Հարցազրույց

«Ընտանեկան բռնության մասին» օրենքն այս տեսքով չի կարող ընդունվել և կիրառվել

05.04.2013

Հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի հետ։

Ինչո՞ւ Կառավարությունը մերժեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը։ Ո՞րն է մերժման հիմնավորումը, բացատրությունը։

Կառավարությունը չի մերժել։ «Մերժում» տերմինը ԵԱՀԿ գրասենյակում մենք քննարկել ենք շահագրգիռ ՀԿ–ների հետ, որոնց ներկայացուցիչներն ընդգրկված էին նաև նախագծի վերջնական տարբերակը մշակող աշխատանքային խմբում։

Մենք կանանց ՀԿ–ների դաշինքի հետ սերտ համագործակցել ենք և որևէ խնդիր չենք ունեցել։ Բայց ինչ–որ կարծրացած տեսակետ կա, թե Կառավարությունը դեմ է այս օրենքին։ Կառավարությունը դեմ չէ, բացարձակապես։ Ուղղակի այսօրվա օբյեկտիվ իրավիճակն այնպիսին էր, որ այդ օրենքն այդ տեսքով, այդ ձևով ընդունելուն մեր երկիրը պատրաստ չէր։ Եվ դա ոչ թե իմ կարծիքն է, այլ պրոֆեսիոնալ իրավաբանի։ Նա մասնագիտական կարծիք է հայտնել, որ այստեղ շատ լուրջ իրավական խնդիրներ կան։

ՀՀ Կառավարություն ներկայացնելուց առաջ նախագծին բացասական եզրակացություն են տվել դատաիրավական ոլորտին առնչվող բոլոր գերատեսչությունները՝ Արդարադատության նախարարությունը, դատախազությունը, դատարանները, ոստիկանությունը։ Իրենց եզրակացությունը ևս եղել է, որ այս տեսքով օրենքը չի կարող գնալ ԱԺ, որ այս մասերով բացեր կան, որ այսօր չունենք այն իրավական դաշտը, որպեսզի հնարավոր լինի օրենքն այս ձևով կիրառել։

Մենք բոլոր կարծիքները հավաքել ենք, կազմել ենք ամփոփաթերթիկ և նախագծի հետ ուղարկել Կառավարության իրավաբանական բաժին։ Որպեսզի Կառավարությունը նախագծին հավանություն տա, պետք է հիմնականում դրական կարծիքներ լինեն։ Կոնֆլիկտային բանավեճով չի կարող նախագիծը հաստատվել և ուղարկվել Ազգային ժողով։

Այսինքն՝ Կառավարությունը չի մերժել «Ընտանեկան բռնության մասին» օրենք ունենալու գաղափարը, այլ մերժել է այս նախագիծը։ Այդ դեպքում ինչպե՞ս է լուծվելու ընտանեկան բռնության խնդիրը Հայաստանում։

Վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ արդարադատության նախարարությանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը իրավական և դատական բարեփոխումների ծրագրով մի շարք իրավական ակտերում փոփոխություններ անելիս  «ապահովել ընտանեկան բռնության դրսևորումների, ինչպես նաև դրանց արձագանքելու և կանխարգելելու գործուն մեխանիզմների ներառումը», ինչպես նաև՝ ՀԿ–ների հետ քննարկել և արդեն իսկ գործող սոցիալական աջակցության և պաշտպանության գործող ծրագրերում ներառել հնարավոր նոր միջոցառումներ։

Դուք գիտեք, որ դատական կարևորագույն օրենսգրքերում (ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում, Քրեական օրենսգրքում, Վարչական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում) ներկայումս լրջագույն բարեփոխումներ են կատարվում։

Բայց վարչապետը չի ասում՝ սպասենք մինչև դատաիրավական բարեփոխումներն ավարտվեն, այլ ասում է՝ փորձենք նաև մեխանիզմներ գտնել նախագծում բարձրացված խնդիրներն այսօր ունեցած ռեսուրսներով լուծել՝ գործող օրենսդրական դաշտի ընձեռած հնարավորությունների շրջանակում և ՀԿ–ների հետ համատեղ քննարկելով, մինչև համապարփակ ծրագիրը լինի։

Պաշտոնական կողմից կարծիք կամ մեկնաբանություն էր հնչել, թե նախագիծը հակասում է սահմանադրությանը։ Կարո՞ղ եք նշել նախագծի մի քանի կետ, որոնք չեն համապատասխանում գործող օրենսդրությանը։ 

Առաջին խնդիրը՝ մարդը, ով եկել է և հայտարարություն է տալիս, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, մենք չունենք մշակած մեխանիզմ, թե ինչ պետք է անել։

Ո՞վ է բռնության ենթարկված անձը։ Թրաֆիքինգի զոհերի դեպքում, օրինակ, հստակ չափորոշիչներ կան նույնականացման համար, իսկ այս դեպքում՝ ոչ։ Ո՞վ և ինչպե՞ս պետք է նույնականացնի ընտանեկան բռնության զոհին, ո՞ր մարմինը, ինչպե՞ս և ե՞րբ պետք է որոշում կայացնի նրան ապաստարան ուղղորդելու մասին։

Երբ հաղորդում են տալիս, որ ենթարկվել են հոգեբանական բռնության, ինչպե՞ս պետք է ոստիկանը որոշի՝ բռնություն կա թե ոչ։ Մենք ոստիկանությանն էլ պատրաստելու խնդիր ունենք։

Օրինակ՝ նախագծում դրույթ կա բռնարարին թույլ չտալ զոհին մոտենալ 100 մետրից ավելի։ Այսօր ո՛չ ոստիկանությունը նման ծառայություն ունի, ո՛չ քերադատավարական օրենսգրքերում կա այդ դրույթը ներմուծված։ Ոստիկանությունն ասում է՝ ես ի՞նչ օրենքի հիման վրա ասեմ ոստիկանին՝ թույլ տո՛ւր կամ թույլ մի՛ տուր։

Հարակից օրենքներում փոփոխություններ կատարելով և ենթաօրենսդրական ակտերով հնարավոր չէ՞ր այդ մեխանիզմները սահմանել և իրավական բացերը լրացնել։

Հարակից բոլոր օրենքները հիմնականում այն 4 օրենսգրքերն են, որոնք կոնցեպտուալ, կառուցվածքային լրջագույն բարեփոխումների փուլում են։

Ես չեմ կարծում, որ Կառավարությունը մերժեց այդ օրենքը, որովհետև ցանկացավ մերժել։ Ոչ։ Ուղղակի ավելի լավ չի՞ լինի՝ պատրաստ լինի, նոր ընդունենք։

Իսկ Կառավարության համար ընդունելի չէ՞ր ՀԿ–ների այն առաջարկը, որ եկեք ընդունենք օրենքը, բայց ավելի ուշ կիրառենք, մինչև որ իրավական դաշտը պատրաստ լինի։

Դա անհնար է, որովհետև Արդարադատության նախարարությունն ասում էր՝ այ այս կետերը դեռ կարգավորված չեն, մենք օրենքն ինչպե՞ս ընդունենք, ինչի՞ն հղում անենք՝ ասելով, որ սա պիտի արվի։

Հետո, գումարած դրան, օրենսդրական կոնցեպտուալ փոփոխություններ են կատարվում, շատ բաներ, որ խորհրդային մնացուկ են, փոփոխվում են և արդեն փոփոխված օրենսգրքերի հիմքում դրվում են եվրոպական օրենսդրությանը հատուկ սկզբունքները։

Շատ երկրներ կան, որտեղ ընտանեկան բռնության մասին առանձին օրենք չունեն, այլ քրեադատավարական, վարչական օրենսգրքերում ներառել են դրույթներ և ստացել են մի մեխանիզմ, որով հնարավոր է ընտանեկան բռնությունը կանխարգելել, հայտնաբերել, զոհերին նույնականացնել և հետո նաև՝ աջակցել ու հետևանքների դեմ պայքարել։

Կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների համար մերժումը անսպասելի էր և հիասթափեցնող, որովհետև իրենք Կառավարության հետ աշխատել են նախագծի վրա, բայց օրենսդրական բացերի մասին իրենց երբեք չեն ասել, որպեսզի դրանք շտկվեն։

Այդ ՀԿ–ների ներկայացուցիչները, որ դա ասում են, մեր գործընկերներն են, մենք նրանց հետ սերտորեն համագործակցում ենք: Բայց ես միշտ ասում եմ, որ ՀԿ–ները «ազատ նկարչի» կարգավիճակում են։ Իրենք շատ լավ գործ են անում, խոցելի խնդիրները հայտնաբերում են, մատնացույց են անում, բայց խնդրի լուծման պատասխանատվությունը, վերջիվերջո, դրված է պետության վրա։

Երբ որ մենք օրենքի նախագիծը գրում էինք 2011-ին, աշխատանքային խմբի հետ աշխատող մեր իրավաբանը (իսկ խմբի մեջ նաև դա ասող ներկայացուցիչներից էլ կային) բազմիցս, նաև իմ ներկայությամբ, ասել է, որ այս–այս խնդիրներին լուծման ճանապարհ չի երևում։ Մենք ընթացքում անընդհատ դիմել ենք դատարաններին, դատախազությանը, ոստիկանություն, իրենցից կարծիք ենք հարցրել, և ընթացքում էլ երևում էր, որ... Վերջիվերջո, երբ նախագիծը հաստատել և ուղարկել ենք Կառավարություն, իրավաբանի հստակ կարծիք կար, որ այս նախագծով մենք ավելի շատ խնդիրներ ենք առաջարկում, որովհետև լուծումների համար անհրաժեշտ կոմպոնենտները չկան։

ՀԿ–ները նաև ասում են, որ Կառավարությունը կամք չունի ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք և չի ուզում ընդունել, որ Հայաստանում կա ընտանեկան բռնության խնդիր։ Դա այդպե՞ս է։

Դա այդպես չէ։ Ասեմ ձեզ, վերջին քննարկման ժամանակ ՀԿ–ների ներկայացուցիչներն ասում էին՝ «քաղաքական կամք է պետք, եկեք որոշենք, այսպես անենք և վերջ»։

Ես ասում եմ՝ գիտեք ինչ, կարող ենք քաղաքական կամքով ասել՝ եկեք այսպես անենք ու վերջ, բայց եթե մենք իրավական երկիր ենք, ուրեմն իրավական համապատասխան մեխանիզմներ պետք է ստեղծենք, նոր շարժվենք առաջ։

Օրինակ՝ ինչպե՞ս ոստիկանին ասենք՝ 200 մետրից ավել բռնարարին թույլ մի տուր, որ մոտենա ընտանիքին, եթե «Ոստիկանության մասին» կամ այլ օրենքում դա չկա, ինչի՞ հիման վրա անի, կամ եթե չանի, ինչի՞ հիման վրա պատժենք իրեն։ Այս ամենը կանոնակարգելու անհրաժեշտություն կա։

Կառավարությունն ընդունում է, որ կա ընտանեկան բռնության խնդիր Հայաստանում, շատ լավ պատկերացնում ենք, շատ լավ գիտենք։ Մենք համագործակցում ենք ՀԿ–ների հետ, օժանդակում ենք, բռնության ենթարկված կանանց ուղղորդում ենք իրենց ապաստարաններ։ Եթե չընդունեինք, չէինք համագործակցի, չէ՞։

Ուղղակի ՀԿ–ները շատ ռադիկալ են հարցին մոտենում, չափից ավելի։ Ես բացասական առումով չեմ ասում... Դա տեղ–տեղ առաջ տանող ուժ է, բայց ծայրահեղության մեջ չպիտի ընկնեն։ Չի կարելի Կառավարությանը մեղադրել, որ ոչինչ չի անում, որովհետև անում է։

Կառավարությունը ընդունում է, որ կա նման խնդիր, բայց օրենքն այս տեսքով չի կարող ընդունվել և աշխատել։

Դուք ասում եք, որ շատ երկրներ կան, որտեղ ընտանեկան բռնության խնդիրը լուծվում է այլ օրենքներով, օրենքի ընդունման կողմնակիցներն էլ ասում են, որ շատ երկրներ հասկացել են, որ առանձին օրենք է հարկավոր, որ այլ օրենքներով հնարավոր չէ սահմանել և կարգավորել կանխարգելման խնդիրը, հոգեբանական բռնությունը և այլն։

Վարչապետի հանձնարարականը չի բացառում, որ այս օրենսդրական փոփոխություններից հետո, դրանց հիման վրա մենք նախագիծը նորից լրամշակենք և ընտանեկան բռնության մասին օրենք ընդունենք հետագայում։ Դրանք մեկը մյուսին չեն բացառում։

Նախագիծն առայժմ կողքի է դրված՝ ուղղակի տեսնելու համար, թե ճանապարհն ինչպես կընթանա։

Ես էլ եմ կարծում, որ այս բարեփոխումներից հետո ամբողջական օրենք կարելի է ունենալ՝ կանխարգելման և հոգեբանական բռնության առումով, բայց դեռ տեսնենք՝ այս երկու–երեք տարում մենք ինչքանո՞վ հասարակությանը կտանենք առաջ, ինչ գործիքներ կտանք ոստիկանությանը, դատարաններին, որ նրանք կարողանան հասկանալ՝ հոգեբանական բռնություն կա՞, թե՞ ոչ։

Նաև հասարակության հետ աշխատելու լուրջ խնդիր ունենք, մինչ առանձին օրենք ունենալը, որ կարողանանք օրենքը կիրարկել։

Մեր հարևան Ադրբեջանն էլ ունի գենդերային հավասարության և ընտանեկան բռնության մասին օրենքներ, բայց դրանք դեկլարատիվ են. ընդունել են, որ եվրոպային զեկուցեն, որ օրենք ունեն։

Իսկ մենք չենք կարող այդպես անպատասխանատու մոտենալ։ Եթե չենք կարող կիրառել, ավելի լավ է անցնենք այդ ճանապարհը, նոր ընդունենք։

Իսկ մինչ օրենք ունենալն ինչպե՞ս են լուծվելու կանխարգելման և մյուս խնդիրները։   

Կանխարգելումն առաջին հերթին ընտանեկան բռնության դեմ պայքարի քարոզչությունն է, որն արվում է. մենք հեռուստատեսությամբ հաղորդում ունենք և այդ թեմային անդրադառնում ենք։ Մենք աշխատում ենք երեխաների և կանանց պաշտպանության մարզային բաժինների հետ, որոնք էլ աշխատում ենք համայնքների հետ, ունենք գենդերային հանձնաժողովներ ամեն մարզում, որոնք զբաղվում են նաև ընտանեկան բռնության խնդիրներով։ Կանայք արդեն դիմում են ոչ միայն ՀԿ–ներին, այլև՝ պետական մարմիններին։

Մեր ռեսուրսները քիչ են, բայց ՀԿ–ների հետ համագործակցությամբ մենք կարողանում ենք նաև իրենց միջոցներով մեր անունից քարոզչություն անել։ Հետևանքների վերացումն հիմնականում ՀԿ–ների օգնությամբ է արվում՝ ապաստարաններ, հոգեբանական աջակցություն, որովհետև մենք ռեսուրսների խնդիր ունենք։

Այսինքն՝ այդքան տխուր չէ պատկերը, որքան ասում են։ Վերջին տարիներին այս ուղղությամբ մեր նախարարությունը շատ քայլեր է արել։ Եվ, կարող եմ ասել, որ հասարակության գիտակցության մեջ փոփոխություններ կան։

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մերժման մասին «Կանանց ռեսուրսային կենտրոնի» նախագահ Լարա Ահարոնյանի տեսակետը։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am