Հարցազրույց

Հասարակությանը մղում են «հովանավոր» փնտրելու

11.02.2013

Հարցազրույց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղար, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ։

Մարդու իրավունքների միջազգային օրն ընդունված է ավելի շատ խոսել խնդիրների մասին։ Ի՞նչ գլոբալ խնդիրներ եք տեսնում դուք այս ոլորտում։

Ամբողջ տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի վատթարացում է գնում, հատկապես իրավապաշտպանների պաշտպանվածության առումով։ Ռուսաստանում մարդու իրավունքների տեսանկյունից շատ տխուր օրենքներ ընդունվեցին, մասնավորապես «иностранный агент»–ների մասին և պետական գաղտնիքի մասին օրենքները։ Ղազախստանում վերջին շրջանում իրավապաշտպանների համատարած ձերբակալումներ և դատավարություններ են։ Կտրուկ վատթարացում կա Ադրբեջանում։ Միջինասիական մյուս երկրներում իրավիճակը վաղուց արդեն շատ վատ էր։ Եվ քանի գնում, հակաժողովրդավարական օղակը սեղմվում է և մոտենում Հայաստանին։ Այդ առումով վտանգի զգացում կա և մտահոգվելու տեղ կա։

Իսկ իրավիճակի վատթարացման պատճառները որո՞նք են։

Վատթարացման ամենահիմնական պատճառն այն է, որ Խորհրդային միության անկումից հետո օրակարգային հիմնական խնդիր դարձավ ազատության ձեռքբերումը տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական ազատություն, խոսքի ազատություն և այլն, և Արևմուտքը շարունակում է աջակցել ազատության պայքարին։ 

Անկասկած, առանց ազատության հնարավոր չէ, բայց չի կարելի շեշտը միայն այդտեղ դնել։ Ազատությունն առանց սոցիալական արդարության բերում է նրան, որ մի հատվածն ավելի ազատ է ճնշելու մյուսներին, այսինքն՝ օլիգարխիկ համակարգեր են ձևավորվում։ Եվ այս պարագայում սոցիալական արդարությանն ուղղված փոփոխությունների հանրային պահանջ է առաջանում։

Բայց, ցավոք սրտի, քաղաքական կուսակցությունների օրակարգում դրված չեն սոցիալական արդարության, սոցիալիստական խնդիրները։ Եվ հանրությունը սոցիալական արդարության պահանջը լրացնում է հովանավորչությամբ։

Այսինքն՝ «Ալիևը շատ փող ունի, բայց մեր մասին էլ է մտածում», «Նազարբաևը շատ հարուստ է, բայց մի կտոր մեզ էլ է բաժին հանում», «Իվանիշվիլին շատ հարուստ է, իր հարստությունից ժողովրդին էլ բաժին կհանի», Պուտինը սոցիալական ծրագրեր է անում, իսկ Հայաստանում էլ Ծառուկյան Գագիկի ֆենոմենն է՝ «ես հարուստ եմ, բայց ձեզ էլ կօգնեմ» և այլն։

Այս իրավիճակն, իսկապես, շատ վտանգավոր է, որովհետև գալիս է ոչ թե քաղաքական–գաղափարական պայքար կամ շարժում, այլ՝ հովանավորների փնտրտուք՝ «ով մեզ տիրություն կանի» տարբերակով։

Որո՞նք են մարդու իրավունքների տեսանկյունից ամենախոցելի խնդիրները Հայաստանում։

Ամենագլոբալը սոցիալ–տնտեսական խնդիրներն են։ Եթե մենք ուշադրություն չդարձնենք այդ խնդիրներին, ապա մենք կունենանք այն իրավիճակը, որն ունենք. հասարակության լայն զանգվածները կգերադասեն քիչ ազատություններ ունենալ, բայց գոնե ինչ–որ սոցիալական խնդիրներ լուծել։

Վերջին ընտրություններն ասածիս ապացույցն են։ Ժողովուրդն ընտրեց ոչ թե քաղաքական ուժի, այլ հովանավորի՝ «մեր Տարոնի աներձագն է, Տարոնի խաթր կընտրենք, որովհետև նա մեզ համար ինչ–որ բան անում է կամ կանի»։

Սա շատ վտանգավոր տենդենց է, և ահազանգ է քաղաքական կուսակցությունների համար, որ իրենց օրակարգը փոխեն, հակառակ դեպքում մարդիկ սոցիալական նվազագույն ապահովվածությունը գերադասում են լավ գաղափարներից կամ ազատություններից, որոնց իրականացումը, միևնույն է, կապված է փողի հետ։

Այսինքն՝ ամենամեծ պահանջարկ ունեցողը գաղափարը, որի հետևից մարդիկ կգնան, սոցիալական արդարությունն է։ Կապիտալիզմի գլոբալ խնդիր կա աշխարհում, որը մեր տարածաշրջանում ստանում է իր յուրահատուկ դրսևորումը։ Բայց քաղաքական գործիչները, փոխանակ արձագանքեն սոցիալական պահանջին, գերադասում են մեղադրել մարդկանց։

Այս պարագայում ստացվում է, որ ընտրությունները, միևնույն է, ոչինչ չե՞ն փոխելու մարդանց կյանքում։

Իդեալական տարբերակում ընտրությունները պետք է փոխեն ստեղծված իրավիճակը։ Բայց, ինչպես արդեն ասացի, քաղաքական կուսակցությունների օրակարգը մերժվում է հասարակության կողմից, դրա համար նրանք գնում են և ընտրում են «հովանավոր» թեկնածուների, և, ստացվում է, որ ընտրական իրավունքը փաստացիորեն չի ծառայում իր նպատակին։ Այս իրավիճակում համաժողովրդական համախմբվածությունը, հավատը, որ ընտրությունից հետո ամեն ինչ կփոխվի, կոտրվում է։

Ես կասեի, որ մեզ մոտ ոչ թե մարդու իրավունքների ճգնաժամ է, որովհետև նույն խնդիրները առաջ էլ կային, այլ՝ քաղաքական լուրջ ճգնաժամ։ Կուսակցությունները պետք է փոխեն իրենց օրակարգը և կարևոր է, որ հասարակական դաշտը կարողանա նպաստել օրակարգի ձևավորմանը, բայց միևնույն ժամանակ կուսակցական պայքարի մեջ չլուծվի, չկուսակցականացվի, որովհետև հիմա այդպիսի մտքեր արդեն հնչում են, որ «էս կուսակցությունները բանի պետք չեն, եկեք ինքներս մեր կուսակցությունը ստեղծենք» և այլն։

Մարդու իրավունքների օրակարգը դառնում է ավելի բարդ և, իմ դիտարկմամբ, անհրաժեշտ է շատ ավելի մանրակրկիտ աշխատանք, որը որոշակիորեն արվում է քաղաքացիական խմբերի կողմից՝ էկոլոգիական փոքր խնդիրներից սկսած և վերջացած կոնկրետ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ։ Այդ օրակարգը երկարատև, դժվարին պայքար է ենթադրում, որտեղ հասարակական սեկտորը լուրջ անելիքներ ունի։

Ի՞նչ պետք է անեն ՀԿ–ները՝ քաղաքական օրակարգը փոխելու համար։

Պետք է թինկթանկային (վերլուծական) կազմակերպություններ ստեղծվեն, որոնք հեռահար և երկարաժամկետ խնդիրներ կդնեն և մամուլի հետ միասին քաղաքական կուսակցություններին օրակարգ կթելադրեն։

Քաղաքական կուսակցությունները, իշխանությունները միշտ և ամբողջ աշխարհում նույն խնդիրներն ունեն՝ իրենք ընտրությունից ընտրություն են մտածում, և, ի վերջո, նրանց նպատակը ընտրություններում հաղթելն է՝ իշխանություն պահելը կամ իշխանության գալը։ Դրա համար իրենք գործում են իրավիճակից ելնելով՝ կարճաժամկետ շահերի հետևից ընկնելով։

Մեր ապագայի տեսլականը մշուշոտ է, և վտանգ կա, որ «հովանավորների» փնտրտուքը մի օր կբերի ալիևական կամ նազարբաևական ավտորիտար համակարգի՝ «մեր թագավորը մեզ տիրություն է անում»։

Իսկ արդարադատության համակարգում արված վերջին բարեփոխումներն ինչ–որ բան փոխեցի՞ն մարդու իրավունքների ոլորտում, թե՞ պարզապես ծրագիր էր, որ պետությունն արեց՝ անելու համար։

Մի կարևոր էլեմենտ կա, որի մասին ես արդեն վախենում եմ խոսել, որովհետև շատ է բացակայել մեզանում՝ բարոյականության խնդիրը։ Դատավորը պետք է բարոյական լինի։ Քանի դեռ բարոյականությունը և ողջամտությունը չեն վերադարձել մեր օրակարգ, ոչինչ չի փոխվի, ինչքան էլ բարեփոխումներ անեն։

Մենք, ըստ էության, հասարակական անդրադարձ չունենք դատավորների գործունեությանը։ Դատավորները, կարծես, նկուղներում նստած ինչ–որ որոշումներ են կայացնում։ Պետք է հասարակական վերահսկողություն լինի, որովհետև դատավորները մարդկանց ճակատագրերի հետ են խաղում, պետք է ցույց տանք, որ կոնկրետ այսինչ դատավորը այս որոշումներն է կայացրել, որից մարդիկ դժգոհ են։

Ես, դիտարկելով որոշ դատավարություններ, այն տպավորությունն ունեմ, որ դատավորների համար բարոյականությունը ընդհանրապես չափանիշ չէ։ Իրենք այլ չափանիշներով են առաջնորդվում՝ օրենքի սահմաններում կամ դրա սահմաններից դուրս, բայց մի ամբողջ փակ համակարգ է, և դատավորների անկախությունը չի փրկի իրավիճակը։

Ի՞նչ լուծում եք առաջարկում։

Առաջին հերթին դատավորներին պետք է լույս աշխարհ բերել, որ նրանց գործունեությունը մեր աչքի առջև լինի, մենք պարզ տեսնենք։

Ես կառաջարկեի, որ դատաիրավական բարեփոխումների անելու փոխարեն հեռուստատեսությամբ մի սովորական քրեական դատավարություն ցույց տան՝ ծայրից ծայր, որ բոլորը տեսնեն, թե ինչպես է դատավորը վարվում մարդու հետ, դատախազներն ինչպես են իրենց պահում դատարանում, որ մարդիկ տեսնեն, թե ում հետ գործ ունեն ու արթնանան, սթափվեն։ Որովհետև, դատական համակարգը շատ փակ է, իրենք իրենց նորմերն ունեն, կարելի է ասել՝ մաֆիայի պես բան է գործում. վերադասի հետ համաձայնեցնում են իրենց որոշումները և ուրիշ շատ խնդիրներ կան, որոնց մասին փաստաբանները բարձրաձայնում են։ Բայց այդ ամենը հասարակության համար մնում է անտեսանելի։

Հասարակական ճնշում պիտի լինի։ Մաշտոցի պուրակում նախագահն իր լիազորություններից դուրս մի կոչ արեց՝ «գեղեցիկ չի», որը պետք է դառնա թևավոր խոսք։ Գեղեցիկ չէ, որ «Ա1+»–ը մինչև հիմա նորմալ եթերում չի, գեղեցիկ չէ, որ Տիգրան Առաքելյանին 6 տարվա ազատազրկման են դատապարտել ու շատ այլ տգեղ երևույթներ ունենք՝ դատավորների, դատախազների պահվածքը և այլն։

Մենք բոլորս պետք է միավորվենք ու հասարակական այնպիսի ճնշում լինի, որ ամոթի զգացում արթնանա իրենց մեջ։ Հիմա ես դատական համակարգի համար ամենառեալը դա եմ տեսնում։ Հակառակ դեպքում, ինչքան էլ բարեփոխումներ անես, ոչինչ չի փոխվի, լավագույն դեպքում կհասնես փակ մի համակարգի, որտեղ դատավորներն իրար պաշտպանում են, իրար մեջ հաշվեհարդարներ են տեսնում, իսկ վատագույն դեպքում՝ դրան գումարվում է նաև կոռուպցիան, և սկսում են ծառայել իշխանություններին, որովհետև մի երկրում ենք ապրում, որտեղ հովանավորչության կարիք բոլորն ունեն, այդ թվում՝ դատավորները։

Ձեր թվարկած բոլոր խնդիրների կողքին ինչ–որ դրական փոփոխություն կա՞ մարդու իրավունքների ոլորտում։  

Այն բոլոր խնդիրները, որոնց մասին ես խոսեցի, նաև իրենց դրական կողմերն ունեն։ Ընտրություններն հիմա ավելի թափանցիկ են, քան 90-ականներին, ճնշումները, ֆիզիկական բռնությունը գրեթե վերացել են։ Առաջ մարդիկ գնում էին ընտրության, բայց որպես ընտրության արդյունք հրամցնում էին բոլորովին ուրիշ պատկեր։ Իսկ այսօր արդյունքների մասին մենք այդքան էլ մեծ կասկածներ չունենք ու հուսով եմ, որ այդ տենդենցը կշարունակվի։

Մյուս դրական փոփոխությունն այն է, որ մենք ունենք մարդու իրավունքների պաշտպանության խնդրի ընկալում ոչ թե որպես «գրանտակեր ՀԿ–ների» մենաշնորհ, այլ ՝ հասարակական խնդիր, պահանջ։ Հինգ տարի առաջ, երբ ասում էիր, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվում, քեզ մի տեսակ էին նայում, թե դա ի՞նչ է ընդհանրապես։ Իսկ հիմա մենք ունենք քաղաքացիներ, ակտիվիստներ, որոնք պայքարում են մարդու իրավունքների համար տարբեր ոլորտներում և դա հանրության համար ընկալելի է, ողջունելի է։

Մենք ունենք շատ քննադատ հասարակություն, որը շատ դրական է։ Մենք ունենք մարդկանց մեծ զանգված, որոնք հակված են փոփոխությունների։ Հիմա մնում է, որ կարողանանք փոփոխությունների ճիշտ օրակարգ ձևակերպել։ Արդեն պարզ է, որ քաղաքական կուսակցությունների օրակարգը մեզ չի բավարարում, ուրեմն մենք ինքներս՝ քաղաքացիական հասարակությունը, ակտիվիստները, մտավորականները պիտի ձևավորենք օրակարգը։ Հակառակ դեպքում մենք կունենանք հովանավորների մի պետություն՝ իր բոլոր բացասական դրսևորումներով, և հովանավորչությունը ստվերից կբերենք օրինական դաշտ, ինչպես եղավ Վրաստանում, երբ ընտրվեց Իվանիշվիլին։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի 

Աղբյուրը՝ www.hra.am