Հարցազրույց

Ոստիկանը խոշտանգում է, որովհետև հանցագործության բացահայտման այլ մեթոդ չգիտի

30.07.2013

Հարցազրույց ՄԱԿ–ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ Արման Դանիելյանի հետ:

Հայաստանն աշխարհի 25 պետություններից մեկն է, որ  արդեն երեք տարուց ավելի ՄԱԿ–ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ է։ Եվ Դուք 2010 թվականից մինչև 2014թ. ընտրվել եք որպես ենթակոմիտեի փորձագետ և ներկայացնում եք Հայաստանը։ Ի՞նչ է դա տալիս Հայաստանին։

Միանալով խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը՝ Հայաստանը համալրեց այն երկրների ցանկը, որոնք հայտարարում են, որ պատրաստ են նոր մեթոդներ կիրառել խոշտանգումների դեմ պայքարում: Նաև ուզում եմ նշել, որ ես ենթակոմիտեում չեմ ներկայացնում Հայաստանը և որևէ կերպ կաշկանդված չեմ պետության առջև պարտավորություններով, այլ պարզապես Հայաստանի  կողմից ներկայացվել եմ որպես փորձագետ և ընտրվել եմ մասնակից պետությունների կողմից։

Իսկ ինչո՞վ է աշխարհի տարբեր երկրներից քաղված փորձը օգտակար լինում Ձեզ, որպես Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ի նախագահ, Հայաստանում պայքարել խոշտանգումների դեմ։

Իհարկե, շատ հետաքրքիր է ուսումնասիրել տարբեր երկրների փորձը և դրա հիման վրա համեմատություններ անել, քանի որ «խոշտանգումը» մշակութային երևույթ է: Դրսևորումները շատ դեպքերում նման են, բայց պատճառները կամ նպատակները կարող են տարբեր լինել:

Իսկ Հայաստանում խոշտանգումների ինչպիսի մշակույթ է։

Հայաստանը, միանշանակ, խորհրդային մշակույթի կրող է  և նման իրավիճակ կարելի է տեսնել հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում։ Ես այցելել եմ Ղրղզստան և Ուկրաինա և այնտեղ նույն մշակույթն է. ոստիկանությունում խոշտանգում են ցուցմունքներ ստանալու նպատակով։ Հետագայում դատական համակարգում խոշտանգումների միջոցով ստացված ցուցմունքները հաշվի են առնում և մարդկանց իրենց խոստովանությունների հիման վրա դատապարտում։ Անպատժելիության մթնոլորտ է ոստիկանության համակարգում, գործերի բացահայտման տոկոսի հետևից մրցավազք և այլն:

Այսինքն՝ խոշտանգումները կիրառվում են որովհետև այդպես ընդունված է եղել խորհրդային տարիների՞ց, թե՞ որովհետև չեն կարողանում այլ կերպ աշխատել, հանցագործություն բացահայտել։ Ի վերջո, ո՞րն է խոշտանգումների պատճառը, ըստ Ձեզ։

Խոշտանգումների առկայությունը թույլ չի տալիս, որպեսզի ոստիկանական համակարգում զարգանա մասնագիտական պատրաստվածությունը, որովհետև իմաստ չունի մասնագիտորեն լավ ոստիկան լինել, եթե խոշտանգողը ավելի արագ և ավելի շատ քանակով գործեր է «բացահայտում»: Ինչո՞ւ չակերտներով, որովհետև այդ բացահայտումների քանի տոկոսն է իրական, հայտնի չէ:

Այս պարագայում արհեստավարժ ոստիկանը, ով պետք է գործը քննի այնպես, ինչպես որ հարկն է՝ ապացույցներ հավաքի, վկաներ հայտնաբերի, հարցաքննի և այլն, ավելի քիչ գործեր կկարողանա բացահայտել, քան այն՝ ոստիկանապետի ասած՝ «մսագործ տկարամիտը», ով մարդկանց կբերի, կծեծի և կստիպի ինչ–որ գործեր, հանցագործություններ իրենց վրա վերցնել, որոնց մի մասը, գոնե, շատ հնարավոր է՝ այդ մարդիկ արած չլինեն:

Վերջերս Հայաստան այցելեց Եվրոպայի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն։ Ի՞նչ արձանագրեց կոմիտեն, եթե հայտնի են այցի արդյունքները:

Այցի արդյունքները դեռ պարզ չեն, քանի որ դեռ պատրաստվում է հաշվետվությունը: Այն պետք է ուղարկվի Հայաստանի կառավարությանը, որն  իր մեկնաբանություններն է ուղարկում ի պատասխան։ Կարծում եմ՝ մյուս տարի մենք կիմանանք այդ այցելության արդյունքները:

Այս տարի Հայաստան պետք է այցելի նաև ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն: Ի՞նչ այց է դա:

Դա, այսպես կոչված, ազգային կանխարգելման մեխանիզմի խորհրդատվական այց է։ Այսինքն՝ այցի նպատակը մի փոքր տարբերվում է այն նպատակներից, որոնք իր առջև դրել է Եվրոպական կոմիտեն: ՄԱԿ–ի ենթակոմիտեն աշխատում է չկրկնել Եվրոպական կոմիտեի աշխատանքը և ավելի շատ ուշադրություն է դարձնում ազգային կանխարգելման մեխանիզմներին, դրանց հզորացմանը և արդյունավետության բարձրացմանը:

Մարդու իրավունքների պաշտպանին կից գործում է Հայաստանի խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմը: Որպես փորձագետ, եթե գնահատեք, կայացել է այդ մեխանիզմը Հայաստանում և ի՞նչ ճանապարհ ունենք անցնելու:

Ամենակարևոր խնդիրը, որ ես տեսնում եմ այս պահին, այն է, որ պետությունը որևէ ֆինանսավորում այդ կառույցի համար չի հատկացնում, այնինչ պարտավոր է դա անել Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ:

Պետությունը չի կատարում իր պարտավորությունը։ Ես չեմ ուզում առաջ ընկնել իրավիճակից, բայց համոզված եմ, որ ենթակոմիտեի աչքից չի վրիպի այս խնդիրը, որ պետությունը, ստեղծելով ազգային կանխարգելման մեխանիզմ,  որևէ ֆինանսավորում դրան չի հատկացնում:

Ինչպե՞ս կարելի է իրավիճակը փոխել, որպեսզի Խորհրդային միությունից մնացած խոշտանգումների «մշակույթը» վերանա: Ի՞նչ պիտի փոխվի Հայաստանում, որ առաջընթաց ունենանք:

Տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներ են կիրառվել «խոշտանգում» երևույթի դեմ պայքարի համար: Արևելյան Եվրոպայում ավելի ընդունված է, այսպես կոչված, վիրահատական մեթոդը։ Այսինքն՝ բոլոր ոստիկաններին աշխատանքից ազատում են և ընդունում են նոր ոստիկաններ (այդպես արվեց նաև Վրաստանում): Նոր ոստիկաններն աշխատում են նոր սկզբունքներով՝ չկրկնելով հներին, քանի որ հների գործելաոճին, ուղղակի, ծանոթ չեն:

Այսօրվա համակարգն ուղղակի փչացնում է բոլոր նոր ոստիկաններին, քանի որ հենց հայտնվում են համակարգում, իրենց հին և փորձառու կոլեգաները սկսում են սովորեցնել, թե ինչպես է պետք աշխատել։

Մեր համակարգը պատրա՞ստ է վիրահատական ճանապարհով գնալու: Այդ մեթոդն արդյունավետ կլինի՞։

Վիրահատական մեթոդը կիրառվել է և արդյունավետ է եղել այլ երկրներում, բայց ես չգիտեմ, թե որքանով են մեր իշխանությունները պատրաստ այդպիսի լուրջ բարեփոխումների։

Հիմա, կարծես թե, փորձ է արվում էվոլյուցիոն ճանապարհով գնալու։ Չգիտեմ՝ դրա արդյունավետությունն ինչպիսին կլինի, բայց գոնե ոստիկանապետի հայտարարությունները խոսում են այն մասին, որ խոշտանգումների դեմ պետք է պայքարել, չպետք է թույլատրել խոշտանգումներ և այլն։

Արդյո՞ք կկարողանան ոստիկաններն, ովքեր այսօր աշխատում են համակարգում, առանց խոշտանգումների բացահայտել գործերը։ Ես կասկածում եմ: Գուցե ժամանակի ընթացքում ոստիկանությունում կսկսվի ինքնամաքրման գործընթաց, և այն ոստիկանը, ով չի կարողանում աշխատել, ուղղակի դուրս կմղվի համակարգից։ Կտեսնենք։ Ես շատ լավատես չեմ այս հարցում:

Իրականում, ամենակարևորն այն է, որ ոստիկանությունում պետք է ստեղծվի ճիշտ մթնոլորտ: Ոստիկանն իրեն պետք է զգա քաղաքացու պաշտպան, ոչ թե պատժիչ, ռեպրեսիվ կառույցի ներկայացուցիչ։

Ցավոք, մեր ոստիկանությունն այդպիսի զգացում դեռևս չունի։ Այսինքն՝ մարդը, ով ընկնում է ոստիկանություն, միանգամից իր վրա զգում է, որ ոստիկանության համակարգն ուղղված է իրեն պատժելու՝ անկախ նրանից, թե ինքն ինչի՞ համար է այնտեղ, մեղավոր է, թե՝ ոչ։ Ոստիկանության հիմնական ներուժն ուղղված է մարդկանց պատժելուն, և չեմ կարծում, որ դա ոստիկանի կերպարի վրա դրական է անդրադառնում:

Իսկ արևմտյան երկրներում ինչպիսի՞ն է փորձը։

Արևմտյան երկրներում կամ, ավելի ճիշտ, արևմտյան մշակույթ ունեցող երկրներում իրավիճակը բավականին տարբերվում է: Օրինակ՝ վերջերս այցելել էի Նոր Զելանդիա, որտեղ բրիտանական մոդելն է աշխատում։

Այնտեղ ոստիկանն, իրապես, հասկանում է իր գործառույթները և գործում է՝ ելնելով դրանցից։ Մյուս կողմից օրենսդրությունը ոստիկանին բավական լայն հնարավորություններ է տալիս իր լիազորությունների շրջանակում իր գործառույթները կատարելու համար: Իսկ մեր օրենսդրությունը, ելնելով ոստիկանի մեղավորության կանխավարկածից, շատ սեղմ շրջանակներ է նախատեսում նրա համար Միևնույն ժամանակ, եթե Հայաստանում այսօրվա  ոստիկանության պայմաններում նորզելանդական օրենսդրությունը ներդնենք, ուղղակի անարխիա կսկսվի ոստիկանությունում, որովհետև ոստիկանը իր դերը հասարակության մեջ չի հասկանում։

Կոնկրետ ո՞ր լիազորությունների մասին է խոսքը։

Օրինակ, մեր օրենսդրությամբ ժամկետ է սահմանված, որ 3 ժամվա ընթացքում պետք է ձերբակալես, ձերբակալելուց հետո 72 ժամվա ընթացքում պետք է տեղափոխես դատարան՝ կալանավորման որոշում ստանալու համար։ Նոր Զելանդիայում ժամեր սահմանված չեն, օրենքում ասվում է, որ երբ ձերբակալում ես, արագ պիտի տեղափոխես դատարան։

Ամեն ինչ թողնված է ոստիկանի տրամաբանության վրա և ոստիկանն իր գործառույթը լավ գիտի՝ այն է պաշտպանել մարդուն, հանցագործին հայտնաբերել և շատ արագ տեղափոխել դատարան:

Ու երբ որ մենք ասում էինք, որ օրենքում հստակ չի գրված, թե «արագ»–ը որքան է, առավելագույնը քանի ժամ է, ոստիկաններն ասում էին՝ «շատ հստակ է, օրենքն ասում է արագ, ուրեմն պետք է տեղափոխես հնարավորինս շուտ. եթե առավոտյան ձերբակալեմ, ցերեկը կտանեմ դատարան, երեկոյան ձերբակալեմ, մյուս օրը առավոտյան կտանեմ»: Իր համար դա այնքան բնական է, որ պետք չէ ժամ սահմանել։ Իսկ մեր ոստիկանին որ ասես՝ արագ ու ժամ չսահմանես, ինքը երկու ամիս կպահի ՁՊՎ–ում:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ խոշտանգումների փաստերով քրեական գործեր գրեթե չեն հարուցվում։ Ինչպես ՔՀԻ–ն է բազմիցս նշել է, պատճառն այն է, որ մի կողմից մարդիկ վախենում են բողոքել, մյուս կողմից՝ օրենքում «խոշտանգում» եզրույթն է ոչ հստակ ձևակերպված։ Ուրիշ ի՞նչ պատճառներ կան։

Օրենքի բացը, իհարկե, շատ կարևոր է, քանի որ երբ օրենքում խոշտանգում երևույթը ճիշտ չի ձևակերպված, համապատասխանաբար, այն երաշխիքները, որոնք պիտի լինեն խոշտանգման համար, մեզ մոտ չկան: Բայց խնդիրը միայն դրանում չէ։ Ես համոզված եմ, որ եթե անգամ մեր օրենքում ձևակերպումը փոխվի, իրավիճակը չի փոխվելու, որովհետև կա մեկ այլ խնդիր՝ անպատժելիության մթնոլորտը։

Մարդը գիտի, որ բողոքի էլ, միևնույնն է, որևէ արդյունքի չի հասնի, այլ հակառակը, հավանական է, որ սկսվեն ուժեղ ճնշումներ իր և իր շրջապատի հանդեպ, որ բողոքը հետ վերցնի։ Եթե հետ չի վերցնում, դիմանում է ճնշումներին, սկսվում են բանակցություններ՝ թե բողոքդ հետ վերցրու, քեզ ավելի քիչ կդատենք կամ սպառնում են՝ եթե չվերցնես, մենք քեզ բուն գործով շատ կդատենք։

Այդպիսի դեպք ունեցանք Ռոբերտ Հովսեփյանի գործով, երբ որ մարդը բողոքեց խոշտանգումների փաստով, մինչև վերջ պնդեց իր բողոքը և ոստիկաններին հասցրեց դատարան, բայց նրան բուն գործով դատապարտեցին 7 տարվա ազատազրկման, ինչը չափազանց խիստ պատիժ էր մեղադրանքի համեմատ, չհաշված, որ խնդիր կար ապացույցների հավաստիության հետ։ Հաշվի չառնվեց, որ Հովսեփյանը նպաստել է այլ հանցագործության բացահայտմանը, և դա որպես մեղմացուցիչ հանգամանք չդիտարկվեց։ Դատախազը պահանջեց 7 տարի (առավելագույն պատիժը 8 տարի կարող էր լինել այս դեպքում), դատարանը նշանակեց այդ պատիժը: Սա դժվար է հաշվեհարդար չկոչել:

ՔՀԻ–ն իր առաջնահերթություններից է համարում խոշտանգումների դեմ պայքարը։ Ինչպե՞ս է կազմակերպությունը շարունակելու իր աշխատանքն այս ուղղությամբ:

Մեր գործունեությունում խոշտանգումների դեմ պայքարի մի քանի ուղղություն կա ։

Նախ՝ իհարկե, օրենսդրական դաշտը պետք է փոխվի, խոշտանգում եզրույթը պետք է համապատասխանեցվի այն եզրույթին, ինչ որ աշխարհում են հասկանում։

Մենք պլանավորում ենք որոշակի վերլուծություններ սկսել՝ հասկանալու համար խոշտանգման պատճառները, թեժ կետերը։

Փորձում ենք աշխատել առանձին դեպքերով, փորձում ենք գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են խոսել այդ մասին, կանգնում ենք նրանց կողքին և փորձում ենք այդ գործը հասցնել տրամաբանական ավարտին:

Իսկ ինչ–որ առաջընթաց նկատո՞ւմ եք Հայաստանում խոշտանգումների դեմ պայքարում։

Վերջերս, կարծես թե, որոշակի տեղաշարժ է նկատվում խոշտանգումների հարցում։ Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայության նոր պետի նշանակումից հետո որոշակի ակտիվություն նկատվում է. որոշ գործեր են ընթացք ստացել, այնինչ՝ նախկինում այդ կառույցը տապալում էր ցանկացած գործ։

Եվ հուսով եմ, որ ոստիկանապետի դիրքորոշումը ծեծող ոստիկանների նկատմամբ, որը ներկայացվեց հանրությանը, ներքին հրահանգների առումով նույնպես նույն բնույթն է կրում։ Այս առումով, տեսնենք, հույս ունենք, որ կսկսվի պայքար խոշտանգումների դեմ, որովհետև եթե ոստիկանը չի հասկանում, որ չի կարելի խոշտանգել, ուրեմն նրան հարկավոր է պատժել։ Բայց հուսով եմ, որ ռեպրեսիվ մեթոդները կփոխվեն այլ մեթոդներով, որոնք խոշտանգումների կայուն բացառում կապահովեն։ Այսինքն՝ նշանակում է, որ սկսած ոստիկանության ակադեմիայից, որակյալ կրթություն պետք է ստանան ապագա ոստիկանները, որպեսզի կարողանան բացահայտել հանցագործությունները։ Այսինքն՝ նորմալ մասնագետներ պետք է լինեն, որ կարողանան առանց խոշտանգումների գործեր բացահայտել, այլապես ռեպրեսիվ մեթոդներով երկար պայքարել չի ստացվի:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am