Հարցազրույց

Մեր ուժը հասարակությունն է, բայց ո՞վ պետք է զարգացնի այն

19.09.2012

Հարցազրույց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ։

Ակնհայտ է, որ վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունն ավելի է ակտիվացել, ավելի նախաձեռնող է դարձել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը նպաստեց դրան, և ե՞րբ նկատվեց ակտիվությունը։

Քաղաքացիական հասարակության ակտիվության առաջին ալիքը եղավ 2004 թվականին՝ 2003–ի նախագահական ընտրություններից հետո, երբ եղավ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, և բարձրացավ ժողովրդական ընդվզման ալիք՝ վստահության հանրաքվե անցկացնելու պահանջով։ Բաղարամյան պողոտայի ցույցը բիրտ մեթոդներով ցրելուց հետո բողոքի երիտասարդական ալիք սկսվեց։ Ու դա, կարելի է ասել, 80-ականներից հետո առաջին ինքնաբուխ ալիքն էր, որտեղ շատ երիտասարդ ակտիվիստներ իրական դերակատարություն ունեցան։

Մյուսը կամավորական շարժումն էր, որ թափ առավ այդ նույն ժամանակ՝ սոցիալական վիճակի լավացումից հետո, երբ երիտասարդները, ուսանողներն արդեն հնարավորություն ունեին ոչ միայն ուսման և օրվա հարցի հոգսերը հոգալու, այլև՝ ինչ–որ ներդրում ունենալու հասարակական կյանքում։

Այսօրվա քաղաքացիական ալիքի հիմնական ուղղությունը կամավորական շարժումն է։ Այդ շարժման ուժեղ կողմն այն է, որ ինքնաբուխ է, ճկուն և կարողանում է արագ արձագանքել մարտահրավերներին։ Բայց, միևնույն ժամանակ, ունի թույլ կողմ. ինստիտուցիոնալիզացված չէ  և գործում է իրավիճակից ելնելով, այսինքն՝ ինչ–որ գործողությանը կամ հրատապ խնդրին արագ արձագանքող, հակազդող ֆունկցիա ունի, օրինակ՝ Մաշտոցի պուրակ, Փակ շուկա, Վահե Ավետյանի սպանություն և այլն։

Իսկ այսօր այդ քաղաքացիական խմբե՞րն են ավելի շատ շոշափելի արդյունքի հասնում, ինչ–որ բան փոխում, թե՞ կայացած հասարակական կազմակերպությունները։

Մեկն առանց մյուսի չեն կարող լինել, այդ երկուսը միասին են հասարակական մթնոլորտ ստեղծում։ Նախաձեռնող խմբերի թիկունքում միշտ կա կայացած կազմակերպությունների, մտավորականների աջակցությունը, որոնք գուցե ամեն օր ակցիաներին չեն մասնակցում, բայց իրենց տեղում իրենց գործն են անում։

Ընդհանրապես, հասարակական դաշտում միշտ շատ դժվար է խոսել կոնկրետ արդյունքների, հաջողությունների մասին։ Եթե մեկն ասում է, որ «ես այս բանն արեցի, այս հաջողությանը հասա», դա և՛ ճիշտ է, և՛ այդքան էլ ոչ, որովհետև նա միայնակ չի արել. հասարակության մեջ ինչ–որ գործընթացներ են գնացել, որոնք բերել են այդ արդյունքին։

Մեր քաղաքացիական հասարակությանը ի՞նչ է պակասում։

Մենք ունենք ինստիտուցիոնալ զարգացած ՀԿ–ների որոշակի քանակություն, որոնք կարողանում են դոնորների հետ աշխատել, չունեն ֆինանսավորման խնդիր, մյուս կողմից ունենք ակտիվ նախաձեռնող խմբեր, բայց ընդհանուր հասարակության մեջ ունենք շատ քնած վիճակ, ու, կարծես թե, ոչ ոք ընդհանուրի հետ աշխատելու, քնած վիճակից արթնացնելու խնդիր չի դնում իր առջև։

Իմ ընկալմամբ՝ քաղաքացիական հասարակությունը պետք է կազմված լինի ծայրահեղական ակտիվիստներից մինչև պետության հետ սերտ աշխատող կազմակերպություններ, դա իդեալական վիճակն է։ Բայց մեզ մոտ մի տեսակ բևեռացում գնաց՝ մի կողմից պետությանը խիստ քննադատող  ծայրահեղականներ, մյուս կողմից՝ իշխանություններին ծառայող, կցորդ կազմակերպություններ։

Դա գալիս է նրանից, որ շատ կազմակերպություններ ինչ–ինչ պատճառներով չգնացին ծայրահեղության։ Հետևաբար, կա՛մ պիտի չգոյատևեին, կա՛մ դառնային ինչ–որ մեկի կցորդ։ Անջրպետ է առաջացել այս երկու «ճամբարների» միջև, պետք է այդ բևեռացումը չլինի։

Մենք մեծ խնդիր ունենք հատկապես մարզային մակարդակում։ Մարզերում շատ ավելի շատ է պետք աշխատել։

Ի՞նչ ուժեղ կողմեր ունի մեր քաղաքացիական հասարակությունը։

Մեր ուժեղ կողմն այն է, որ, ի տարբերություն այլ երկրների, մեր ՀԿ–ները և քաղաքացիական խմբերը շատ ավելի շատ են ներգրավված պրակտիկ աշխատանքների մեջ, արձագանքում են արդի պրոբլեմներին, այսինքն՝ մտացածին խնդիրներով զբաղվող ՀԿ–ներ շատ քիչ կան։

Կան որոշակի կազմակերպություններ, որոնք կարողանում են պրոֆեսիոնալ ձևով համագործակցել պետական մարմինների հետ։ Մի կողմից փողոցային պայքարը, ճնշումներն են ուժեղացել, մյուս կողմից՝ պետական կառույցների հետ տարվող ստվերային աշխատանքը, որն այդքան էլ տեսանելի չէ բոլորի համար։ Այդ իմաստով ահագին բան փոխվել է։

Պետք է հնարավորություն լինի, որ ամեն ոլորտում ինչ–որ խումբ մարդիկ աշխատեն՝ մեկն ընդվզելով, մյուսը՝ համագործակցելով։ Դա է քաղաքացիական հասարակությունը։

Իսկ այսօր կարո՞ղ ենք ասել, որ ունենք կայացած քաղաքացիական հասարակություն։

Որևէ մեկը որևէ երկրում չի կարող ասել, որ ունի կայացած քաղաքացիական հասարակություն։ Ինձ թվում է, որ ամենամեծ խնդիրը, որ մենք ունենք, այն է, որ Հայաստանի անկախացումից ի վեր պետական մակարդակով երբևէ խնդիր չի դրվել կայացնել քաղաքացիական հասարակությունը։ Պատճառներից մեկն այն է, որ 90-ականներին երկիրը աղքատ վիճակում էր և չէր կարող նման «շքեղություն» թույլ տալ իրեն։ Այդ խնդիրը դրված էր Արևմուտքի ուսերին, և սկզբանական շրջանում դա խրախուսվում էր։ Հետո եկավ մի պահ, երբ դա սկսեց այնքան էլ չխրախուսվել, բայց ոչ էլ մտածում էին, թե այդ դեպքում ո՞վ պիտի զարգացնի։

Իմ և իմ գործընկերներից շատերի կարծիքով՝ մեր գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքական ու հասարակական պատվեր դրված չէ։

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չկա այդ պատվերը, միգուցե իշխանություններին ձեռնտո՞ւ չէ։

Դե, ավելի շատ, հնից եկած իներցիայի խնդիր է. կարծում են, որ դա այն խնդիրը չէ, որին իրենց «ձեռքը կհասնի»։ Բարեգործություն քիչ թե շատ արվում է, բայց ավելի լայն իմաստով՝ հասարակական մասնակցության ապահովման առումով, մտածում են՝ «Արևմուտքը անում է, թող անի»։ Մի կողմից գոհ են, որ անում է, մյուս կողմից՝ չեն ուզում, որ խառնվեն իրենց գործերին։

Ընդհանրապես, Հայաստանում լուրջ հարց է ռազմավարական խնդիրներ դնելը։ Կա՛մ խնդիր չեն դնում, կա՛մ դնում են ինչ–որ անիրատեսական, ֆանտաստիկ խնդիներ։ Մենք պիտի սովորենք ռազմավարություն մշակել, կոնկրետ և իրատեսական խնդիրներ դնել։

Քաղաքացիական զարգացման ի՞նչ փուլում է գտնվում Հայաստանը։

Ես միշտ ֆուտբոլի հետ եմ համեմատում քաղաքացիական հասարակության զարգացման փուլերը։ Սկզբնական մակարդակում, երբ երեխաները բակում ֆուտբոլ են խաղում, բոլորը վազում են գնդակի հետևից։ Որտեղ գնդակն է, այնտեղ բոլորն են՝ բացի դարպասապահից։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում դերերը բաժանված են՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող։ Ամեն մեկն իր ֆունկցիաներն ունի։

70-ականներին հոլանդացիները հնարեցին տոտալ ֆուտբոլը, երբ պաշտպանն ու կիսապաշտպանը կարող են հարձակմանը միանալ, իսկ հարձակվողը կարող է կատարել պաշտպանական ֆունկցիա, եթե դրա կարիքը լինի։ Այսինքն՝ բոլորն ունեն իրենց հիմնական դերերը, բայց ամեն ինչ քարացած չէ, պետք եղած ժամանակ դերերը կարող են փոխվել։

Մենք դեռ բակային ֆուտբոլի մակարդակում ենք, ըստ էության, վազում ենք գնդակի՝ խնդրի հետևից։ Կան հասարակական կազմակերպություններ, որոնք փորձում են կանոնակարգված գործել, բայց իրենք էլ մինչ տոտալ ֆուտբոլը եղած մակարդակի վրա են, այսինքն՝ միայն մեկ խնդրով են զբաղվում և ուրիշ ոչնչի չեն արձագանքում։

Այստեղից կարելի է եզրակացնել, որ այդքան էլ զարգացած չէ մեր քաղաքացիական հասարակությունը։ Եվ ամենահիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիական հասարակությունը զարգացնելու խնդիր դրված չէ, ամեն ինչ թողնված է ինքնահոսի։

Մի կողմից տեսականորեն ընդունում են, որ մեր ուժը հասարակությունն է, բայց դրա ինստիտուցիոնալ զարգացման մասին ոչ ոք չի մտածում։ Կամ էլ հանկարծ ինչ–որ մեկը տեղից վեր է կենում ու հայտարարում, որ քաղաքացիական հասարակության զարգացումը եվրոպական պրոյեկտ է, ու մտածում են՝ ինչպես խանգարեն, որ դրսից չթելադրեն մեզ։

Ի վերջո, ե՞րբ կկարողանանք ասել, որ ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, ինչպիսի՞ն պետք է լինի այն՝ Ձեր պատկերացմամբ։

Իդեալական քաղաքացիական հասարակությունն այն է, որտեղ պետության և հասարակության առջև ծառացած բոլոր մարտահրավերներին հասարակությունը կարողանում է ադեկվատ արձագանքել։ Ցանկացած խնդրի ծագման դեպքում ի հայտ են գալիս մարդիկ, ովքեր այդ հարցը բարձրացնում են համապատասխան ատյաններում, լուծումներ են առաջարկում և այլն՝ սկսած գյուղի ջրի խնդրից մինչև Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիա։  Դրա համար պետք է այդ մարդիկ ունենան գիտելիք, ռեսուրսներ, մուտք համապատասխան մարմիններ։ Իմ պատկերացմամբ՝ այսպիսին պետք է լինի իդեալական քաղաքացիական հասարակությունը։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Սեպտեմբերի 19-ը Քաղաքացիական հասարակության օրն է։ Այն Հայաստանում նշվում է 2009 թվականից սկսած։ 

Աղբյուրը՝ www.hra.am