Հարցազրույց

Մոնիտորինգները «դարակում չեն փոշոտի»

16.10.2012

Հարցազրույց Վորլդ Վիժն Հայաստանի «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեի հետ:

Ավարտվեց «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» երկամյա ծրագիրը: Ի՞նչ նպատակ ուներ այն։

Ծրագրի նպատակն էր զարգացնել համայնքային հասարակական կազմակերպությունների կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, հզորացնել համայնքային կազմակերպությունների ցանցը, կապ ստեղծել մարդու իրավունքներով զբաղվող համայնքային կազմակերպությունների, Վորլդ Վիժն Հայաստանի տարածքային զարգացման ծրագրերի (ՏԶԾ), ինչպես նաև՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հայաստանի հելսինկյան կոմիտեի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև:

Ծրագիրը սկսեցինք իրականացնել 2010 թվականին՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի հետ համատեղ: Այս երկու տարվա ընթացքում տարբեր դասընթացներ են անցկացվել Վորլդ Վիժն Հայաստանի 9 ՏԶԾ–ների 45 աշխատակիցների համար, կլոր սեղաններ են կազմակերպվել բոլոր համայնքներում:

Ի՞նչ տվեց ծրագիրը մասնակիցներին, և եթե համեմատեք նրանց կարողությունները մինչ ծրագիրը և դրանից հետո, ի՞նչ փոփոխություններ եք նկատում:

Համայնքային կազմակերպությունների կարողությունների զարգացման համար շատ կարևոր ծրագիր էր սա, որովհետև թրեյնինգները մեկանգամյա չէին, այլ՝ շարունակական: Մասնակիցների կարողությունները աստիճանաբար զարգացան, և նրանք շատ գոհ էին դասընթացներից: Իսկ երկրորդ՝ պրակտիկ աշխատանքի փուլում, երբ իմացան, որ մոնիտորինգ պետք է իրականացնեն, մի քիչ վախեցան. մտածում էին, որ չեն կարող անել:

Սակայն եթե նպատակն է ապահովել մասնագիտական աճ,  աշխատակցին իր կարողություններից մի փոքր ավելի դժվար բան պետք է հանձնարարել: Եվ մենք այդպես էլ արեցինք: Մեր օգնությամբ նրանք կարողացան հաղթահարել իրենց վախը, և մոնիտորինգի իրականացման արդյունքում մեկ աստիճանով բարձրացան նրանց կարողությունները:

Ծրագրի 45 մասնակիցների մեջ ես շատ փոփոխություններ եմ տեսնում. տեսական դասերը և գործնական աշխատանքը՝ մոնիտորինգը, ավելի ինքնավստահ են դարձրել նրանց: Սա մի նոր ճյուղ էր իրենց համար, և կարողացան պատվով դուրս գալ:

Մոնիտորինգի թեմաներն ի՞նչպես են ընտրվել:

Մոնիտորինգի բոլոր թեմաները համայնքային կազմակերպություններն են ընտրել և դրանք պատահական չեն ընտրվել: Այդ ոլորտներում, այդ խնդիրների ուղղությամբ իրենք իրենց մարզում արդեն աշխատել են և շարունակելու են աշխատել։

Քննարկումների ժամանակ մտավախություն էր հնչում, թե, սովորաբար, բոլոր մոնիտորինգները «դարակում փոշոտում են»։ Այս մոնիտորինգների դեպքում այդ մտավախությունը կարծես թե չկա։

Անկախ նրանից, որ ծրագիրն ավարտվեց, կապերը շարունակում են մնալ։ Եվ, ինչպես արդեն ասացի, իրենք ընտրել են այնպիսի թեմաներ, որոնց ուղղությամբ աշխատում են և աշխատելու են։ Բայցի այդ, կլոր սեղանների ժամանակ շատ խնդիրների մասին բարձրաձայնվեցին, որոնք համայքնային կազմակերպությունները մեր օգնությամբ կարող են պատկան մարմիններին հասցնել։ Այնպես որ, կարծում եմ, առանձին ոլորտներում շահերի պաշտպանությունը կշարունակվի։

Մյուս կողմից էլ, ստեղծվեց համագործակցություն, մենք արդեն իմացանք, թե որ մարզերում ինչ կազմակերպություններ կան, ինչով են զբաղվում, ումից որ ոլորտի վերաբերյալ կարելի է ինֆորմացիա ստանալ։ Իրենք էլ իմացան Երևանում գործող կազմակերպությունների մասին, այնպես որ, կարծում եմ, մեր համագործակցությունը կշարունակվի։

Աղբյուրը՝ www.hra.am