Հարցազրույց

«Ծննդօգնությունը հասանելի կլինի բոլոր հղի կանանց, բոլոր տեղերում»

22.04.2013

Photo by Med-Practic.com

2012-ի դեկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարը որոշում ընդունեց, ըստ որի՝ 2013-ի մարտի 1-ից ծննդօգնության պետական հավաստագրերը պետք է գործեին  տեղայնացված կարգով`վարչատարածքայինսկզբունքով: Ըստ այդմ`մարզի բնակիչն անվճար ծննդօգնություն կստանա իր մարզում, Երևանի բնակիչը՝ Երևանում: Որոշման իրագործումը, սակայն, երկու ամսով հետաձգվել է. այն ուժ մեջ կմտնի մայիսի 1-ից:

Որոշումն առաջացրել է կանանց դժգոհությունը։ Հատկապես որոշ մարզերում բնակվող կանայք, ում չի գոհացնում տեղի բուժհաստատությունների վիճակը կամ մասնագետները, բողոքում են, որ զրկված են ընտրելու իրավունքից։

Թեմայի մասին hra.am –ը զրուցել է ՀՀ Առողջապահության նախարարության  գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Ռազմիկ Աբրահամյանի հետ:

Պարո՛ն Աբրահամյան, ծննդօգնության պետական հավաստագրերը տեղայնացնելու մասին որոշումն ուժի մեջ պետք է մտներ մարտի մեկից, ինչո՞ւ է երկու ամսով հետաձգվել:

Դա հետաձգում չէ: Որոշումը կայացնելու համար անհրաժեշտ են նախապատրաստական աշխատանքներ: Այսինքն, չի նշանակում, որ որոշումն այսօր կայացվեց, այսօր դա պատրաստ է և պետք է ներդրվի: Քննարկումները գնում էին մարտի սկզբներին, սակայն որպեսզի պրոցեսը ներդրվեր, որոշվեց ժամանակ տալ նախապատրաստական աշխատանքների համար: Կազմվել է հստակ ժամանակացույց, թե երբ և որտեղ պետք է իրականացվեն խորհրդատվական աշխատանքներ, իսկ  արդեն մայիսի 1-ից կներդրվի կարգը:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված ծննդօգնության հավաստագրերը տեղայնացնելու անհրաժեշտությունը:

Որոշումը մեծ հեղափոխական բան չէ:  Խոսքն այն մասին է, որ ոչ բարդացած ծննդաբերությունները, որոնք ընթանում են նորմալ, կարիք չունեն լրացուցիչ  հետազոտությունների և միջամտությունների, իրականացվեն տեղերում: Իսկ եթե կա նորմայից որևէ շեղում, անպայման ուղեգրվեն ավելի բարձր մակարդակի ծննդօգնության հիմնարկներ: Այդ կարգը գործում է ողջ աշխարհում:

Ծննդօգնության հիմնարկները երեք մակարդակի են դասվում, առաջինը գյուղական, շրջանային ծննդօգնության հիմնարկներն են կամ բաժանմունքները, երկրորդ մակարդակը  այսօրվա մարզային  ծննդօգնության հիմնարկներն են և երրորդ մակարդակը հանրապետական գործառույթ ունեցող ծննդօգնության հիմնարկներն են, որոնց կադրային պոտենցիալն ավելի մեծ է, ունեն լավ կահավորված բաժանմունքներ, ժամանակակից  լաբորատոր և ախտորոշիչ ու բուժական սարքավորումներ:

Շատ ծննդօգնության հիմնարկներ մարզերում համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ վերազինվել են (2009-2010թթ. հիմնանորոգվել և սարքավորումներով են ապահովվել Իջևանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի, Աշտարակի, Գորիսի բժշկական կենտրոնները, ընթացքի մեջ են Ապարանի, Կապանի, Մեղրու բժշկական կենտրոնների վերազինումը-Հ.Բ.)։

Նպատակն է, որ նորմալ, առանց բարդությունների հղիության ընթացք ունեցող և պլանային ծննդաբերություններն իրականացվեն տեղերում: Եթե նման ծննդաբերություններն իրականացվեն տեղերում և հոսք չլինի դեպի Երևան քաղաք, ապա  դա կբերի տեղում զբաղվածության ապահովմանը և ֆինանսների հոսքի ավելացմանը շրջանային ծննդատներում: Իսկ բուն նպատակն է ապահովել մատչելի, հասանելի ծննդօգնություն ազգաբնակչության բոլոր խավերի համար, բոլոր տեղերում:

Սակայն սա չի նշանակում, որ մարզի բնակիչ հղի կինը չպետք է ծննդաբերի Երևանում: Եթե կինը ինչ-ինչ պատճառներով անհետաձգելի իրավիճակում է, օրինակ՝ սկսվել է ծննդաբերությունը, ոչ մի մերժում չպետք է լինի: Եթե անհետաձգելի վիճակ է, եթե մտել է ծննդաբերական գործունեության մեջ, այս կամ այն վիճակով դիմել է Երևան քաղաքի ծննդօգնության հիմնարկներ, նրան անվճար պետք է սպասարկեն: Վճարովի լինելու է միայն այն դեպքերում, երբ պլանային կարգով նորմալ ծննդաբերողները ցանկություն ունեն Երևանում ծննդաբերել: Տվյալ դեպքում ծառայությունը կլինի վճարովի:

Իսկ ինչպե՞ս է լուծվելու տեղի գրանցում չունեցող կանանց խնդիրը, օրինակ, գուցե հղի կինն ապրում է Երևանում, բայց գրանցված է մարզային որևէ բնակավայրում:

Հաշվի ենք առնում նրա փաստացի բնակության վայրը: Շատ լավ գիտենք, որ կարող է  գրանցումը լինի մարզում, բայց ամուսնացած է կամ փաստացի բնակվում է Երևանում, նա պետք է անվճար ծննդալուծվի Երևանի ծննդօգնության հիմնարկներում:

Մարզի բնակիչն իրավունք ունի ընտրել տվյալ մարզի ցանկացած ծննդօգնության հիմնարկ, նույնը և Երևանի բնակիչը:

Վերջնականապես մշակվե՞լ է ուղեգրման կարգը, թե  որ դեպքերում հղիին պետք է Երևանյան հիվանդանոցներ ուղեգրեն:

Ուղեգրման կարգը մշակված է: Եվ հիմա մարզերում խորհրդատվական աշխատանքներ ենք կատարում (ես` ինքս, նույնպես), թե որ դեպքերում պետք է հղի կինը ուղեգրվի Երևան քաղաքի երրորդ կարգի ծննդօգնության հիմնարկներ և որ դեպքերում այնտեղ ծննդալուծվի, օրինակ՝ եթե կինն ունենում է հղիության հիպերտենզիա, առաջադիր ընկերք, արգանդի սպառնացող պատռվածքի նշաններ, անեմիաներ և այլն: Ցանկը շատ մեծ է և գտնվում է բոլոր ծննդօգնության հիմնարկներում: Ելնելով դրանից՝ պետք է ուղղորդվեն և ուղեգրեն կամ պահեն տեղում ծննդալուծման: Նպատակն է այնպես անել, որ որևէ կին, հղի, նորածին չտուժի:

Նշեցիք մարզային հիվանդանոցների տեխնիկական վերազինման մասին, իսկ կադրային առումով վիճակն ինչպիսի՞ն է, արդյո՞ք բոլոր հիվանդանոցներն ապահովված են որակյալ կադրերով:

Դա բոլոր ոլորտներում հուզող հարց է, այդ թվում՝ առողջապահության: Նախարարությունն ունի կադրային բանկ, նույնիսկ մշակված է քաղաքականություն, երբ հարկ եղած դեպքում մասնագետին Երևանից մարզեր ենք ուղեգրում, և ուղեգրված մասնագետին նախարարությունը բարձր աշխատավարձ է տալիս նախարարության ֆոնդերի հաշվին:

Մարզային շատ հիվանդանոցներում ունենք շատ լավ մասնագետներ: Կարող է, ինչ-որ տեղ մանկաբարձ-գինեկոլոգի կարիք լինի, բայց այնպիսի տեղ, որտեղ չլինի մասնագետ մանկաբարձ-գինեկոլոգ, չունենք: Շնորհիվ բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի ունենք  ծննդօգնության ցուցանիշներ, որոնք համարյա թե մոտ են Եվրոպայի զարգացած երկրների ծննդօգնության ցուցանիշներին: Դրա փայլուն օրինակն այն է, որ եթե 10 տարի առաջ  տարեկան բացարձակ թվերով ունենում էինք 30-35 մայրական մահացություն, ապա վերջին տարիներին 3-4 դեպք է գրանցվում, այն էլ՝ ոչ թե մանկաբարձական պատճառներով, այլ ուղեկցող հիվանդությունների պատճառով:

Մարզերում կան ծննդօգնության հիմնարկներ, օրինակ՝ Գեղարքունիքում, Շիրակում, Արմավիրում, Արարատ և Գորիս քաղաքներում, որ մենք` Երևանի ծննդօգնության հիմնարկների բժիշկներս, կերազեինք նման հիվանդանոցում աշխատել. տեխնիկայի վերջին խոսքով զինված են:

Տեղյա՞կ եք, հանրության արձագանքը որոշմանն ինչպիսին է: Եվ ըստ Ձեզ, ինչո՞ւ են շատերը ձգտում երևանյան հիվանդանոցներում ծննդաբերել:

Կարծում եմ, մարդկանց արձագանքը դրական պետք է լինի, քանի որ եթե տեղում լավ պայմաններ կան, որտեղ կարող են նորմալ ծառայություններ մատուցել, ապա ազատվում են  հնարավոր ծախսերից, որ պետք է կատարեին տրանսպորտի վրա Երևան հասնելու համար:

Որևէ հեռավոր բնակավայրից նորմալ ծննդաբեր Երևան չի գալիս: Ուղարկում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ո՞վ կարող է Մեղրիից, Բերդից կամ այլ բնակավայրից գալ այստեղ ծննդաբերելու, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Հիմնականում Երևանին հարակից բնակավայրերի բնակիչներն են նախընտրում երևանյան ծննդօգնության հիմնարկներ դիմել: Օրինակ՝ Արգավանդի բնակչին ավելի հարմար է «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոն դիմել, կամ Զովունի գյուղի բնակչին ավելի հարմար է «Արմենիա» ԲԿ հասնել, քան թե՝ Եղվարդ: Այս բնակիչների խնդիրն է: Բայց դա չի նշանակում, որ եթե կինը ծննդաբերության մեջ եկավ այստեղ, դուռը թակեց, չպետք է ընդունենք:

Արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր չեն առաջանում  սահմանված բացառությունների պարագայում:

Ի՞նչ կոռուպցիոն ռիսկի մասին է խոսքը, եթե պարզ գրվելու է, որ բոլոր այն կանայք, ովքեր գտնվում են ծննդաբերության մեջ, ունեն ցավեր, դիմել են Երևան քաղաքի ծննդատներ, պետք է ընդունեն: Ոչ մի առարկում ոչ մի տեղ չպետք է լինի:

Հարցազրույցը՝ Հայկուհի Բարսեղյանի

Աղբյուրը՝ www.hra.am