Հարցազրույց

Ոստիկանության բաժին են տարել՝ առանց հիմքեր կամ պատճառներ նշելու

13.08.2013

Հարցազրույց «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Վահագն Մինասյանի հետ:

Օգոստոսի 8-ին համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ ոստիկանությունն առևանգել է Քաղաքապետարանի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներից 4-ին՝ Վահե Գևորգյանին, Վահագն Մինասյանին, Գոռ Առաքելյանին, Սևակ Մամյանին՝ չներկայացնելով որևէ իրավական հիմնավորում: Ի՞նչ ակցիա էր դա և ինչպե՞ս հայտնվեցիք ոստիկանության բաժնում:

Ակցիան վերաբերում էր վճարովի կայանտեղերի խնդրին: Մանրամասն չգիտեմ, որովհետև ես չեմ նախաձեռնողը: Ուղղակի «Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները կարմիր գծանշումներ էին անում, և քաղաքապետարանի այն աշխատակիցները, ովքեր մեքնենաները այդտեղ էին կայանել, պարտավորվածություն պետք է ունենային վճարելու կանգառի համար:

Իրենց նպատակը ցույց տալն էր, որ եթե ինչ-որ մասնավոր ընկերություն կարող է հանրային տարածքը վերցնել և ի շահ իրեն ծառայեցնել, ապա ցանկացած քաղաացի կարող է նույն կերպ վարվել:

Ակցիայից հետո մասնակիցները մեքենայի մեջ նստեցին: Մոտ 15-20 րոպե հետո նրանցից մեկը՝ Վահե Գևորգյանը, մեքենայից հենց իջավ, նրան բռնեցին 4-5 ոստիկան, մտցրեցին ոստիկանական մեքենան:

Կոնկրետ ինձ համար անտրամաբանական էր այդ քայլը: Եթե ոստիկանությունը պարզաբանում, հիմնավորում է, որ վարչական իրավախախտում է տեղի ունեցել, ապա ինչո՞ւ հենց նույն պահին չմիջամտեցին, այլ սպասեցին 15-20 րոպե, նոր առևանգեցին՝ բառիս ամենաբուն իմաստով, առանց որևէ բան ասելու, 4-5 հոգով մոտեցան, վերցրեցին ու նստեցրեցին մեքենայի մեջ:

Տեսնելով դա՝ ես վազելով գնացի, փակեցի ոստիկանական մեքենայի դիմացը, սակայն ինձ հեշտությամբ մի կողմ տարան և գնացին:

Հետո ես ճանապարհը փակեցի՝ պահանջելով, որ մեր ընկերոջը ետ վերադարձնեն, քանի որ ոչ մի իրավական հիմք չէին ներկայացրել նրան ոստիկանական բաժին տանելու համար: Մոտ 10-15 րոպե փողոցը փակ մնաց: Բնականաբար, քաշքշուկ եղավ ոստիկանության աշխատակիցների հետ: Այստեղ եկավ փոխգնդապետ Գևորգյանը, ասաց, որ տեղյակ չէ, թե բանն ինչում է՝ խոստանալով, որ կզանգահարի և կպարզի, թե որն է խնդիրը:

Նա զանգահարեց ինչ-որ տեղ, և ինձ ասաց, որ ինձ հրավիրում է ոստիկանական բաժանմունք՝ պարզաբանումներ տալու: Այդ պահին Առաքելյան Գոռը նույննպես կողքիս էր, շրջվեց և նրան էլ հրավիրեց բաժին: Չմերժեցինք և գնացինք՝ նախ պարզելու համար, ինչո՞ւ են մեր ընկերոջ հետ այդպես վարվել, և հասկանալու համար, թե ի՞նչ հիմքով են մեզ հրավիում բաժին:

Նշեմ նաև, որ Մամյան Սևակին նույնպես առևանգել էին ոստիկանները. կանգնած դիրքից բռնել էին, որ տանեին, ընդ որում, գցել էին, ձեռքը վնասվել էր:

Ոստիկանության բաժանմունքում ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս հիմնավորեցին բերման ենթարկելը, ինչպե՞ս էր ոստիկանների վերաբերմունքը ձեր հանդեպ:

Մեզ բաժին տանելու հիմքերը չեն ներկայացրել: Մեկ ժամից ավել մեզ չեն ներկայացրել մեր ազատությունը սահմանափակելու որևէ հիմք, մեր իրավունքների մասին որևէ իրազեկում: Ոստիկանական բաժանմունքում մեկ ժամ տասը րոպե անցկացնելուց հետո միայն բարեհաճեցին մեզ ներկայացնել ինչ-որ թուղթ, որի վրա գրված էին, իբր, այն գործողությունները, որոնց, ըստ իրենց, մենք մասնակցել ենք, ինչի համար հրավիրվել ենք ոստիկանական բաժանմունք:

Մասնավորապես, նշված էր, թե, իբր, մենք կարմիր ներկանյութով նշումներ ենք արել և փակել ենք ճանապարհը, այնինչ մենք, առհասարակ, չենք մասնակցել գծանշումներ անելու գործընթացին, իսկ փողոց փակելը եղել է միայն այն բանից հետո, երբ ոստիկանները մեր ընկերոջը առևանգեցին:

Բնականաբար, մենք ոչ մի փաստաթուղթ չկարդացինք և չստորագրեցինք: Մոտ 2 ժամ անց մեզ ասացին, որ պետք է տանեն խմածությունը ստուգելու: Ես և Առաքելյան Գոռը հրաժարվեցինք, քանի որ մեզ հրավիրել էին բաժին, իսկ Մամյան Սևակը և Վահե Գևորգյանը ստուգվեցին, որովհետև նրանց բերման էին ենթարկել:

Մենք հայտարարեցինք, որ 3 ժամը լրանալուն պես դուրս ենք գալու և գնանք, եթե որևէ մեղադրանք չներկայացնեն: Մենք ստորագրեցինք թուղթ, որտեղ մենք հրաժարվում էինք ստուգում անցնել, և մեզ բաց թողեցին:

Ասում են, որ մեզ վարչական տույժի են ենթարկել, բայց մենք ոչինչ չենք ստորագրել և կարդացել, հետևաբար չեմ կարող ասել, թե ինչ էին որոշել ոստիկանությունում:

Ազատամարտիկները երթով պետք է միանային ձեզ: Ինչի՞ հետ էր դա կապված:

Ուղղակի նրանք երթով եկան՝ ասելու, որ ողջունում են մեր նախաձռնությունը և նրանք երիտասարդների կողքին են: Մինչև այդ, կանգառներում տեղի ունեցող ակցիաների ժամանակ, երբ Միսակ Համբարձումյանը և մի քանի այլ գծատերեր փորձում էին ճնշել երեխաներին, մենք զանգահարեցինք և օգնություն խնդրեցինք ազատամարտիկներից, որպեսզի խուսափենք հետագա պրովոկացիաներից և ապահովենք մեր անվտանգությունը: Նրանք եկան, կանգառը մարդաշատ դարձավ, սակայն անգամ ազատամարտիկների ներկայությունը չսթափեցրեց Միսակ Համբարձումյանին և նրա շրջապատին. ընդհուպ բանը հասավ ձեռնամարտի, և սկսեցին խփել ազատամարտիկներին: Մի խոսքով, շատ տհաճ միջադեպ եղավ այդտեղ:

Ազատամարտիկների հետ մեր կապը այս ակցիայի շրջանակներում, կարելի է ասել, սկսվել է այդ միջադեպից հետո: Իսկ հիմա նրանք ուղղակի այդ երթերի միջոցով ուզում են ասել, որ թև ու թիկունք են երիտասարդներին, և հենց երիտասարդությունն է շարժիչ ուժը՝ ունակ ինչ-որ բան փոխելու մեր երկրում:

Մի քանի օր առաջ հումորային ակցիա էր կազմակերպվել քաղաքապետարանի մոտ, ինչը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարակարծությունների տեղիք տվեց: քննարկումների Մի մասը գտնում էր, որ նմանատիպ ակցիաներով շարժումը թուլանում է և կորցնում իր լրջությունը, իսկ մյուս մասը պնդում էր, որ այդպես ճիշտ է և ակցիան տեղին էր: Դուք ի՞նչ եք կարծում այս հարցի վերաբերյալ:

Բնական եմ համարում տարաձայնությունը, սակայն ես կարծում եմ՝ շարժումը բացարձակ չի տուժում դրանից: Հումորը՝ հումոր, բայց հումորի տակ եղած միտքը, վստահ եմ, շատ մարդկանց է հասել և հենց հումորի առավելությունն այն է, որ ոչ մեկը ոչինչ չէր կարող անել:

Քրեաօլիգարխիկ համակարգը հումորային ակցիաների ժամանակ կորցնումն է ինքնատիրապետումը և չի հասկանում՝ ինչ է կատարվում: Ոստիկանների վերաբերմունքը միանշանակ չէր. որոշները չէին կարողանում զսպել ժպիտը, քանի որ, երևի, հասկանում էին՝ ինչ է կատարվում: Ոմանք էլ լուրջ դեմքով կանգնած էին, երևի իրենք իրենց էին տեսնում այդ ամենում և տխրում դրանից:

Ամեն դեպքում, կարծում եմ, ընկալվեց ոստիկանության կողմից, քանի որ ոստիկանների ինտելեկտուալ մակարդակը բավականին բարձրացել է վերջին շրջանում, ըստ իս:

Ի վերջո, սա նաև միտում ունի բազմամշակությաին միջավայր ձևավորելու, և ես շատ դրական եմ վերաբերվում նմանատիպ երևույթներին: Եվ կարծում եմ, որ առաջադիմական այդ մտքերն են, որ, ըստ էության, կկարողնան ինչ-որ բան փոխել համակարգում:

Ձեր ընկերներից Սուրենը նստացույցի արդյունքում արևահարվել էր և առողջական խնդիրներ ուներ: Ինչպե՞ս է նա հիմա, և ինչպե՞ս է Ձեր և Գոռի առողջական վիճակը:

Սուրենն առողջական խնդիրներ ունի, անընդհատ ջերմում է, նրան սիստեմաներ են նշանակել, 4-5 օր դեռ պետք է բուժվի: Հիմա բուժումն անցնում է տնային պայմաններում: Մենք թույլ չենք տալիս, որ դուրս գա տանից, մինչև չապաքինվի: Չնայած, երբ մեզ հրավիրել էին ոստիկանական բաժանմունք, եկել էր այստեղ:

Իսկ իմ և Գոռ Առաքելյանի առողջական վիճակը շատ լավ է, ես կասեի՝ գերազանց: Պայքարն է ծնում էներգիա:

Շատերին հետաքրքրում է, արդյո՞ք Դուք աշխատում եք և նստացույցի արդյունքում չի՞ տուժում այն:

Այո՛, աշխատում եմ, բայց չի տուժում, քանի որ իմ աշխատանքը հիմնական աշխատանք չէ, այլ՝ պայմանագրային հիմունքով: Զբաղվում եմ ջրի քիմիական և բիոլոգիական անալիզով: Ասեմ նաև, որ 4-5 տարի աշխատել եմ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնում՝ որպես առաջատար ինժեներ: Անցած դեկտեմբերից ազատվել եմ աշխատանքից՝ իմ դիմումի համաձայն: Դա կապված էր Խոսրովի արգելոցի դեպքերի հետ, երբ բնապահպանության նախարարի մեքենայի առջև փակեցինք՝ պահանջելով, որ հանրային լսումներին մասնակից լինեն նաև հասարակությունից ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են բնապահպանական հարցերով: Այդ դեպքից հետո ես նպատակահարմար գտա ազատվել աշխատանքից, քանի որ անհամատեղելի էի համարում իմ մտքերը, գործունեությունը և համակարգի ներսում աշխատանքս:

Հարցազրույցը՝ Մարիամ Սարգսյանի

Աղբյուրը՝ www.hra.am