ցավոտ, դա մի առանձին թեմա է, որից հիմա չեմ ուզում խոսել:

Մյուս խնդիրը՝ Հայաստանն անտառներ պահելու ծրագիր չունի: Կառավարությունը տարեց-տարի նվազեցնում է հատկացվելիք գումարի չափը, իսկ «Հայանտառն» էլ  դիմում է Կառավարությանը, թե թույլ տուր ավելի շատ ծառեր կտրեմ, որպեսզի գոնե աշխատակիցների աշխատավարձի հարցը լուծեմ:

Հողի բերրիությունն է վերանում, քանի որ հենց նույն հանքարդյունաբերական թափոնները սպանում են հողի բերիության նախապայման հանդիսացող ֆերմենտները: Այդ հողում աճած մթերքների մեջ տոքսիկ նյութերն են շատ, որը ազդում է մարդկանց առողջության վրա:

Հայաստանի մարզերից ո՞րն է էկոլոգիապես վատթարագույն վիճակում:

Այժմ՝ Սյունիքն է շատ ծանր վիճակում: Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի  թափոնները` «դատարկ» ապարներն ու պոչանքը  լցված  են Ողջի գետի կիրճը և այդ գետի ու նրա վտակների հուներում: Այդ գործարանի ամենամեծ պոչամբարը գտնվում է Արծվանիկ գյուղի մոտակայքում՝ Արծվանիկ գետի հունում, որտեղ այժմ կա մոտ 300 մլն խմ պոչանք:

Շատ մռայլ պատկեր է սպասվում նաև Մեղրիի տարածաշրջանին: Չնայած այն բանի, որ այժմ էլ այնտեղ Շրջակա միջավայրի աղտոտվածությունը բերել է հողի բերրիության անկման և բնակչության առողջական վիճակի վատթարացման, այդուհանդորձ, նախատեսվում է այդ տարածաշրջանում շահագործել մոտ 20 նոր հանքավայր: Այնտեղ հիմա շահագործվում են Ագարակի պղնձամոլիբդանային, Տերտերասարի ոսկու  հանքերը, արդեն սկսել են Թեյ հանքավայրի շահագործման աշխատանքները, մի հանքավայրի շահագործում, որը ռադիոակտիվ տարրերով կաղտոտի այդ տարածաշրջանը:  

Հնարավո՞ր է օգտագործել ընդերքի բարիքները՝ չվնասելով բնությանը:

Հնարավոր է: Առաջին հերթին հանքարդյունաբերությունը պետք է դառնա պետության մենաշնորհը: Ոչ մի օտարերկրացի իրավունք չունի գա, վարձակալի և ինչ ուզենա անի: Երկրորդ, ինչպես արդեն նշեցի, հանքարդյունաբերությունն ամբողջությամբ պետք է բերվի հարկային դաշտ, թափոնները պետք է հարկվեն: Այդ ժամանակ շատ հանքեր, երբ որ համեմատեն օգուտն ու վնասը, կտեսնեն, որ նույնիսկ իրենց ծախսերը չեն ծածկում: Այս ճանապարհով հնարավոր կլինի բնական համակարգերի ոչնչացումը կանխել:

Ես նաև բազմիցս առաջարկել եմ, որ պետք է սահման դրվի, թե մեկ տարվա ընթացքում տվյալ հանքանյութից որքան կարելի է շահագործել: Եվ պետք է նաև հստակեցվի, թե ո՞ր հանքավայրերը կարելի է շահագործել, որոնք՝ ոչ: Ես այս առաջարկները ներկայացրել եմ նաև կառավարությանը 2008 թվականին:

Ո՞րն է մեր էկոլոգիական խնդիրների պատճառը. պետական գործիչները չե՞ն գիտակցում բնապահպանության կարևորությունը, թե՞ գիտակցում են, բայց գերադասում իրենց անձնական շահը:

Ե՛վ այն, և՛ այն: Կա անիրազեկություն, և կա մեկ այլ բան՝ միջազգային վարկերը և դրամաշնորհները, որոնք կանխորոշում են մեր երկրի ապագան, ավելի ճիշտ` մեզ զրկում են ապագայից: Ինչո՞ւ են պետություններին ստիպում կրոնականացվել: Միջազգային կազմակերպություններին աջակցում են մեր պաշտոնյաները, քանզի իրենք նույնպես տարված են անձնական հարստություն կուտակելու մոլուցքով: Եթե պետական պաշտոնյայի մոտ չկա պետական և ազգային մտածելակերպ, այսօրվա պայմաններում նա դառնում է չարիք:  

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am