Հարցազրույց

«Հարսնաքարի» գործ. ամբաստանյալները չեն պատմում այն ամենը, ինչ գիտեն

29.06.2013

Այսօր լրանում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեկ տարին:

 Հարցազրույց «Հարսնաքարի» գործով տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։

Վահե Ավետյանի մահվանից արդեն մեկ տարի է անցել։ Ինչպե՞ս եք գնահատում գործի նախաքննության և դատական քննության ընթացքը: Ի՞նչ խնդիրներ, բարդություններ եղան ն և ի՞նչ արդյունքներ ունեք:

Նախաքննության ընթացքում մենք բազմիցս ահազանգում էինք նախաքննության բացերի, թերությունների մասին, պետության կողմից իր պոզիտիվ պարտականությունների կատարման թերությունների մասին, արհեստական խոչընդոտների ստեղման մասին մեր նկատմամբ՝ որպես տուժողների և տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ։

Այդ ամենը այժմ հաստատվում է, և այսուհետ արդեն փաստ է, որ նախաքննության թերությունները  դատաքննության ընթացքում անհնար է վերականգնել կամ լրացնել, և դրա վառ ապացույցն է այն, որ դատակոչված վկաների մեծ մասը որևէ էական նորություն չի հայտնում, այլ՝ ընդհակառակը. նրանց ցուցմունքներում մենք նկատում ենք միտում հնարավորինս քիչ տեղեկություն հայտնելու, ինչը զարմանալի չէ։ Թերևս ուշագրավ է այն, որ նրանք դատաքննական ցուցմունքներում հայտնում են այնպիսի տեղեկություններ, որոնք չեն հիշել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների ժամանակ:

Օրինակ՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի, եթե չեմ սխալվում, փոխտնօրեն Մամիկոն Հարությունյանը, ով դեպքի օրը եղել է աշխատանքի վայրում, զանգ է ստացել Գարիկ Մարգարյանից։ Նախաքննության ընթացքում այն հարցին, թե ինչ եք խոսել, ասել է, թե չի հիշում, իսկ արդեն դատաքննության ընթացքում՝ մոտ մեկ տարի հետո, պատմել է, որ իրենք խոսել են այդ օրը տեղի ունեցող ֆուտբոլային խաղից: Կասկածելի է, ինչպե՞ս է, որ դեպքից ընդամենը մի քանի օր հետո չեք հիշել, իսկ մեկ տարի հետո հիշում եք։ Նման օրինակներով մենք կարողանում ենք ամբողջացնել այդ արժանահավատ կասկածի պատկերը, և ակնհայտ է դառնում, որ այս մարդիկ հակված չեն հայտնելու այն ամենը, ինչից տեղյակ են:

Իսկ կա՞ն հարցաքննություններ, որոնք օգտակար են եղել գործի բացահայտման համար։

Ունենք մի քանի վկաների հարցաքննության հաջողված փորձեր։ Մասնավորապես դրանց շարքին կարելի է դասել Ռուբեն Հայրապետյանի, Դիանա Նավոյանի և ռեստորոնային համալիրի մենեջեր Դավիթ Հայիրյանի հարցաքննությունները։ Որքան էլ տարբեր աղբյուրների կողմից այս վկայությունները որակվեցին որպես ոչ արդյունավետ, բայց պետք է փաստել, որ, օրինակ, Դավիթ Հայիրյանն այն վկան էր, ով հայտնեց, որ դեպքի օրը՝ 22:30-ի սահմաններում, նկատել է Արման Բաղդասարյանին դրսում և հեռախոսազանգ ստանալուց հետո նկատել է, թե ինչպես է Արման Բաղդասարյանը մոտենում դեպի ավտոկայանատեղիում հավաքված խումբը։ Իհարկե, Արման Բաղդասարյանը փորձեց հերքել դատարանում այս ամենը, բայց դա անհաջող փորձ էր:

Ի՞նչ պատմեց դեպքի մանրամասներից վկա Դիանա Նավոյանը, ում հարցաքննությունն, ասում են, անցել է դռնփակ։

Նախ նշեմ, որ Դիանա Նավոյանի հարցաքննությունն անց է կացվել սովորական դռնբաց դատական նիստի շրջանակներում, և որևէ կերպ չեն սահմանափակվել նիստին ներկաների, այդ թվում` լրատվամիջոցների իրավունքները՝ չնայած ինտրիգ որոնող անձանց և դեղին մամուլի համար հակառակ տարբերակը շատ ցանկալի կլիներ:

Դիանա Նավոյանի վկայությունը շատ արժեքավոր էր։ Նա իր ցուցմունքներով հօդս ցնդեցրեց պաշտպանության կողմի այն վարկածը, որ հնարավոր է՝ Վահե Ավետյանին ծեծած լինեն այլ սեղաններին նստած հաճախորդներ, քանի որ նրանք բազմիցս իրենց դժգոհությունն էին հայտնել Վահե Ավետյանին և նրա ընկերներին իրենց պահվածքի վերաբերյալ, և հնարավոր է՝ հաշվեհարդար տեսած լինեն:

Դիանա Նավոյանը հերքեց նաև տարբեր վկաների, մասնավորապես՝ մատուցողների և Դավիթ Հայիրյանի կողմից տրված այն վկայությունները, որոնցով նրանք փորձում էին ներկայացնել, թե ինչ է խոսել Վահե Ավետյանը մատուցող Դավիթ Ադամյանի հետ, երբ վերջինս նկատողություն է արել Վահե Ավետյանին սպորտային տաբատի կապակցությամբ: Պարզվեց, որ որևէ մեկը այդ խոսակցությանը ականտես չի եղել, քանի որ այդ խոսակցությունը տեղի է ունեցել ամառային սրահից դուրս:

Այդ խոսակցությանը ներկա է եղել միայն Դիանա Նավոյանը, և չի լսել խոսակցության բովանդակությունը, քանի որ ինքը մոտ 5 մետր հեռավորության վրա է կանգնած եղել և աղմուկի պատճառով հնարավություն չի ունեցել լսելու։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք այլ անձինք կային այդ տարածքում, Դիանա Նավոյանը պատասխանեց, որ ոչ։ Եթե այլ մարդիկ չկային, հետևաբար այլ մարդ չէր կարող լսել նրանց խոսակցությունը, և բոլոր այն ցուցմունքները, որոնք վերաբերում էին խոսակցության բովանդակությանը, ուղղակիորեն չեն համապատասխանում իրականությանը: Սա ևս շատ կարևոր փաստ է:

Ամբողջացնելով Դիանա Նավոյանի և մատուցողների տված ցուցմունքները՝ հնարավոր եղավ պարզել, որ ոչ մի հրավառություն էլ տեղի չի ունեցել այդ օրը, ինչը ևս բազմիցս շահարկվում էր պաշտպանության կողմից:

Դիանա Նավոյանը նաև մասնավորեցրեց, որ կոնկրետ Վահե Ավետյանի և նրա ընկերների կողմից զբաղեցրած սեղանի հարևանությամբ գտնվող այն 20-25 հոգանոց սեղանին, որտեղ ծննդյան տոն էին նշում, եղել է Վահե Ավետյանի ծանոթը, որովհետև սրահում նրանք միմյանց ողջունել էին բավակնին ջերմ և Վահե Ավետյանը նույնիսկ հրավեր էր ստացել միանալու իրենց։

Ուստի, կրկին անգամ, հօդս է ցնդում այն վարկածը, որ այդ սեղանը հնարավոր է ագրեսիվ վերաբերմունք դրսևորած լինի Վահե Ավետյանի և նրա ընկերների նկատմամբ, ինչպես նաև այն, որ այդ սեղանը մենեջերին և մատուցողներին բողոքներ է ուղղել հայհոյանքների և վեճի վերաբերյալ, որովհետև, հաշվի առնելով նրանց ծանոթությունը, բողոքների առկայության պարագայում դրանք կարող էին անմիջականորեն հասցեագրված լինել Վահե Ավետյանին, ինչպիսիք չեն եղել: 

Իսկ Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունը ի՞նչ նորություն էր պարունակում, ի՞նչ տվեց գործի բացահայտման առումով։

Ռուբեն Հայրապետյանի վկայությունը շատ ինֆորմատիվ էր: Նախ, ի ցույց դրվեց այն, որ Ռուբեն Հայրապետյանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը մեր նկատմամբ։ Նա մի քանի անգամ փորձեց հեգնական խոսակցություն և հեգնական դիրք բռնել մեր նկատմամբ՝ փորձելով խուսափել պատասխաններից։

Մենք հարցրեցինք՝ «դուք պնդում եք, որ այլ հաճախորդնե՞ր են ծեծի ենթարկել Վահե Ավետյանին և իր ընկերներին» նա պատասխանեց՝ «նաև»՝ չհերքելով, որ այս ամբաստանյալները նույնպես մասնակցել են ծեծին: Սա մի փոքր տեղեկություն էր, որը քիչ մարդկանց ուշադրությանն արժանացավ, բայց դա շատ էական տեղեկություն էր։

Նա դատարանում հայտնեց, որ եթե ինքն այնտեղ լիներ, ամբաստանյալներն իրենց այդ կերպ չէին պահի, քանի որ տեղյակ են իր խստությանը։ Սրանով կարծես անուղղակիորեն հաստատում է, որ ամբաստանյալները առնչություն են ունեցել այս դեպքին։ Եվ ինքը կկարողանար սանձել նրանց, որովհետև ամբաստանյալները գիտեին իր խիստ բնավորությունը։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Ռուբեն Հայրապետյանն ասում է՝ «այո՛, նրանք առնչություն ունեցել են, եթե ես լինեի այնտեղ, իրենք այդպես չէին պահի իրենց», ինչը նշանակում է, որ ամբաստանյալները մասնակցել են այդ ծեծին: Իհարկե դա շատ էական էր, և դա արդյունք էր, որին մենք սպասում էինք, որը պետք է դեռ նախաքննության արդյունքում տեղի ունենար:

Մյուս կողմից, նա մասնավորեցրեց, որ «Նուվել դը Աղմենի» ամսագրին տրված հարցազրույցում երբ հետևյալ ֆռազն է արհայտել՝ «այս կռիվը սկսել է հավի կյանքով ապրող մեկից», դրանով նկատի է ունեցել ամբաստանյալներից Արթուր Բաբլոյանին, սակայն չպարզաբանեց, թե ինչ տեղեկություններ ունի այդ մասին, ինչպե՞ս է, ըստ իր տեղեկությունների, Արթուր Բաբլոյանն սկսել այդ կռիվը։ Նա փորձեց խուսափել պատասխանից՝ասելով, որ նրան այդպիսի տեղեկություններ հայտնի չեն:

Ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանը «Նուվել դը Աղմենիին» հայտնել է մի բան, որի մասին տեղյակ չի եղել։ Սա նույնպես շատ կասկածելի է, և որոշակի եզրակացությունների հնարավորություն է ստեղծում:

Մենք մի քանի հակասություններ հայտնաբերեցինք նախաքննության ընթացքում և դատաքննության ընթացքում տրված վկայություններում։ Մասնավորապես, Նորայր Հայրապետյանի կատարած զանգի առնչությամբ: Ռուբեն Հայրապետյանը հայտնում է, որ ինքը զանգահարել էր Նորայր Հայրապետյանին՝ պահանջելով պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Դատաքննության ընթացքում նա ասում է, որ Նորայր Հայրապետյանն իրեն ասել է, թե ինչ է տեղի ունեցել, սակայն ստել է՝ հայտնելով, որ իրենց ոտքով հեռացել են, և միայն 15 րոպե հետո ինքն իմացել է, որ Վահե Ավետյանին հոսպիտալում վիրահատում են:

Մեր հարցին ի պատասխան, նա ասում է, որ այդ տեղեկությունն իրեն հաղորդել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչ Զոհրաբյանը։ Իսկ նախաքննության ընթացքում ասել էր, որ մի քանի ժամ հետո է իմացել, որ Վահե Ավետյանը ծանր վիճակում է։ Հրաչ Զոհրաբյանի անունը նախաքննության ժամանակ որևէ կերպ չէր շոշափել, և, առհասարակ, այլ կերպ է նկարագրել իր և վերջիններիս միջև եղած հեռախոսային խոսակցությունը:

Սրանք ակնհայտ կասկածներ են առաջացնում առ այն, որ Ռուբեն Հայրապետյանը ևս որոշակի առնչություն ունի դեպքին:

Մինչ Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունը վարկած կար, որ նա քաղաքում չի եղել։

Մինչ այդ, Ռուբեն Հայրապետյանը նշում էր, որ ինքն, առհասարակ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում չի եղել, և ամեն կերպ փորձում էր հիմնավորել, որ գտնվել է Ֆուտբոլի ֆեդերացիայում, քանի որ իր բնակարանը վերանորոգվում էր և նա ընտանիքով  ժամանակավորապես բնակվում էր այնտեղ։ Սակայն ակադեմիայի աշխատակիցները, մասնավորապես՝ Արթուր Մանուկյանը և Մամիկոն Հարությունյանը, փաստեցին, որ այդ օրը Ռուբեն Հայրապեյանը ՀՖՖ-ում ժամը 8-ի սահմաններում եղել է միայնակ և դիտել է ֆուտբոլ և խոսք չկար անգամ, որ նա այնտեղ ընտանիքով էր: Մեր այն հարցին, թե ե՞րբ է Ռուբեն Հայրապետյանը դուրս եկել ֆեդերացիայից, նրանք պատասխանեցին՝ չգիտենք։ Նրանք չհերքեցին այն փաստը, որ նա հեռացել է Ֆուտբոլի ֆեդերացիայից:

Ակնհայտ է, որ Ռուբեն Հայրապետյանին չհաջողվեց ապացուցել, որ ինքը ընտանիքով Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում է ապրել. դա հերքեցին հենց ակադեմիայի աշխատակիցները:

Բացի այդ, լրացուցիչ կասկած է հարուցում այն, որ Ռուբեն Հայրապետյանը դատարանում մոռացել էր, որ ֆուտբոլի ակադեմիայում ընտանիքով ապրելու մասին և պարզաբանել էր, որ այդ ժամերին այնտեղ է գտնվել և ֆուտբոլ է դիտել, նույնիսկ կոնկրետ խաղն էր նշել ցուցմունքն ավելի արժանահավատ դարձնելու համար:

Սակայն մենք կարծում ենք, որ ակադեմիայում լինելու հանգամանքը հորինվել է մի պարզ պատճառով՝ բջջային հեռախոսի վերծանումները ցույց են տվել, որ Ռուբեն Հայրապետյանը այդ ժամանակ գտնվել է այդ տիրույթում: Քանի որ թե՛ ՀՖՖ ակադեմիան, և թե՛ «Հարսնաքար» ռեստորորանային համալիրը գտնվում են նույն ալեհավաքի տիրույթում և հնարավոր չէ հստակեցնել, թե մեկ կիլոմետր շառավղի կոտկրետ ո՞ր մասում է եղել նա, «բարի մարդիկ» խորհուրդ են տվել ասել, որ եղել է ՀՖՖ-ում:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք դատական գործընթացից և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

Իրավիճակը շատ հետաքրքիր է։ Մի կողմից՝ դատաքննության պրոցեսը չի կարող շտկել նախաքննության բացերը, և, ստացվում է, որ հետևանքը, կարծես, պարզ է։ Բայց մենք ի ցույց դրեցինք մեր այն կանխատեսումները, որոնք ներկայացրել էինք նախաքննության ընթացքում: Դրանք հաստատվեցին, հիմնավորվեցին, և հիմա փաստ է, որ նախաքննությունը թերի է կատարվել, և դատաքննության ընթացքում մենք թեև որոշ վկաների միջոցով կարողանում ենք ստանալ նոր տեղեկություններ, սակայն դրանք բավական չեն գործի ընթացքում լուրջ բեկում մտցնելու համար:

Այսօրվա օրենսդրական դաշտի կարգավորումների պարագայում նախաքննության ընթացքում տուժողի իրավունքների պաշտպանության առումով մենք չունենք բավարար լծակներ և մեխանիզմներ պետության պոզիտիվ պարտականությունների կատարմանը մասնակցելու համար, և, կարծես, հետևանքի դեմ պայքարողի դերում ենք հանդես գալիս անընդհատ: Սա բերում է ամբողջ պրոցեսի անարդյունավետությանը:

Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ մի իրավիճակում, երբ ծեծի արդյունքում սպանված Վահե Ավետյանի գործով ամբաստանյալներին առաջադրվել է մեղադրանք ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, այլ ոչ թե սպանություն կատարելու։ Բավական լուրջ է ապացույցների խնդիրը, մենք ունենք իրավիճակ, որ նախաքննության մարմինը չի կարողացել բացահայտել և ներկայացնել, թե կոնկրետ ում կողմից հասցված վնասվածքներն են մահ պատճառել Վահե Ավետյանին։ Սա նույնպես անորոշություն է ստեղծում՝ իր բացասական հետևանքներով:

Բնական է, դատարանի վճռով գործընթացը չի ավարտվելու։ Մենք հետամուտ ենք լինելու թե՛ նախաքննական մարմնի, թե՛ վերահսկող դատախազների գործողություններին գնահատական տալու հարցում, թե՛ այս ամբողջ փաթեթը Եվրոպական դատարանի դատին հանձնելու հարցում: Ցավոք, պատասխանը մենք կստանանք մի քանի տարուց, բայց, այս պահի դրությամբ, այլ ճանապարհներ չունենք:

Այսինքն՝ Հայաստանի դատական համակարգի շրջանակներում չե՞ք տեսնում այս հարցի արդարացի լուծում:

Չեմ ուզում էդպիսի հոռետեսական նոտայով ավարտել, բայց փաստ է, որ պետությունն իր պարտականություններն իրականացնելիս թերացել է, և լիարժեքորեն չի բացահայտվել այս հանցագործությունը, ինչը հնարավոր չէ բացահայտել նաև դատաքննության ընթացքում, և սա փաստ է:

Չգիտեմ, թե ինչ կլինի հետո, բայց որ այս առիթով մենք գանգատ ենք ուղարկելու Եվրոպական դատարան, դա փաստ է:

Ես չեմ ուզում ասել, որ անհույս է, բայց 6 ամբաստանյալներից և ոչ մեկին չի առաջադրվել մեղադրանք սպանության համար։ Ե՛վ նախաքննական մարմինը, և՛ դատախազությունը տարբեր պատճառներ են բերում, որ ուղղակի դիտավորություն չի եղել, դա հնարավոր չի եղել ապացուցել։ Ի՞նչ է նշանակում դա, որ բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն չի իրականացվել: 

Ավելին, ես կարող եմ ասել, երբ նախաքննություն իրականացնելիս դուք արդեն իսկ սահմանափակվում եք ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և անզգուշորեն մահ պատճառելու մեղադրանքով, նշանակում է, որ նախաքննության մարմինը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում, օրինակ, սպանություն վարկածի համար ապացույցներ գտնելու ուղղությամբ։ Եվ եթե քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ, մենք ո՛չ կարող ենք հերքել, ո՛չ էլ հաստատել այդ հանգամանքը:

Եթե նախաքննության մարմինը առաջադրեր 104 հոդվածը(սպանությունը), կատարեր բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են, և բավարար ապացույցներ չգտնելովարարքը վերաորակեր, որոշակիորեն հասկանալի կլիներ: Բայց եթե նախաքննության մարմինն ի սկզբանե, առանց հետաքննության ասում է՝ «ոչ, ես այսպես չեմ որակում, ես չեմ էլ անդրադառնալու այդ վարկածին», և հետաքննություն է իրականացնում, ապա այստեղ կամքի բացակայություն կա, որը որևէ կերպ չի շտկվել, չի վերացվել:

Թերևս, կարող եմ ասել, որ ամբաստանյալների դատավարական վարքագիծը՝ ներառյալ ցուցմունքներ տալու իրավունքներից օգտվելը, հարցերին պատասխանելուց հրաժարվելը, նրանց որդեգրած պահելաձևը, վերաբերմունքը տուժող կողմի, լրագրողների նկատմամբ ևս էական դեր են կատարում այս հանցագործությանը նրանց առնչության վերաբերյալ եզրակացություններ կատարելու հարցում:

Նրանց ագրեսիվ պահվածքը բոլորի նկատմամբ շարունակում է արժանանալ դատարանի կարգապահական սանկցիաներին, ինչը խոչընդոտում է դատավարության նորմալ ընթացքին։ Եվ, կարծում եմ, նրանց պահելաձևից միանշանակ է հանցագործությանը նրանց առնչությունը, այստեղ կասկածներ չկան։ Այլ հարց է, թե նրանք ինչ ինֆորմացիայի են տիրապետում, որը չեն հայտնում։ Բայց փաստ է, որ նրանք չեն հայտնում ողջ իրականությունը:

Վերջին դատական նիստերից մեկին դուք չէիք ներակայցել, և դատարանը ձեզ զգուշացում տվեց: Ինչո՞ւ չէիք ներկայացել և համարժե՞ք եք համարում դատարանի սանկցիան:

Մենք չէինք ներկայացել և պատճառը, կարծում եմ, հայտնի է բոլորին։ Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբաններ, այդ թվում՝ մենք, կազմակերպել էինք գործադուլ ընդդեմ Վճռաբեկ դատարանի կամայականությունների և հայտարարել էինք, որ հունիսի 10-11-ին դատական նիստերին չենք ներկայանալու:

Հավատարիմ լինելով այդ որոշմանը՝ մենք չենք մասնակցել որևէ դատական նիստի: Իսկ դատարանի որոշման մասով չէի ցանկանա կարծիք հայտնել:

Հարցազրույցը՝ Մարիամ Սարգսյանի

Աղբյուրը՝ www.hra.am