Հարցազրույց

«Կառավարությունն ունի այլ առաջնահերթություններ»

29.05.2013

Հարցազրույց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարության զարգացման հարցերով պատասխանատու Օլիվեր ՄքՔոյի հետ։

Հավանաբար գիտեք, որ վերջերս ՀՀ կառավարությունը հավանության չարժանացրեց մոտ 6 տարի շարունակ մշակվող «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը։ ԵԱՀԿ–ն ինչպե՞ս է վերաբերվում Կառավարության որոշմանը և հիմնավո՞ր է համարում մերժումը։

Ես կխոսեմ ոչ թե ԵԱՀԿ անունից, այլ որպես Հայաստանում ժողովրդավարության զարգացման հարցերով մասնագետ։ Ես, ցավոք սրտի, այստեղ չեմ եղել, երբ սկսվել են օրենքի նախագծի մշակման աշխատանքները։ Երբ 2011 թվականի նոյեմբերին եկա Հայաստան, ես շատ տպավորված էի, որ պետությունը, քաղաքացիական հասարակությունը փորձում են նման կարևորության օրենք ունենալ։

Քաղաքացիական հասարակության և այլ միջազգային գործընկերների նման, երբ լսեցինք, որ օրենքի նախագիծը մերժվել է կառավարության կողմից և այլևս առաջնահերթություն չէ, մենք մտահոգված էինք, զարմացած, սակայն, կարծում եմ, դա առաջին ռեակցիան էր։ 

Մի կողմից՝ մենք, Հայաստանը, ՀԿ–ները շատ ջանք են թափել այս ուղղությամբ, մյուս կողմից՝ գոնե  քաղաքական մակարդակում Հայաստանն ինքն էր պարտավորություն վերցրել  ընտանեկան բռնության դեմ պայքարը ռազմավարական բարձր մակարդակի բարձրացնել։ Բայց այսպես ստացվեց, և մենք այդ իրավիճակը քննարկել ենք կառավարության և ՀԿ–ների հետ։

Սակայն, անկախ կառավարության կամքից, ընդհանուր տպավորությունն այն է, որ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ում հետ մենք աշխատում ենք (այդ թվում` մենք), դեռևս ունեն հանձնառություն ընտանեկան բռնությունը իրավական որևէ ձևով օրենսդրությունում ընդգրկելու՝ այս խնդրին արձագանքելու համար, որովհետև այն, իրոք, մեծ խնդիր է այս երկրի համար։ Գենդերային հիմքով ընտանեկան բռնության դեմ պայքարը ԵԱՀԿ հանձնառություններից է, հետևաբար մենք կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը։

ՀԿ–ները մեղադրում են պետությանը, որ կամք չունի նման օրենք ընդունելու համար։ Ձեր կարծիքով՝ դա այդպե՞ս է։

Եթե խոսքը հենց այս օրենքն ընդունելու մասին է, իհարկե՝ ոչ։ Իրենք չեն ուզում նման օրենք ընդունել։ Բայց կամք կա այդ խնդրի լուծման ուղղությամբ ինչ–որ բան անել։

Կառավարության հիմնավորումներից մեկն այն է, որ օրենսդրական լուրջ բարեփոխումներ են տեղի ունենում, և այլ օրենքներում կատարվող փոփոխությունների շրջանակում իրենք կփորձեն ընտանեկան բռնության խնդրին լուծում տալ։ Ձեր կարծիքով՝ Հայաստանի համար ո՞ր տարբերակը կլինի ավելի արդյունավետ՝ ունենալ առանձին օրե՞նք, թե՞ գործող օրենսդրության շրջանակում խնդրին կարգավորում տալ։ Եվ միջազգային փորձն ի՞նչ է ցույց տալիս։

Միջազգային փորձը շատ տարբեր է։ Ես զրուցել եմ ԺՀՄԻԳ փորձագետի հետ Վարշավայում, և այլ տարածաշրջաններում աշխատող գործընկերների հետ, չկա մի համընդհանուր կաղապար, միջազգային չափանիշ, թե պե՞տք է լինի ընտանեկան բռնության մասին օրենք, թե՞ ոչ։

Իհարկե, այս պետությունում կա մեծ խնդիր այդ բնագավառում, դրա համար, իմ կարծիքով, եթե լիներ առանձին օրենք, դա մեծ առաջընթաց կլիներ, դա կապահովեր համապարփակ մոտեցում հարցին։ Եթե խնդրին նեղ տեսանկյունից նայենք, այս համատեքստում, կարծում եմ, լավ կլիներ առանձին օրենք ունենալ։

Բայց մեծ օրենսդրական բարեփոխումներ են տեղի ունենում, և եթե դա ընդունվեր, պետք է այլ օրենքներում փոփոխություններ արվեին, պետք է գումար հատկացնել տարբեր հարցերի համար, որը գուցե չկա։

Ես անցած շաբաթ գնացել էի մի շարք մարզեր, և, իհարկե, տեսնում եմ, որ կան շատ այլ խնդիրներ և այլ առաջնահերթություններ, որ պետությունն իր սահմանափակ ռեսուրսներով պետք է լուծի։

Ես չեմ ուզում, իհարկե, սրանով ինչ–որ արդարացում գտնել կառավարության որոշմանը, բայց ուզում եմ ասել, որ հասկանում եմ, թե ինչպիսի վիճակում է կառավարությունը. կառավարության համար կան այլ առաջնահերթություններ։

Ձեր կարծիքով՝ ինչպես է վիճակը Հայաստանում ընտանեկան բռնության խնդրի հետ կապված, և կառավարությունն իր ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ էական քայլեր կատարե՞լ է, թե՞ ոչ։

Լուրջ քայլ կլիներ օրենքի ընդունումը, որը ցույց կտար քաղաքական հստակ կամք։ ՄԱԿ–ը Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հետ վերջին տարիներին ուսումնասիրություն էր արել, և պարզվել էր, որ ընտանեկան բռնության խնդիր կա հայաստանում։ Ես համամիտ եմ այդ տվյալների հետ։ Դա խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում։

Ընտրական գործընթացների և դատաիրավական բերփոխումների համատեքստում տեղի ունեցող փոփոխություններից զատ, ես կցանկանայի հասարկությանը ավելի բաց տեսնել։ Բայց ես նկատեցի, որ հասարակությունում փոփոխություններ չեն լինում ընտանիքի հետ կապված. ընտանիքի խնդիրների մասին բացահայտ չեն խոսում, մանավանդ՝ բռնության մասին։ Այդ խնդիրը դեռ կա։ Ես կարծում եմ, որ լուրջ փոփոխություն, առաջխաղացում լինի, եթե ընտանեկան բռնության ենթարկված մարդկանց համար հնարավորություն ստեղծվի, որ կարողանան դիմել և ստանալ պրոֆեսիոնալ աջակցություն։

Իմ աշխատանքի մեծ մասը նվիրված է կանանց հզորացմանը՝ քաղաքական, տնտեսական ասպարեզներում, ինչպես նաև՝ ընտանիքի մասին ավանդական պատկերացումների հետ կապված հարցերում։ Եվ երբ ես զրուցում եմ հայերի հետ, ովքեր չեն աշխատում այս ոլորտում, նրանք ասում են՝ հնարավոր չէ ինչ–որ բանի հասնել։

Ես ուրախ եմ նրանց անկեղծության համար, բայց մենք և մեր գործընկերները շարունակելու ենք մեր աշխատանքը կանանց հզորացման ուղղությամբ։

ՀԿ–ները կարծում են, որ օրենքի չընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի միջազգային վարկի վրա։ Իսկ Ձեր կարծիքո՞վ։

Եթե Հայաստանը կամ ցանկացած այլ պետություն ստանձնել է պարտավորություն և չի կատարում այն, պարզ է, որ դա միջազգային ասպարեզում արձագանք կունենա։

Բայց, անկախ դրանից, միջազգային հանրությունը և մասնավորապես ԵԱՀԿ–ն, որը ես ներկայացնում եմ, հարգում են կառավարության որոշումը, և մենք հասկանում ենք նաև այն իրավիճակը և բոլոր այն  խնդիրները, որ այստեղ կան։

Աշխատելով  կառավարության հետ տարբեր ոլորտներում՝ իմ տպավորությունն այն է, որ ոչ թե կառավարությունը չի ուզում կատարել այդ պարտավորությունները, այլ  փորձում է ավելի արդյունավետ ձև գտնել այդ պարտավորությունների կատարման համար։

Դրա համար իրենք ասում են, որ հիմա չենք կարող կենտրոնանալ այդ օրենքի վրա, որովհետև մենք պետք է կենտրոնանանք այլ հարցերի վրա։

Դա, իհարկե, մտահոգություն է մեզ համար, բայց չեմ կարծում, որ այդ վնասը հնարավոր չէ վերականգնել։

Հայաստանը այլ երկրներից, որտեղ ես աշխատում եմ, տարբերվում է նրանով, որ այստեղ կառավարությունը կարողանում է լուրջ երկխոսության մեջ մտնել տարբեր հարցերի շուրջ։ Այլ տեղերում դու չես կարող նույնիսկ նրանց դռանը հասնել։ Եվ մենք հստակորեն կշարունակենք կառավարության հետ աշխատանքը, որպեսզի հասնենք նրան, որ այս հարցը լուծում ստանա, որ համապատասխան մեխանիզմներ ստեղծվեն։

Ի՞նչ ծրագրերով եք շարունակելու աշխատել ընտանեկան բռնության խնդրի լուծման ուղղությամբ։

Անցած տարի, երբ մենք նախանշում էինք այս տարվա բյուջեն, ես գումարի մի մասը հատկացրել էի «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդումանը նպաստելուն։

Բայց հիմա չկա օրենք, և ես մտածում եմ, թե ինչպես պետք է մեր ծրագրերը շարունակենք այս ուղղությամբ։ Այս հարցին, ցավոք սրտի, դեռ հստակ պատասխան չունեմ, բայց մենք քննարկում ենք ՀԿ–ների և կառավարության հետ, թե ինչպես պետք է առաջիկայում աշխատենք այս ուղղությամբ։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am