Հարցազրույց

«Ընտանեկան բռնության մասին» օրենքը հանրային քննարկման կներկայացվի

08.11.2012

Հարցազրույց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի հետ:

Ո՞վ է հեղինակել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը և ե՞րբ է այն դրվել շրջանառության մեջ։

Փաստաթղթի հետ աշխատանքը բավականին երկար պատմություն ունի։ Նախագիծը մշակվել է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ դեռ 2006-2007 թվականներին: Փորձագիտական աշխատանքային խումբ է աշխատել նախագծի վրա։ Դրանից հետո երկար ճանապարհ է անցել փաստաթուղթը և շատ է լրամշակվել ու փոփոխությունների ենթարկվել։

2011թ. հունիսին ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մեկ տարի աշխատեց օրենքի նախագծի վրա: Այս տարվա հունիսին նախագիծն ուղարկել ենք Կառավարություն, որտեղ քննարկել են և քննարկման արդյունքում փաստաթուղթը հետ են ուղարկել` հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու հանձնարարականով։ Ի կատարումն Կառավարության հանձնարարականի` մշակվել է օրենսդրական փաթեթ, որը ներառում է փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքներում: Դրանք են` Ոստիկանության մասին օրենք, Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, Քրեական օրենսգիրք, Վարչական դատավարության օրենսգիրք, Քրեական դատավարության օրենսգիրք։

Եթե այս բոլոր օրենքներում համապատասխան փոփոխություններ չարվեն, «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունվելու դեպքում չի կիրարկվի։

Ինչո՞ւ գործող օրենքները լուծում չեն տալիս խնդրին և առանձին օրենքի կարիք կա:

Առանձին օրենքի անհրաժեշտություն կա, որ ամբողջովին կարգավորի դաշտը: Տարբեր օրենքներով ինչ–որ բաներ կարգավորում են, բայց խնդրին համապարփակ մոտեցում է պետք և կոնկրետ մեխանիզմներ, որ չկան։

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է ընտանեկան բռնության հետ կապված իրավահարաբերությունները, սահմանում է «ընտանեկան բռնություն» հասկացությունը, ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում լիազորություններ ունեցող մարմինները, այդ մարմինների ֆինանսավորման աղբյուրները, ընտանեկան բռնությունը կանխարգելելու հատուկ միջոցներն ու տեսակները, դրանք կիրառելու հիմքերը և կիրառման ժամանակ ընտանքի անդամների պաշտպանությունը, ընտանեկան բռնություն կատարելու համար պատասխանատվությունը։

Օրենքի նախագծով` ո՞ր պետական մարմիններն են լիազորված կանխարգելելու ընտանեկան բռնությունը և աջակցություն տրամադրելու զոհերին:

Օրենքը սահմանում է, որ ՀՀ ոստիկանությունը, դատարանները, դատախազությունը, Կրթության և գիտության նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Միգրացիոն պետական ծառայությունը, խնամակալության և հոգաբարձության մարմինները, ընտանեկան բռնության զոհերին աջակցություն տրամադրող կառույցները, խորհրդատվական կենտրոնները, հոգեբանական աջակցության կենտրոնները, ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարանները, սոցիալական ծառայության մարմինները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել ընտանեկան բռնության կանխարգելմանը և աջակցության տրամադրմանը։

Առանձին հոդվածներով տրվում է, թե որ մարմինն ինչ լիազորություն ունի և ինչ պետք է անի: Նաև նշվում է այդ մարմինների ֆինանսավորման աղբյուրները:

Ի՞նչ կանխարգելիչ և աջակցող մեխանիզմներ են նախատեսվում, որոնք առկա չեն գործող օրենքներում:

Օրենքով սահմանվում է կանխարգելող հատուկ մեխանիզմներ՝ պաշտոնեական նախազգուշացում, արտակարգ միջամտության և պաշտպանական որոշում: Սահմանվում է երբ և ինչպես այս պետք է իրականացվեն այս գործողությունները, երբ և ինչպես են բռնարարին պրոֆիլակտիկ հաշվառման վերցնում և հաշվառումից հանում։ Հատուկ մեխանիզմներ կարող են կիրառվել շարունակական բռնության դեպքում: Այս բոլոր մեխանիզմների կիրառումը և դադարեցումը սահմանվում են:

Պաշտոնական վիճակագրական տվյալներ կա՞ն Հայաստանում ընտանեկան բռնության ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:

ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը դեռևս 2008-2009թթ. իրականացրել է ՀՀ–ում կանանց հանդեպ ընտանեկան բռնության վերաբերյալ առաջին հարցումը։ Վիճկագրությունը փաստում է, որ իրենց կյանքի ընթացքում երբևէ զուգընկեր ունեցած հարցված կանանց 61 տոկոսը ենթարկվել է վերահսկողական վարքի, 25%-ը` հոգեբանական բռնության, 8.9%-ը` ֆիզիկական բռնության, 3.3% տոկոսը ենթարկվել է սեռական բռնության, իսկ 9.5%-ը` միաժամանակ և' ֆիզիկական, և' սեռական բռնության:

Այս տվյալներն ապացուցում են, որ խնդիրը գոյություն ունի և պահանջում է հատուկ ուշադրություն: Եվ ՀՀ Կառավարությունն արդեն քայլեր է ձեռնարկել այդ խնդրի լուծման ուղղությամբ։

Վերջին տարիներին ի՞նչ իրավական ակտեր են ընդունվել այս ոլորտում:

2010թ. ընդունվեց Գենդերային քաղաքականության հայեցակարգը: Նույն տարում Ընդդեմ գենդերային բռնության միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվեց: 2011թ. Ընդունվեց Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրը և 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը: «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը ռազմավարական ծրագրի գործողություններին մեկն է, որը ներառված է միջացառումների 2012թ. տարեկան ծրագրում:

Օրենքը բխում է նաև այս ոլորտում Հայաստանի վավերացրած միջազգային փաստաթղթերի և կոնվենցիաների դրույթներից և պահանջներից: Դրանցից ամենակարևորներն են Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման ՄԱԿ–ի կոնվենցիան, Պեկինի 4-րդ համաշխարհային համաժողովի հանձնարարականները (1995թ.), Եվրախորհրդի կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերը, ՄԱԿ–ի հազարամյակի հռչակագիրը, Եվրախորհրդի Կանանց հանդեպ և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին կոնվենցիան:

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն այս պահին ի՞նչ փուլում է:

Նախագիծն արդեն տարբեր գերատեսչությունների հետ համատեղ քննարկվել է: Նոյեմբերի 13-ին կկազմակերպենք հանրային լսում, որից հետո ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակումներ անելուց հետո վերջնական տարբերակով կուղարկվի Կառավարություն։

Մեր Կառավարությունն այս խնդրին մոտենում է շատ պատասխանատու ձևով և ես կարծում եմ՝ ձեռնարկված են լուրջ քայլեր ընտանեկան բռնության հետ կապված խնդիրը հանրապետությունում կարգավորելու համար։

Օրենքի նախագիծը, փաստորեն, մոտ յոթ տարի է, ինչ գոյություն ունի: Ո՞րն է պատճառը, որ մինչ օրս չի ընդունվել:

Ես արդեն ասացի, որ բավական երկար ճանապարհ է անցել օրենքը, և սկզբնական նախագծից, կարելի է ասել, միայն վերնագիրն է մնացել:

Սա շատ լուրջ և աշխատատար փաստաթուղթ է. ինչքան աշխատում ես, էլի աշխատելու տեղ կա: Այն կապված է տարբեր գերատեսչությունների գործառույթների հետ՝ դատարան, դատախազություն, ոստիկանություն, համայնք և այլն, ու բոլորի լիազորությունները պետք է հստակ սահմանվեն, որ հետո հակասություններ չլինեն։

Կարծում եմ` մենք չենք ուշացել:

Իսկ օրենքն ունի՞ ընդդիմախոսներ:

Կան մարդիկ, ովքեր ասում են, որ այդ օրենքը մեզ պետք չի, այսինչ օրենքներով այդ ոլորտը կարգավորվում է: Տարբեր տեսակետներ կան թե' պետական, և թե' հասարակական գործիչների շրջանում: Ես չեմ ուզում անուններ տալ. դրանք տեսակետներ են, և ես հարգում եմ բոլոր տեսակետները: Բայց այսօր, որպես լիազոր մարմին, գտնում ենք, որ այդ օրենքի անհրաժեշտությունը կա, և ողջունելի է, որ Կառավարությունը կարևորում է և, այսպես ասած, կանաչ ճանապարհ է տալիս այս խնդիրների կարգավորման համար։ Եթե Կառավարության կողմից չլիներ համապատասխան աջակցություն, խնդիրը չկարևորվեր, բնականաբար հաջողություն չէր լինի։

Իսկ նրանք, ովքեր դեմ են, կգա ժամանակը, որ իրենց վերաբերմունքը կփոխեն, որովհետև բռնությունը մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակում է և ամենամեծ չարիքն է ու պիտի մերժվի և հասարակության մեջ չհանդուրժվի։

Կարծիք կա, որ օրենքն իրավիճակը չի փոխի, քանի դեռ ընտանեկան բռնություն երևույթի նկատմամբ մարդկանց գիտակցությունը չի փոխվել։

Բոլոր դեպքերում, եթե մեխանիզմներ լինեն, եթե բռնարարը տեսնի, որ ինքն անպատժելի չէ և իր ընտանիքի անդամն իր սեփականությունը չէ, եթե տեսնի, որ ինքը չի կարող բռունցքով, ծեծով, վիրավորանքով, անհարգալից վերաբերմունքով իր խնդիրները առաջ տանել, նա կհասկանա, որ պետք է փոխվի։

Շատ են դեպքերը, երբ բռնության ենթարկված կինը, տարբեր խնդիրներից ելնելով, չի դիմում իրավապահ մարմիններին։ Սա հաշվի առնվե՞լ է օրենքը մշակելիս։

Անպայման։ Այս օրենքով բողոքի, հայտարարության առկայությունը պարտադիր չէ։ Եթե կա որևէ մեկի կողմից ահազանգ, կամ տեսնում են ծեծված կին, լիազոր մարմինները արդեն պետք է հետաքրքրվեն, ուսումնասիրեն խնդիրը և համապատասխան քայլեր ձեռնարկեն։

Ամփոփելով` ի վերջո, ըստ Ձեզ, որո՞նք են ընտանեկան բռնության պատճառները Հայաստանում:

Պատճառները տարբեր են, բայց առաջինը, իմ կարծիքով, այս խնդրի շուրջ կրթվածության պակասն է, գիտակցության ցածր մակարդակը։ Եթե մարդը բարձր գիտակցական մակարդակ ունի և գիտակցում է, որ վիրավորանքը, ապտակը, ծեծը, սպառնալիքը բացասական երևույթներ են, այդպես չի վարվի:

Մարդկային հարաբերություններն անհնար են առանց կոնֆլիկտների, առանց բռնկումների, պարզաբանումների։ Բայց պետք է երկխոսությամբ հասնել խնդրի լուծմանը` առանց ստորացնելու, ցավ պատճառելու, առանց բռունցքի կամ սպառնալիքի։ 

Երբեմն նաև սոցիալական հողի վրա է լինում ընտանեկան բռնություն...

Ցանկացած բռնություն մերժելի է, և ակնկալում ենք, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունմամբ ընտանեկան բռնությունը կկանխարգելվի և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության տրամադրման հնարավորություններ կստեղծվեն:

Հարցազրույցը` Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am