Հարցազրույց

Համաներումը գերբնակեցման խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ

10.10.2013

Photo by hra.am

Հարցազրույց Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ Արման Դանիելյանի հետ:

Հոկտեմբերի 3-ին ԱԺ–ն հաստատեց անկախության 22–ամյակի առթիվ համաներում հայտարարելու մասին նախագահի ներկայացրած առաջարկը։ Վերջին հինգ տարվա ընթացքում սա երրորդ համաներումն է։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այսքան հաճախ համաներում հայտարարվում։

Տարբեր պատճառներ կան համաներում հայտարարելու համար։ Նախորդներն ավելի շատ ուղղված էին քաղբանտարկյալներին ազատելուն, իսկ վերջին համաներումը, իմ կարծիքով, ավելի շատ նպատակ ունի քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու։

Իսկ որքանո՞վ է սա արդյունավետ միջոց գերբնակեցման խնդիրը լուծելու համար։

Նախորդ համաներումների փորձը ցույց տվեց, որ սա շատ ժամանակավոր միջոց է, որովհետև մոտավորապես 6 ամիս հետո վերականգնվում է բեռնվածության նախկին վիճակը։ Այս առումով, իհարկե, համաներումը, որպես գերբնակեցման խնդրի լուծում, հեռու է լավագույնը լինելուց։

Այդ դեպքում ո՞րն է, ըստ Ձեզ, գերբնակեցման խնդրի լուծման արդյունավետ միջոցը։

Դրանք մի քանիսն են։ Նախևառաջ, դատարանի կողմից պետք է ավելի հաճախ կիրառվեն ազատազրկման հետ չկապված խափանման միջոցները, ինչպես նաև՝ այլընտրանքային պատժատեսակները, ինչը կարծում եմ, կարող է կտրուկ բարելավել վիճակը։

Իսկ այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ հայտնվել է քրեակատարողական հիմնարկում, պետք է գործի արդյունավետ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ, որը թույլ կտա անհատապես գնահատել յուրաքանչյուր դատապարտյալի ազատման հնարավորությունները։

Հայաստանում ո՞րն է պայմանական վաղաժամկետ ազատման հիմնական սկզբունքը։

Պայմանական վաղաժամկետ ազատման համար մեր օրենսդրությամբ որպես պայման դրված է դատապարտյալի ուղղված լինելը։ Իհարկե, այս եզրույթը բավականին հեղհեղուկ է և ոչ չափելի։ Միջազգային պրակտիկայում ընդունված է գնահատել դատապարտյալի ոչ թե «ուղղված լինելը», այլ՝ կրկնահանցագործության ռիսկը, ինչը համապատասխան մեթոդների կիրառման պարագայում չափելի է։

Այս պարագայում, քանի դեռ չունենք հստակ գնահատման մեթոդներ և չափանիշներ, պայմանական վաղաժամկետ ազատման որոշումները խիստ սուբյեկտիվ են՝ կախված որոշում ընդունողներից, և չեն ենթարկվում ընդհանուր տրամաբանությանը։

Այսօր վաղաժամկետ իրավունքից օգտվում են վաղաժամկետ ազատման իրավունք ունեցողների 3-5 տոկոսը, ինչը, կարող ենք ասել, խոսում է այն մասին, որ մենք չունենք պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ։

Հաշվի առնելով մեր պայմանները՝ հնարավո՞ր է միջազգային մոդելը Հայաստանում ներդնելը։

Շատ դժվար հարց եք տալիս։ Տեսականորեն՝ այո, սակայն այդպիսի համակարգ ունենալու համար պետք է ստեղծվի արդյունավետ գործող պրոբացիոն ծառայություն, պետք է իրականացվի արդյունավետ վերականգնողական աշխատանք թե՛ քրեակատարողական հիմնարկի ներսում, թե՛ այնտեղից դուրս գալուց հետո, պետք է ստեղծվեն համապատասխան գործիքներ և մեթոդոլոգիա, որոնք կիրառելի կլինեն Հայաստանի պայմաններում և գնահատման ճշգրիտ արդյունքներ կտան։ Այս ամենը մենք հիմա չունենք, և դրանք ստեղծելու համար երկար տարիների աշխատանք է պահանջվում։

Իսկ ի՞նչ կարող ենք անել հիմա, չէ՞ որ մարդիկ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, պետությունը չի կարողանում ապահովել վերականգնողական ծրագրեր, և նրանք չեն կարողանում օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից։

Այո՛, դուք ճիշտ եք։ Դատապարտյալն, իսկապես, մեղավոր չէ, որ պետությունը չի կարողացել կազմակերպել վերականգնողական աշխատանք և չի կարողացել ստեղծել նորմալ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ։
Այս պարագայում, կարծում եմ, կարելի է կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված մեկ այլ մոտեցում՝ այսպես կոչված, պարտադիր պայմանական վաղաժամկետ ազատումը։ Եթե այսօր պայմանական վաղաժամկետ ազատման համար պիտի լինեն հիմքեր, ապա պարտադիր ազատման համակարգի պարագայում դատապարտյալն ազատվում է, եթե չկան հիմքեր նրան չազատելու համար։ Այսինքն՝ պետությունը պիտի կարողանա ապացուցել, որ դատապարտյալին պետք չէ ազատել, որովհետև ազատվելուց հետո նա վտանգ կներկայացնի հասարակության համար։

Իհարկե, այս պարագայում կրկին շատ կարևոր է ունենալ կառույցներ, որոնք կաշխատեն այդ դատապարտյալների հետ ազատվելուց հետո, օրինակ՝ պրոբացիոն ծառայությունը։ Բայց նույնիսկ այս պայմաններում ավելի լավ է կիրառել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, քան երկու տարին մեկ համաներում հայտարարել, որի պարագայում ազատման հարցը որևէ կերպ չի անհատականացվում։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am