Հարցազրույց

Կառավարությունը կամք չունի ընտանեկան բռնության դեմ օրենք ընդունել

28.02.2013

ՀՀ Ոստիկանության տվյալներով՝ անցած տարվա ընթացքում ընտանեկան բռնության 766 դեպք է գրանցվել, որոնցից 621-ն ուղղված է եղել իգական սեռի, իսկ 145-ը` արական սեռի ներկայացուցիչների դեմ: Չնայած այս վիճակագրությանը և վերջին տարիներին մեծ աղմուկ բարձրացրած ընտանեկան բռնության դեպքերին, ՀՀ կառավարությունը մերժեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի փաթեթը։

Հարցազրույց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ, Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանի հետ։

ՀՀ կառավարությունը փետրվարի սկզբին մերժեց մի քանի տարի շարունակ մշակվող «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը՝ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությունների հետ միասին: Ի՞նչ ճանապարհ է անցել նախագիծը և ինչպե՞ս ընդունեցիք մերժման որոշումը։

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մշակումը անհրաժեշտություն էր:

Տարիներ շարունակ աշխատելով Հայաստանում և մոտիկից տեսնելով ընտանեկան բռնության իրական պատկերը մեր երկրում, ինչպես մեր կազմակերպությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչներ հստակ գիտակցեցինք, որ պարզապես անհրաժեշտ է օրենսդրական կարգով ընդգրկուն կերպով ներկայացնել ընտանեկան բռնության խնդիրը Հայաստանում:

Դրա համար մոտ 6 տարի առաջ այս նախագիծն է առաջարկվել, որը բավական երկար ժամանակ մնացել էր առկախ և չէր մտել Ազգային ժողով: Սակայն 2011 թվականին վարչապետի հրամանով ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է պայքարի գենդերային հիմքով բռնության դեմ և որի մեջ ներառված էին ներկայացուցիչներ տարբեր նախարարություններից, Ազգային ժողովից, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մշակվեց 2011-2015 ազգային պլան, ըստ որի այս տարիների ընթացքում պետք է ձեռնարկվեին տարբեր միջոցառումներ` գենդերային հիմքով բռնության կանխման համար: Այդ թվում նաև՝ 2012 թվականին նախատեսված էր ընդունել ընտանեկան բռնության օրենքի նախագիծը, որը 2012–ի նոյեմբերին կառավարություն ներկայացվեց:

Սակայն, չնայած տարբեր կազմակերպությունների կողմից խնդրի հրատապության վերաբերյալ կատարած նախազգուշացումներին, Կառավարության ջանքերն այս խնդրի լուծման հարցում անտեսանելի են:

Մեզ համար ուղղակի զարմանալի էր կառավարության մերժումը: Նախագծի ընդունմանը հակադրվողների մեծ մասը Արդարադատության նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչներն էին, մինչդեռ այս կառույցների ներկայացուցիչներին այսքան տարի օրենքը մշակող աշխատանքային խմբի անդամ էին, և նրանցից ոչ մեկը մինչ օրս հստակ չէր նշել, թե այսինչ կետերը պետք է փոփոխվեն կամ հակասահմանադրական են և այլն:

Մի քանի տարիների ընթացքում ՀՀ սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունները և տեղական ՀԿ-ները կատարել են խորհրդատվական աշխատանքներ՝ ուսումնասիրելով և մշակելով օրենքի այս նախագիծը: Եվ եթե միայն վերջնական մի տեղում նրանք ուղղակի հակադրվեցին ընդհանրապես ողջ նախագծին։ 

Մենք հիմա մտածում ենք, որ պետությունը պարզապես քաղաքական կամք չունի ընդունելու այս օրենքը, ուղղակի անվերջ ձգձգում է, որպեսզի ժամանակ շահի, քանի որ չի կարող կոնվենցիաներով սահմանված պարտավորություններին դեմ գնալ: 

Ելնելով կառավարության ներկայացուցիչների բազմաթիվ հավաստիացումներից՝ մենք ակնկալում էինք, որ օրինագիծը Կառավարության կողմից անհրաժեշտ վերանայման կենթարկվեր, կկատարվեին կառուցողական առաջարկներ, որպեսզի օրինագիծը ներկայացվեր Ազգային ժողով ընդունման համար: Սակայն օրինագծի սկզբնական քննարկումից հետո Կառավարության մերժումը առնվազն զարմանալի է:

Կառավարությունը այն ամբողջությամբ մերժելու փոխարեն պետք է գոնե տար համապատասխան հանձնարարականներ`օրենքի նախագիծը բարելավելու համար:

Կառավարությունը մերժումը հիմնավորել էր այն հանգամանքով, որ նախագծում որոշ տարրեր ուղղակիորեն հակասում են սահմանադրական և քրեական իրավունքներին: Որո՞նք են դրանք:

Կառավարությունը շահարկում էր սեփականության իրավունքին վերաբերող և մի քանի այլ կետեր: Մասնավորապես` սեփականության իրավունքի պարագայում խոսքը վերաբերում բռնարարին բնակարանից հեռացնելու վերաբերյալ կետին: Սակայն, իհարկե, նախագծում այնպես չէր նշված, թե ցանկացած դեպքում բռնարարը պետք է հեռացվեր բնակարանից: 

Բայց ես կարծում եմ, որ հարցն այդտեղ չէր, քանի որ դա կարելի էր ուղղակի բարելավել, մինչդեռ դրա հնարավորությունը պարզապես չստեղծվեց: Կառավարությունը շատ հստակ պատասխան է տվել, թե` հիմա մի կողմ դրեք նախագիծը: Այս պատասխանը մեզ համար առնվազն անընդունելի է: 

Այսպիսի օրենք ունենալը Կառավարության պարտավորությունն է, այնպես որ մենք և նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ, ՄԱԿ–ի ներկայացուցիչներ, խիստ զարմացած ենք:

Կառավարությունը կարծես թե առաջարկում է Ձեր մատնանշած հարցերը հաշվի առնել ՀՀ քրեական օրենսգրքում կատարվող փոփոխություններում: Կարծում եք այս պարագայում խնդիրը լիարժեք լուծում չի՞ ստանա:

Քրեական օրենսգրքում միայն որոշ կետեր ավելացնելով հարցը չի լուծվի: Կառավարությունը խոստանում է հաշվի առնել ամեն բան, դա, սակայն, հնարավոր չէ:

Առանձին օրենք ունենալու հարցը բազմիցս է քննարկվել և նաև այլ երկրների փորձի ուսումնասիրություններով է փաստվել, որ ընդամենը մի քանի կետ ավելացնելով և փոփոխելով խնդիրը չի լուծվի: Պետք է առանձին օրենք, որը նաև կանխարգելման դրույթներ կպարունակի:

Արդարադատության նախարարության կողմից արված առաջարկության համաձայն` պետք է բարեփոխումներ իրականացվեն առկա Քրեական օրենսգրքում: Այնուամենայնիվ, սա ընդունելի կլիներ միայն այնպիսի երկրներում, որտեղ առկա են համապատասխան մեխանիզմներ և ենթակառուցվածքներ տուժածներին հետագա օգնություն ցույց տալու համար: Իսկ Կառավարության որոշումն ապացուցում է, որ չկա հստակ պատկերացում ընտանեկան բռնության մասին, որովհետև գենդերային կամ ատելության հիմքով բռնությունները առանձնահատկություն ունեն և չեն տեղավորվում քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության շրջանակներում:

Դուք նշեցիք, որ կարծում եք, թե Կառավարությունը պարզապես խուսափում է նման նախագիծ ընդունել և անիմաստ ձգձգում է: Խուսափելու ի՞նչ պատճառ ունի Կառավարությունը:

Հենց սկզբից կար այդ խուսափողական մոտեցումը` հաշվի առնելով նաև հայ հասարակությունում առկա ավանդույթները: Չէ՞ որ մեզ հատուկ է հայրիշխանությունը և այն կարծրատիպը կա, որ ինչ կատարվում է ընտանիքում, պետք է մնա ընտանիքի ներսում:

Կառավարությունում չեն ցանկանում ամբողջությամբ ընկալել, թե ինչպես կարելի է ընտանեկան հարցերը այդպես տարածել և գտնում են, թե դրա համար առանձին օրենք պետք չէ:

Ամբողջ խնդիրն այն է, որ իրենք չեն աշխատում այս ընտանիքների հետ և չեն տեսնում իրական պատկերը: Բացի դրանից` օրենսդիր մարմիններում կանայք ընդգրկված չեն, կանանց շահերը չեն ներկայացվում և իրենք չեն տեսնում այս օրենքի կարևորությունը, հետևաբար նաև կամք չեն ձեռնարկում օրենքն ընդունելու համար:

Ի՞նչ քայլեր եք նախատեսում իրականացնել առաջիկայում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի ընդունման համար:

Իհարկե, մենք չենք պատրաստվում ընդունել Կառավարության այս պատասխանը: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոալիցիայի անդամների, իրավապաշտպանների և Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված բազմաթիվ կանանց անունից օրեր առաջ բաց նամակ ուղղեց ՀՀ նախագահին և վարչապետին` խորին հիասթափություն հայտնելով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը չընդունելու խնդրի կապակցությամբ:

Սպասում էինք պատասխանի, բայց դա դեռ չունենք:

Քաղաքացիական հասարակությունը միջազգային կազմակերպությունների հետ միասին շատ ջանք են ներդրել, որպեսզի օգնեն ՀՀ կառավարությանը` տեսնելու ոլորտում իր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները՝ առաջարկելով միջոցներ: 

Չկարողանալով ընդունել այս կարևոր օրենքը՝ Կառավարությունը հստակ ուղերձ հղեց հայ հասարակությանը և ողջ աշխարհին, որ ընտանեկան բռնության կանխումը ցածր առաջնահերթության խնդիր է համարվում Հայաստանում, և որ չկա այդ հիմնախնդրի լուծման համար բավարար քաղաքական կամք:

Մենք ակնկալում ենք կոնկրետ քայլեր՝ ուղղված օրենքի բարեփոխումներին և ընդունմանը՝ Քրեական օրենսգիրք ինտեգրելու փոխարեն:

Առաջիկայում նախատեսում ենք նաև ստորագրահավաք կազմակերպել նախագծի ընդունման համար:

Հարցազրույցը՝ Գայանե Առաքելյանի

Աղբյուրը՝ www.hra.am