Հարցազրույց

«Ընտրությունները լինելու են այնպիսին, ինչպիսին եղել են». Ս.Օհանյան

21.03.2013

Հարցազրույց հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Փարոս» հասարակական կազմակերպություն նախագահ Սուրեն Օհանյանի հետ:

Նախագահական ընտրություններն ավարտվեցին: Տվյալներ ունե՞ք, թե տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ որքանո՞վ կարողացան իրացնել ընտրելու իրենց իրավունքը:

Դա շատ ցավալի և հին խնդիր է, որն անկախության տարիներից այս կողմ դեռ մնում է չլուծված: Այսինքն՝ մենք ունենք ընտրատեղամասերի ընդամենը մոտ 20 տոկոսի մատչելիություն և մնացած 80 տոկոսը դեռ մնում են անմատչելի: Որոշակի աշխատանքներ տարվել են վերջին մի քանի տարվա ընթացքում։ Դրանք եղել են հասարակական կազմակերպությունների կողմից։  

Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, համագործակցելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, որոշակի հաջողություններ կարողացանք ունենալ` 5 տոկոսի բարելավում: Բայց մատչելիությունը շարունակում է մնալ որպես գերխնդիր հաշմանդամ մարդկանց ընտրական իրավունքը իրականացնելու համար:

Որոշակի փոփոխություններ կան տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Դրանք արդեն մոտ 5 տարի գործում են, բայց դերևս բարելավվելու կարիք ունեն:

Դեռևս լուծված չէ լսելու խնդիր ունեցողների խնդիրները: Քարոզարշավի ժամանակ սուրդոթարգմանություններ չեն լինում: Նրանք, ովքեր սուրդոթարգմանության կարիք ունեն, չեն հասկանում, թե իրենց ինչ են առաջարկում թեկնածուները:

Ի՞նչ կոնկրետ խնդիրների են հանդիպում հենաշարժողական խնդիրներ ունեցող ընտրողները քվեարկությանը գնալիս:

Նախ՝ ինչպես հասնել տեղամաս։ Եթե չկա թեքահարթակ, բնականաբար, խնդիրներ են առաջանում ընտրատեղամաս մտնելիս: Հանձնաժողովի անդամները միշտ չէ, որ հակված են քվեատուփը դուրս բերել, որպեսզի ընտրություն կատարվի: Այդպիսի փորձ մենք ունենք, և դա իրենից ենթադրում է քաշքշուկներ` մեկը համաձայն է, մեկը համաձայն չէ: Ընտրատեղամասերում նեղ դռների առկայությունը նույնպես խնդիրներ է ստեղծում, որ սայլակը չի կարողանում մտնել: Այս բոլոր խնդիրները պետք է հաշվի առնել մինչև ընտրությունները կազմակերպելը: Ընտրատեղամասերը հարմարեցված չեն սայլակով ընտրողների համար։ Ես էլ եմ հանդիպում նման խնդիրների, երբ քվեախցիկը պատից համապատասխան հեռավորության վրա չի գտնվում և դա խնդիրներ է ստեղծում սայլակով քվեախցիկին մոտենալիս:

Ի՞նչ լուծումներ եք տեսնում այդ խնդիրների համար:

Խնդիրների լուծումները շատ պարզ են և հասարակ: Պարզապես մինչև ընտրությունները, երբ պետբյուջեից գումար է հատկացվում ընտրությունները կազմակերպելու համար, իրենք այդ գումարից  որոշակի տոկոս պետք է հատկացնեն մատչելիության ապահովմանը: Մատչելիություն ասելով՝ ես ի նկատի չունեմ միայն թեքահարթակ: Պետք է լինի սուրդոթարգմանություն և դա պետք է լինի պետական պահանջ: Թեկնածուն կամ քաղաքական ուժը հնարավոր է ինչ–ինչ պատճառներով չցանկանա սուրդոթարգմանություն ապահովել, բայց եթե դա լինի պետության պահանջը, չի կարող անտեսել: Եվ քանի ու մեր Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը հստակ ասում են, որ ընտրությունները հավասար են բոլորի համար, ուրեմն պետությունը դա պարտավոր է անել:  Մարմինը, որին մենք կարող ենք դիմել և պահանջել, դա պետական ապարատն է և նրանք ովքեր կազմակերպում են ընտրությունները:

Եթե համեմատեք անցած տարիների փորձը և վերջին երկու համապետական ընտրությունները, էական փոփոխություն, առաջընթաց կա՞ր ընտրատեղամասերի մատչելիության տեսանկյունից:

Ես կդժվարանամ պատասխանել։ Ազգային ժողովի ընտրություններին մոտ 100 տեղամաս տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով մատչելի դարձան, դրանք, սակայն, հանրապետության չորս մարզերում են եղել: Մնացած մարզերը, կարծես, այդքան էլ ակտիվ չէին։ Նախագահական ընտրությունների վերաբերյալ մեզ մարզպետարանները տվյալներ չտվեցին (ես ասում եմ այն տվյալները, որ մեզ տվել ենմարզպետարանները): Բայց եթե փորձեմ զուգահեռներ անցկացնել տաս տարի առաջ ընտրությունների հետ, ապա որոշակի տեղաշարժ կա: Ուղղակի մենք իրավունք չունենք այդքան դանդաղ աշխատելու, քանի որ խոսքը մարդու հիմնարար իրավունքն ապահովելու մասին է:

Տեղաշարժման դժվարություններ ունեցող քանի՞ ընտրող կա Հայաստանում:

Միայն Երևանում նրանց թիվը հասնում է մոտ 3000-ի: Օրինակ՝ Գյումրիում կա 95 սայլակով ընտրող: Բավականին շատ են։

Կարծրատիպ կա, որ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ այդքան էլ ակտիվ չեն մասնակցում ընտրություններին: Ձեր գնահատմամբ՝ դա այդպե՞ս է:

Նման կարծիք կա, բայց դա այդպես չէ։ Երբ չկան համապատասխան պայմաններ, նրանք փակվում են տանը, և մեզ թվում է, թե կա՛մ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ կամ ընդհանրապես չկան մեր երկրում, կա՛մ էլ պարզապես շատ պասիվ են և փակվում են տանը: Իսկ եթե համապատասխան մատչելիությունը ապահովվի, նրանք, բնականաբար, կմասնակցեն ընտրություններին և ակնհայտ կդառնա, որ նրանք շատ ակտիվ քաղաքացիներ են:

Հինգ տարի առաջ մենք միջոցներ էինք գտել ընտրատեղամասերը մատչելի դարձնելու համար և Գյումրիի ընտրատեղամասերից մեկում, որտեղ ընտրողների թիվը բավական շատ էր, 35 սայլակով ընտրող է մասնակցել քվեարկությանը: Սա վկայում է այն մասին, որ նրանք պասիվ չեն, պատրաստ են գնալ ընտրությունների: Մենք դեռ 2003 թվականից ունեցել ենք նաև հաշմանդամ դիտորդներ, ինչը նորություն էր: Դա արվում էր տեղամասի մատչելիությունը արձանագրելու համար, նաև նրա համար, որ մարդկանց աչքը տեսնի, սովորի:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ընտրական օրենսդրությունը: Եվ որքանո՞վ է օրենքը կիրառվում իրական կյանքում:

Գիտեք, ինձ համար դժվար է գնահատել, ես իրավաբան չեմ: Բայց կարող եմ մի բան արձանագրել: Մի թերություն կա, որը գալիս է հենց Ընտրական օրենսգրքից: Ընտրական օրենսգրքի բացը միայնակ հաշմանդամների, և ոչ միայն հաշմանդամների, այլև նրանց համար, ովքեր միայնակ տանն են, և չեն կարողանում գնալ ընտրությունների, այս բոլոր մարդկանց համար շրջիկ քվեատուփեր չի նախատեսում: Շարժական քվեատուփերը նախատեսված են միայն հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացողների համար, իսկ նրանք, ովքեր տանն են տարիներով պառկած և չեն կարողանում դուրս գալ, օրենքը ոչինչ չի նախատեսում: Դա ընտրական օրենսգրքի բացն է։ Մենք բազմիցս դրա մասին ասել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և կուսակցություններին մեր հանդիպումների ժամանակ: Նրանք ընդունում են, որ բացը կա, սակայն մինչ օրս այն օրենսդրական կարգավորում չի ստացել:

Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են: Ի՞նչ պետք է անեն իշխանությունները այս երկու ամիսների ընթացքում, որպեսզի հնարավորինս մատչելի դարձնեն ընտրատեղամասերը բոլոր ընտրողների համար և հնարավո՞ր կլինի ինչ-որ բան անել:

Կարծում եմ՝ ոչ։ Այդ փոփոխությունները այդքան արագ չեն կատարվում։ Եթե փոփոխություններ լինեին, դրանք պետք է արվեին նախագահական ընտրությունների ժամանակ: Երևան քաղաքում կա մոտ 450 ընտրատեղամաս, որոնց մոտ 10 տոկոսը մատչելի չէ: Մենք արդեն գիտենք, թե ինչ ընտրություններ են լինելու: Այսինքն՝ ընտրությունները լինելու են այնպես, ինչպես եղել են: Թեքահարթակի կառուցումը բավական երկար ժամանակ է պահանջում: Չեմ կարծում, որ մինչև ընտրությունները որևէ փոփոխություններ լինեն: Դա մեկ օրվա աշխատանք չէ, իսկ ես մինչև հիմա չեմ ստացել ինֆորմացիա այն մասին, որ ինչ որ բարեփոխումներ են նախատեսվում: Մենք այսօրվանից պետք է պատրաստվենք հաջորդ նախագահական ընտրություններին, որպեսզի կարողանանք մատչելիությունը գոնե քսան տոկոսով բարելավվել հինգ տարի հետո: Մի բան կարող եմ ավելացնել, եթե ուզում ենք համարվել քաղաքակիրթ երկիր, պետք է հարմարավետ պայմաններ ստեղծենք բոլոր քաղաքացիների համար:

Հարցազրույցը՝ Շողինե Սողոմոնյանի 

Աղբյուրը՝ www.hra.am