Հարցազրույց

Խնամակալության հանձնաժողովների աշխատանքը հեռու է արդյունավետ լինելուց

09.01.2013

Հարցազրույց երեխաների պաշտպանության փորձագետ, ՀՕՖ Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի հետ

Տիկին Անտոնյան, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները որքանո՞վ են կայացած և արդյունավե՞տ են գործում, ըստ Ձեզ:

Խնամակալության հանձնաժողովները խորհրդային մնացուկ են, ըստ այդմ, ինստիտուցիոնալ առումով նրանք այլևս չեն կարող ֆունկցիոնալ լինել։ Այդ կառույցն այլ համակարգի համար էր նախատեսված: Խնամակալության հանձնաժողովն այդ համակարգում շատ լավ աշխատում էր, քանի որ երեխաների պաշտպանությամբ զբաղվող մյուս բոլոր կառույցներն իրենց ֆունկցիաները լավ էին կատարում: Հանձնաժողովները զբաղվում էին միայն բաց մնացած դեպքերով, որոնք շատ չէին:

Իսկ այսօրվա դպրոցը, մանկապարտեզը այլևս այն համակարգինը չեն, սոցիալական ապահովության համակարգը այլևս նախկինը չէ։ Հիմա ոչ թե տասնյակ երեխաներ են խնամակալության հանձնաժողովների շահառու երեխաներ, այլ հարյուրավոր, հազարավոր:

Պատկերացրեք, հանձնաժողովի՝ կամավոր հիմունքներով աշխատող 5-8 մարդկանց, որոնք պիտի իրենց հիմնական աշխատանքը թողնեն, գան, ժողով անեն և երկու ժամվա ընթացքում փորձեն լուծել իրենց համայնքի՝ կյանքի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքների և երեխաների խնդիրները։ Նման պայմաններում հանձնաժողովի աշխատանքը այլևս արդյունավետ չի կարող լինել:

Մենք հասկանում ենք նաև հանձնաժողովում աշխատողներին։ Ես ինքս էլ մի հանձնաժողովի անդամ եմ, որտեղ լինում եմ ժողովից ժողով։ Մինչդեռ երեխաների հետ աշխատանքը ամենօրյա, տքնաջան աշխատանք է:

Կամավոր հիմունքներով ժամանակ առ ժամանակ հավաքվել ու քննարկել ինչ-որ դժվար դեպք և որոշում ընդունել, թե, օրինակ, երեխան ո՞ր ծնողի հետ պետք է ապրի, կամ այս մարդուն պե՞տք է նշանակել երեխայի խնամակալ, թե՞ ոչ, նման իրավիճակում սխալվելու հավանականությունը շատ մեծ է:

Որոշումներ, անշուշտ, ընդունվում են, մարդիկ գրում են, ստորագրում են: Բայց հարցին պետք է մոտենալ այն տեսանկյունից, թե՞ ինչ է ստանում երեխան և ընտանիքը դրանից:

Խնամակալության հանձնաժողովից պահանջվում է ներկայացնել երեխաների շահերը դատարանում, բայց միշտ չէ, որ անդամները իրավական գիտելիքներ ունեն և ընդամենը ներկա են լինում ֆիզիկապես։ Դատարանները հանձնաժողովից կարծիք են ուզում, բայց դրա համար պետք է ընտանիքի իրավիճակի լիարժեք և պրոֆեսիոնալ գնահատում անել, ինչի կարողությունը հանձնաժողովը չունի։ Դատարանը հենվում է այդ մարմնի ոչ պրոֆեսիոնալ գնահատականի վրա, և դրանից տուժում է երեխան և ընտանիքը:

Կարծում եմ, որ խնամակալության հանձնաժողովների աշխատանքը շատ հեռու է արդյունավետ լինելուց: Այնտեղ ոչ մասնագետներ են, ոչ հետաքրքրված մարդիկ են, դա իրենց գործը չէ: Բայց խնդիրը անձինք չեն, խնդիրը մոդելի մեջ է:

Գուցե՞ օրենսդրական կարգավորման կարիք կա:

Իհարկե, կա։ Այդ ֆիկցիա մարմնի կանոնադրությունը պիտի վերանայվի, նրան պիտի թողնվի վարչական որոշումներ ընդունելու ֆունկցիա, այն էլ՝ միայն անցումային շրջանում: Մի քանի տարի հետո դա էլ պիտի հանվի: Ընդհանրապես, խնամակալության հանձնաժողով ասվածը չաշխատող տարբերակ է:

Օրենքի մշակման առումով քայլեր ձեռնարկվո՞ւմ են:

Դեռ ոչ: Մինչև ինտեգրված սոցիալական ծառայությունները չմտնեն Հայաստան, մինչև համայնքներում պաշտոնապես չներդրվեն սոցիալական աշխատողներ, դա չի կարող արվել: Եթե հիմա հանձնաժողովի լիազորությունները փոխեք, կնշանակի ընդհանրապես զրոյացնել դաշտը, որովհետև փոխարինող ոչինչ չունենք։

Առայժմ երեխաների պաշտպանության ամբողջ համակարգի համար համայնքային մակարդակում հանձնաժողովները միակ հենարանն են: Օրենքով ամեն պարտականություն և պատասխանատվության դրված է այդ հանձնաժողովների վրա, բայց ինչքանով են դրանք կարողանում արդյունավետ աշխատել, այդ հարցը կարծես չի էլ քննարկվում: Իրենք դրա համար չունեն բավարար ռեսուրսներ, մոտիվացիա, փորձառություն և սխալ է իրենցից պահանջել այդ ծավալի աշխատանք:

Իսկ ի՞նչպիսին պետք է լինի բարեփոխված և գործուն մոդելն, ըստ Ձեզ:

Նման աշխատանք կարող են ապահովել միայն մասնագիտացված սոցիալական ծառայությունները, որոնք կարող են լինել համայնքին կից: Օրինակ, հանձնաժողովի փոխարեն ամեն համայնքում կարելի է ունենալ մեկ սոցիալական աշխատող, իսկ եթե քաղաքային մեծ համայնք է, կարելի է ունենալ 5-7 հոգուց բաղկացած սոցիալական ծառայություն, որը կկատարի ընտանեկան վիճակի լիարժեք գնահատում, կհանդիպի վիճող կողմերի հետ, կդիտարկի ծնողների հանդիպումները երեխայի հետ, թերապևտիկ աշխատանք կկատարի, կհետևի ամբողջ պրոցեսին կամ գործեր կվարի։

Իսկ այն, ինչ ներկայումս պահանջվում է խնամակալության հանձնաժողովներից` հետևել, վերահսկել, խորհրդատվություն տալ, աջակցել, ճիշտ չէ։ Մենք նրանցից պահանջում ենք այնպիսի գործողություններ, որի հնարավորությունը, կարողությունը, ռեսուրսը չունեն: Նույնիսկ սենյակ չունեն, որտեղ կնստեն, կաշխատեն: Դա հոգեբանի, սոցիալական աշխատողի գործ է: Հանձնաժողովները կարող են վարչարարական աշխատանք կատարել, մինչդեռ նրանցից պահանջվում է նաև նեղ մասնագիտական աշխատանք:

Այժմ Երևանի վարչական յուրաքանչյուր շրջանում սոցիալական ծառայության բաժնում ունենք 8-12 աշխատողներ, ովքեր չեն աշխատում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ, մինչդեռ իրականում հենց դա պիտի անեին: Կարծում եմ`իրենք ռեսուրս են, որոնց կարելի է վերապատրաստել, ուժեղացնել:

Խնամակալության հանձնաժողովները թող միայն որոշումներ ընդունեն, բայց բուն, ամենօրյա աշխատանքը ընտանիքի հետ պիտի կատարեն մասնագետները:

Մինչ մասնագիտացված սոցիալական ծառայությունների ներդրումը ինչ–որ քայլեր արվո՞ւմ են:

Աշխատանք տարվում է. սեմինարներ, վերապատրաստումներ են կազմակերպվում խնամակալության հանձնաժողովների անդամների համար: Բայց պետք է ռեալիստ լինենք, բոլոր վերապատրաստումների արդյունքում առավելագույնը կունենանք իրազեկված մարդիկ, բայց՝ ոչ մասնագիտացված ծառայություններ: Հանձնաժողովի մոդելի պարագայում առավելագույնին, որ կարող ես հասնել, իրազեկված հանձնաժողովի անդամ ունենալն է: Մինչ բարեփոխումները խնամակալության հանձնաժողովների հետ այլ անելիքներ չկան:

Իսկ Երևանի և մարզերի խնամակալության հանձնաժողովները աշխատանքի որակով տարբերվո՞ւմ են:

Մենք ունենք 900-ից ավելի համայնքներ և այդքան խնամակալության հանձնաժողովներ: Եվ եթե այդքանի մեջ անգամ 50-ը լավ աշխատեն, դա դեռ ոչինչ չի նշանակում: Բայց հանուն արդարության պետք է նշել, որ կան նաև լավ աշխատող խնամակալության հանձնաժողովներ: Օրինակ, Վանաձորի, Կապանի խնամակալության հանձնաժողովները լավ են աշխատում, Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի հանձնաժողովն աննկարագրելի առաջադեմ է: Լավ օրինակներ կան, բայց, ընդհանուր առմամբ, դա ամուլ մարմին է:

Ասում են, որ որոշ համայնքներում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամներն անգամ տեղյակ չեն, որ իրենք ընդգրկված են հանձնաժողովում: Նման դեպքերից տեղյակ ե՞ք:

Ամեն ինչ կարող է լինել: Երեխաների պաշտպանության հանձնաժողովի անդամները ստիպված են եղել գյուղ առ գյուղ անցնել, բացատրել, թե ինչի համար է պետք այդ մարմինը... Համայնքապետն էլ ստիպված մի ցուցակ է կազմել, ներկայացրել: Այդ ամենը խոսում է մարմնի արհեստականության մասին:

Երեխաների պաշտպանությունը միակ ոլորտն է, որտեղ կարևոր խնդիրների լուծումը դրված է հանձնաժողովի վրա: Ամեն տեղ կան կոնկրետ պատասխանատուներ, իսկ երբ հանձնաժողովն է որոշում ընդունում, նշանակում է, որ որևէ մեկը պատասխանատու չէ այդ որոշման համար:

Անկախությունից ի վեր՝ 21 տարիների ընթացքում ինչո՞ւ խնդիրը դեռևս չի լուծվել:

Ռեսուրսի խնդիր ունենք, և դա մեկ օրում լուծելի խնդիր չէ: Այնպես չէ, որ ոչինչ չի արվել, բայց հարցը դեռ առկախ է: Երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգ ստեղծվեց, երեխաների պաշտպանության բաժիններ ստեղծվեցին: Երեխաների պաշտպանության մարզային բաժինների գոյությունը շատ եմ կարևորում, բայց դրանք էլ դժվար վիճակում են. հինգ աշխատակիցները ողջ մարզում չեն հասցնում ծառայություն մատուցել, բայց կարողանում են կոորդինացնել, ի մի բերել: Խնդրի լուծումը համայնքում սոցիալական աշխատող ունենալն է: Այդ դեպքում եռաստիճան համակարգը, իսկապես, կայացած կլինի:

Եվ վերջում, ամփոփելով անցած տարին՝ երեխաների պաշտպանության ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ ենք ունեցել:

Դրականը, ինձ թվում է, այն է, որ մտահոգ մարդկանց թիվը ավելացել է և վերաբերմունքը փոխվել է։ Առաջ ասում էին, որ, օրինակ, խնամակալության հանձնաժողովը բավարար է, հիմա հարցնում են, թե որտեղից գտնեն սոցիալական աշխատողներ: Արդեն պրոգրես է: Դրական է այն, որ երեխաների պաշտպանության պետական ռազմավարական ծրագրերի բաց քննարկումներ են տեղի ունենում: Դրական եմ համարում, որ պետությունը երկխոսում է. առաջ պարզապես անում էր իր գործը, իսկ հիմա հասարակական կազմակերպություններին դիտարկում են որպես լավ ռեսուրս:

Իսկ օրենսդրական առումով փոփոխություններ չկան, միայն առաջարկություններ են եղել:

Հարցազրույցը՝ Հայկուհի Բարսեղյանի

Աղբյուրը՝ www.hra.am