Հարցազրույց

Հայ ծնողներն իրենց աղջիկներին զոհի հոգեբանությամբ են մեծացնում

27.07.2012

Հարցազրույց Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Լարա Ահարոնյանի հետ:

Ձեր կազմակերպությունն ընտանեկան բռնության դեպքերով սկսեց զբաղվել միայն վերջերս: Ինչպե՞ս դա եղավ:

Վերջին երկու տարում՝ Զարուհու դեպքից հետո, շատ խոսվեց ընտանեկան բռնության մասին, և մենք՝ 7 կազմակերպություններով, ստեղծեցինք «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան: Կոալիցիայով մի քանի տարբեր ակցիաներ արեցինք, ընտանեկան բռնության թեժ գծի մասին իրազեկեցինք, և ինձ թվում է՝ դրանից հետո շատ ավելի մարդիկ իմացան, որ կա կազմակերպությունների խումբ, որ կարող է իրենց օժանդակել, և սկսեցին ավելի շատ դիմել, զանգել: Առաջ ավելի թաքուն էին պահում, չէին խոսում այդ թեմայով, հիմա ավելի շատ են դիմում:

Բացի այդ, մենք վերջին տարիներին սկսեցինք շատ աշխատել տարբեր մարզային կազմակերպությունների հետ՝ տարբեր շրջաններում ստեղծելով խմբեր և իրենց օգնելով, որ մարզերում՝ հատկապես հեռավոր շրջաններում, իրազեկությունը բարձրացնեն, որովհետև մեծ մասամբ դեպքերը հեռավոր, առանձնացած շրջաններից էին գալիս, և մինչև բռնության մասին բարձրաձայնում էին, արդեն ուշ էր լինում:

Այսինքն, կարելի է ասել, որ հատկապես Զարուհու մահվան դեպքից հետո հասարակության իրազեկության մակարդակը ընտանեկան բռնության մասին բարձրացե՞լ է:

Այո, և սկսել են ավելի շատ դիմել, որովհետև գիտեն, թե ինչ ենք անում: Զարուհու ամուսինը դատապարտվեց, Մարիամ Գևորգյանի դատավարությունը դեռ ընթացքի մեջ է, չգիտենք՝ ինչ կլինի: Բայց մարդիկ տեսան, որ կա մի խումբ, որ ամեն ինչ անում է, որ օգնի իրենց, իրենք մենակ չեն: Ինձ թվում է՝ վստահությունն է մեծացել, որ սկսել են ավելի շատ դիմել:

Սկսել են վստահել, որովհետև հիմա տեսնում են, թե ինչ ենք անում: Նախկինում այսքան բացահայտ չէինք աշխատում, իրազեկման ակցիաներն ավելի քիչ էին, իսկ հիմա մեր ակցիաներին մասնակցած մարդիկ, հենց որ իրենց շրջապատում լսում են բռնության դեպքի մասին, անմիջապես տեղեկացնում են մեզ կամ կոալիցիայի մյուս կազմակերպություններին:

Այդպես եղավ նաև, ամենայն հավանականությամբ, ընտանեկան բռնության հետևանքով վերջերս մահացած Մարո Գուլոյանի՞ դեպքում:

Այո, առավոտյան զանգեց մի լրագրող, պատմեց դեպքի մասին, որ իր ծանոթից էր լսել, հարցրեց՝ ի՞նչ կարող ենք անել: Ես ու մեր փաստաբանը կապվեցինք ընտանիքի հետ, այցելեցինք նրանց, հանդիպեցինք նաև գործը քննող քննիչի հետ: 

Այդ մարդիկ չգիտեին իրենց տարրական իրավունքները, չգիտեին՝ ի՞նչ անել, ո՞ւմ կարող են դիմել, գործընթացը չէին պատկերացնում:  

Կանանց իրավունքները պաշտպանվա՞ծ են Հայաստանում՝ ըստ Ձեզ, և, համեմատելով ձեր գործունեության սկզբնական շրջանի հետ, ի՞նչ փոփոխություններ են եղել:

Հիմա այն փուլում ենք, որ հասարակության մեջ սկսել են բացահայտվել կանանց նկատմամբ բռնության դեպքերը: Բայց դեռ չենք կարող ասել, որ կանանց իրավունքները պաշտպանված են, և ամեն ինչ լավ է, որովհետև նախ՝ մենք ընտանեկան բռնության մասին օրենք չունենք, և դա մեզ շատ է խոչընդոտում, որ մենք կարողանանք լավագույնս պաշտպանել կանանց իրավունքները: Գործը հարուցվում է սովորական բռնության հոդվածով, և դա շատ խանգարում է, որովհետև ընտանեկան բռնությունն այլ բնույթի է, տարբերվում է սովորական բռնությունից, որովհետև լինում է ընտանիքում, որտեղ բռնարարը և բռնության ենթարկվողը նույն տարածքում են բնակվում, հետո երեխաների հարցը կա... Այսինքն՝ ընտանեկան բռնությունը պետք է առանձին դիտարկել:

Օրենքի մշակման ուղղությամբ ինչ-որ աշխատանքներ տարվո՞ւմ են:

2010թ. գենդերային բռնության կանխարգելման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի աշխատանքները ղեկավարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Հանձնաժողովի մեջ են նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ մեր կազմակերպությունը: Մշակվել է 2011-2014թթ. աշխատանքային պլան, սակայն դա միայն թղթի վրա է և, իրականում, անելու շատ բաներ կան: Օրենքը դրանցից մեկն է և 2011թ.-ից արդեն պետք է ընդունված լիներ, սակայն անընդհատ հետաձգվում է: Նախագիծը պետք է համապատասխանեցվի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» եվրոպական կոնվենցիային, մեր ներպետական օրենսդրությանը, որովհետև հակասություններ ունի Ընտանեկան օրենսգրքի հետ: Ու անընդհատ տարբեր պատճառներով հետաձգվում է օրենքի ընդունումը, ու շատ անգամ նրա համար, որովհետև Կառավարությունը դիմադրում է այդ օրենքի ընդունմանը: Իրենք իրականում չեն ուզում, որ այդ օրենքն անցնի շատ տարբեր պատճառներով, և մենք էլ պայքարում ենք, որ դա լինի:

Իսկ օրենքի ընդունմամբ ինչ-որ բան կփոխվի՞: 

Իհարկե, միայն օրենքն ամեն ինչ չի կարող փոխել, հասարակության մեջ մենք էլի շատ գործ ունենք անելու, և որպեսզի ավելի արդյունավետ լինի մեր աշխատանքը, փորձում ենք ավելի միասնական աշխատել կոալիցիայի կազմակերպությունների հետ: Բայց օրենքի բացակայությունը խանգարում է շատ:

Հասարակության վերաբերմունքը, մտածելակերպը փոխելու ուղղությամբ ի՞նչ ունենք անելու:

Մենք շա~տ անելիք ունենք, որովհետև, դժբախտաբար, մենք մեր երեխաներին չենք սովորեցնում ինչպես վարվել իրար հետ՝ ո՛չ դպրոցում, ո՛չ համալսարանում: Փոքրուց պետք է սովորեցնել տարբեր սեռերի հարաբերությունները: Երեխաները շատ անգամ միայն իրենց ընտանիքի օրինակով են տեսնում այդ փոխհարաբերությունները, և շատ անգամ իրենց ընտանիքում էլ այդքան իդեալական իրավիճակ չէ: Եվ դրա համար մենք մտածել ենք մի կազմակերպության հետ աշխատել մարզերում երիտասարդների, երիտասարդ զույգերի հետ, ովքեր նոր պետք է սկսեն կառուցել իրենց հարաբերությունները, ընտանիքը և այլն: Եվ մեր խոսակցությունը լինելու է հարգանքի շուրջ, որովհետև այս ամենը, ինչ կատարվում է, մեկը մյուսի նկատմամբ հարգանքի պակասությունից է գալիս, որովհետև տղամարդը կնոջը դիտում է որպես մի օբյեկտ, որի հետ ինչպես կուզի, կվարվի:

Իսկ ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում ինչ-որ ընդհանրություն ունե՞ն:

Հիմնականում դեպքերը նույն ձևով են սկսվում՝ աղջիկը ամուսնանում է, որոշ ժամանակ անց սկսում է ծնողներին, ընկերներին, բարեկամներին գանգատվել, պատմել, որ էլ չի կարողանում, որ ամուսինը ծեծում է, վատ է վերաբերվում: Բայց էլի նույն մոտեցումն է հասարակության կողմից՝ «ոչինչ, մի քիչ էլ դիմացի, երեխա ունես, մի օր կփոխվի, համբերատար եղիր, քո ամուսինն է, երեխայիդ հայրն է» ու էդպես շարունակ... Մենք արդեն երկու հայտնի գործ ունենք, որ ավարտվել է մահով՝ մեկը Զարուհու դեպքն էր, մյուսը՝ Մարոյինը:  

Մենք ուզում ենք հասկացնել հասարակությանը, որ եթե դու սրա մասին չես խոսում, դա հանգեցնում է մահվան, սպանության: Քանի՞ ընտանիք է պատրաստ Հայաստանում, որ իրենց աղջիկը սպանվի: Մենք հարցը արդեն էսպես պիտի դնենք, որովհետև շատերը մտածում են՝ դե լավ, ի՞նչ պիտի լինի, ծեծել է, կանցնի-կգա:

Բայց, ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ ծնողն իր երեխային ստիպում է հարմարվել, համակերպվել:

Որովհետև մեզ մոտ սեռերի միջև տարբերություն են դնում: Եթե տղամարդ ես, դու որոշակի դեր ունես կատարելու, պիտի գումար աշխատես, տուն պահես, իսկ եթե ծնվում ես աղջիկ, պիտի դառնաս մայր, պիտի լինես ավելի հարմարվող, հնազանդ, պիտի նվիրվես ընտանիքիդ, երեխաների դաստիարակությանը: Եվ դերերի մեջ այս ակնհայտ անհավասարությունը բերում է նրան, որ մի հոգի անընդհատ իշխում է մյուսի վրա և որոշում է նրա փոխարեն, և դա երբեմն գնում է ծայրահեղության, երբ իր քմահաճույքը չի բավարարվում, նա իրեն թույլ է տալիս դիմել բռնության՝ ձեռք բարձրացնել, ճնշել հոգեպես: Որովհետև նույն հասարակությունը փոքրուց սովորեցնում է, որ տղամարդն այդպիսին պիտի լինի, դա նորմալ է, իսկ կինն էլ պիտի լսող, ենթարկվող լինի: 

Այսինքն՝ մենք խնդիր ունենք սովորեցնելու նաև, թե տղամարդկությունն ի՞նչ է և ինչպե՞ս պիտի դրսևորվի: Մենք մշակված և ընդունված շատ վատ մոդել ունենք, որ եթե տղամարդ ես, պիտի ուժդ ցույց տաս, պիտի գոռգոռաս, ծեծես, խփես, հայհոյես: Այդ մոդելն է անընդհատ մեզ մոտ վերարտադրվում: Փոքրերն էլ, որ մեծանում են, դա են սովորում: Դրա համար ոչ միայն կանանց հետ պիտի աշխատենք, այլև՝ տղամարդկանց:

Ես գուցե ծայրահեղացնում եմ, բայց մայրերին հաճախ ասում եմ, դուք ձեր երեխաներին մեծացնում եք, որ դարձնեք զոհ, զոհի հոգեբանություն եք տալիս ձեր աղջիկներին՝ ասելով, որ «դու այսպես պիտի անես, ձայնդ կտրի, աղջիկը ձայնը չի բարձրացնի, իր եղբորը, պապային, հորեղբորը պիտի լսի»: Ո՞ր հայրը կամ մայրը կցանկանա, որ իր երեխան զոհ դառնա. հարցն այսպես պիտի տալ:

Քանի՞ մահ պիտի լինի, որ այս ազգը գլխի ընկնի, որ «ստոպ», չի կարելի էլ այսպես շարունակել: Կամ երբ աղջիկը զանգում-ասում է մորը, որ էլ չի դիմանում, գոնե չասենք՝ դիմացի՛ր: Այդ ինչպիսի՞ ծնողական մոտեցում է, որ դու պիտի թողնես, որ քո աղջիկը քո աչքի առջև այդ դաժան վերաբերմունքին արժանանա: Հայ ծնողները, որ ամեն ինչ պատրաստ են անել իրենց երեխայի համար... բայց երևի միայն տղա երեխայի, որովհետև միշտ մտածում են, որ աղջիկ երեխան իրենցը չի, պիտի գնա ուրիշի տուն:

Մենք, որպես հասարակություն, պետք է պատասխանատվություն վերցնենք բոլոր զոհերի համար, մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել:  

Վերջին շրջանում շատ է խոսվում նաև հեռուստատեսության վատ ազդեցության մասին, հատկապես՝ բռնության տեսարաններով լի սերիալների: Դուք այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք և ինչ-որ բան անո՞ւմ եք սերիալներին հակազդելու համար:

Անշուշտ, խնդիրը տեսնում ենք, որովհետև հեռուստատեսությունը շատ մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա: Մենք շատ ենք փորձում հեռուստատեսությամբ իրազեկող տեսահոլովակներ տեղադրել, բայց մենք չունենք այդ ռեսուրսները, որովհետև իրենք մեզ ազատ տեղեր չեն տրամադրում և մեծ գումարներ են ուզում մեկ հոլովակի համար: Բայց մյուս կողմից իրենց սերիալներն են գնում, որոնք լի են բռնության տեսարաններով, անընդհատ հասարակությունը, երիտասարդները և, նույնիսկ, փոքր երեխաները դա են նայում:

Հասկացող մարդիկ են պետք, որ չկան: Իրենց համար կարևորը շահն է, և աղբ էլ կտան եթեր իրենց շահի համար: Մենք փորձում ենք ուրիշ ձևերով անել, բայց դա գուցե այնքան լայն մասսաների չի հասնում, որքան հեռուստաընկերության դեպքում կարող էր լինել:

Եթե ամփոփելու լինենք, ի՞նչ է մեզ պետք ընտանեկան բռնությունը կանխելու համար, որտեղի՞ց սկսենք:

Մեզ պետք է նախևառաջ ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ընդունումը:

Հաջորդը, մենք պետք է ընտանեկան բռնության հարցերով զբաղվող հատուկ ոստիկաններ պատրաստենք, որ կարողանան ճիշտ աշխատել այս ոլորտում: Չունենք դատավորներ, դատախազներ, այսինքն՝ այս բոլոր ոլորտներում պետք է վերապատրաստում, որպեսզի կինը, ով բռնության է ենթարկվել և դիմել է ոստիկանություն, համոզված լինի, որ իր շահերը կպաշտպանվեն, և ինքը քննիչի կողմից վատ վերաբերմունքի պատճառով նորից զոհ չի դառնա: Մենք շատ ունենք դեպքեր, որ քննիչի կողմից հարցաքննության ընթացքում այնպիսի մոտեցում և վերաբերմունք է եղել, որ կինը հրաժարվել է ամեն ինչից:

Մենք, իբրև հասարակական կազմակերպություն, արդեն գիտենք ինչ ուղղությամբ պետք է աշխատել: Հիմա մենք արագ արձագանքման ֆունկցիա ենք իրականացնում, բայց համակարգային փոփոխություններ են պետք, որ, անկախ նրանից, մենք կլինենք, թե՝ ոչ, համակարգն աշխատի, և կինը ՀԿ-ներին դիմելու կարիք չունենա:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի 

Աղբյուրը՝ www.hra.am